Լրահոս
Օրվա լրահոսը

«Բջնիի» մասին հարկայինի ակտն անօրինական է»

Հունվար 25,2008 00:00

Գտնում է ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ գործարանում վերջերս ստուգումներ իրականացրած հարկային մարմիններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ընկերությունը պատրաստվում է նաեւ դիմել վարչական դատարան:

«Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ, այս տարվա հունվարի 21-ին Հարկային պետական ծառայությունն իրենց է տրամադրել հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցների կողմից 2008թ. հունվարի 16-ին կազմած թիվ 1031148 ակտը: Ըստ այդ ակտի, ընկերությունը հիմնականում պարտավորություններ ունի բնօգտագործման վճարի մասով: Հարկային ծառայողները գտել են, որ հանքաղբյուրից դուրս եկած հանքային ջրի համար «Բջնին» պետք է վճարեր բնօգտագործման վճարներ, այն դեպքում, երբ, ըստ օրենքի, ընկերությունը պետք է վճարի միայն իր կողմից օգտագործվող հանքային ջրի համար: Օգտագործվող ջրի չափման համար տեղադրված է բնապահպանության նախարարության կողմից կապարակնքված ջրաչափիչ: Ջրաչափիչի տեղադրման համար կառավարությունը կարգ է սահմանել, համաձայն որի՝ ջրաչափը տեղադրվում է գազանջատիչից հետո, որպեսզի չափվի միայն արտահանված ջրի իրական ծավալը: Ջրաչափով արտացոլված տվյալներով, ընկերությունը պատշաճ կատարել է իր վճարումները: Սակայն հարկայինի աշխատակիցների մոտեցումն այլ է:

Փաստաբանը գտնում է, որ ակտը կազմվել է ՀՀ Սահմանադրության եւ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կոպիտ խախտումներով: Մասնավորապես, խախտվել է կամայականության արգելքի սկզբունքը:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք։ Մինչդեռ ստուգողները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ այն «խախտումները», որոնք իբր հայտնաբերվել են այս ստուգման ժամանակ, իրականում եղել են նաեւ մինչեւ 2006թ. հոկտեմբերի 27-ը, երբ Հարկային պետական ծառայությունը բնօգտագործման մասով ստուգում է կատարել եւ այդ մասով որեւէ խախտում չի հայտնաբերել, կամ երբ 2007-ի հունվարին բնապահպանության նախարարության կողմից կատարվել է ստուգում եւ խախտումներ չհայտնաբերելու հիմքով տրամադրվել է տեղեկանք:

Հարկային պետական ծառայողները ստուգման ակտում կիրառել են ՀՀ կառավարության թիվ 340 որոշումը: Սակայն կառավարության մեկ այլ որոշմամբ (թիվ 1652-Ն) ուժը կորցրած է ճանաչվել այդ 340 որոշումը։ Իսկ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն։ Այսինքն, հարկայինի ստուգողները կատարել են քրեական պատասխանատվության ենթակա արարք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել