Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ՓՈՂԵՐՆ ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԵՆ ԾԱԽՍԵԼ

Հունվար 25,2008 00:00

\"\"Քաղաքապետարանի ձեռնարկած ձմռան նախապատրաստական աշխատանքները չեն երեւում:

Դեռեւս 2007-ի ամռանից սկսած՝ Երեւանի քաղաքապետարանն անընդհատ ասուլիսներ էր հրավիրում ու հայտարարում, որ այս տարվա ձմռանը լրջորեն նախապատրաստվել են: Օրինակ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը վստահեցնում էր, որ կուտակել են 1500 խմ ավազ եւ 520 տոննա տեխնիկական աղ, 12 համայնքներում վերանորոգել են 86 հազար քմ տանիք, 22 հազար թեքատանիք, տեղադրել 18 հազար գծամետր ջրատար խողովակ, եւս 12 հազար գծամետր կոյուղագիծ են փոխել եւ այլն («Առավոտ», 13.11.2007թ.): Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանն անցյալ տարվա օգոստոսի 29-ին նույնպես ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ իրենք ձմռանը բնակիչներին զերծ են պահելու վթարված ջրատար կամ կոյուղու խողովակների խնդրից, եւ դրա համար բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացրել են, փոխել են շուրջ 354 շենքի խողովակները («Առավոտ», 29.08.2007թ.): Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նույնպես բազմիցս հավաստիացրել էր, որ «2007-2008-ի ձմռանը սառած ջրատար խողովակներով շենքեր չենք ունենալու»:

Սակայն այդ հայտարարություններից ընդամենը մի քանի ամիս անց, երբ վրա հասավ ձմեռը, պարզվեց, որ ունենք ոչ թե սառած, այլ պայթած ջրատար խողովակներով բազմաթիվ շենքեր, որոնց բնակիչները շաբաթներով խմելու ջուր չունեն: Խմելու ջրի, շաբաթներով չլողանալու պրոբլեմը դեռ չարյաց փոքրագույնն է, մայրաքաղաքի մի քանի տասնյակ շենքերում ցրտից վթարի են ենթարկվել նաեւ կոյուղու խողովակները, ու թե ինչ է այս օրերին կատարվում այդ շենքերում՝ պարզապես աննկարագրելի է:

Օրինակ, Դավիթաշեն համայնքի 1-ին թաղամասի 23 շենքում մինչեւ 5-րդ հարկը թաթախված է կոյուղաջրերի մեջ: Բնակիչները ստիպված իրենց զուգարանները ապամոնտաժում են, խողովակները ցեմենտով ամրացնում, որ կեղտը բնակարան չլցվի: Ոմանք իրենց բնական կարիքներն այս ձմռան ցրտին հոգում են շենքի բակում, ոմանք էլ պարզապես դուռը փակում են ու հեռանում տնից: Երբ բնակիչները դիմել են համատիրություն՝ խնդրելով օգնել, պատասխանել են, որ «տան վարձը չեք տվել՝ ոչ մի միջոց չենք ձեռնարկի»: Բնակիչ Նաիրա Այվազյանի պատմելով՝ «Մենք դեռ ամառվանից փորձում էինք միջոցներ ձեռնարկել, թաղապետարան էինք դիմում, որ խողովակները վերանորոգեն, որովհետեւ արդեն տասը տարի է՝ այս վիճակն է, ամեն ձմեռ կեղտաջրերի մեջ ենք անցկացնում»:

Աջափնյակ համայնքի 16 թաղամասում նույնպես բազմաթիվ շենքեր կան, որտեղ ջրի խողովակները վթարված են: Թիվ 44 շենքի բնակիչ Թամարա Մելքոնյանի խոսքերով՝ «10 օրից ավելի է՝ ջուր չունենք, ամեն օր ստիպված ենք ջուր կրել»: Այս առնչությամբ Աջափնյակի թաղապետարանի համատիրությունները համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ այդ թաղամասում նման վթարները շատ են: Թե ինչու բյուջեից հատկացված միջոցները չեն օգտագործում՝ խողովակները շուտ վերանորոգելու համար՝ նա վստահեցրեց, որ 44 շենքի խողովակներն արդեն նորոգել են. «Մեր թաղամասի շենքերի հատակագիծն այնպիսին է, որ ջրագծերը «սկվազնյակի» տակ են ու անմիջապես սառչում են: Մենք բացում ենք, բայց երկու օր հետո գծերը նորից սառչում են: Մեկ շենքի վրա երկու օր աշխատում ենք»:

Արաբկիր համայնքում, երեկվա տվյալներով, բազմաբնակարան շենքերում 25 վթարային դեպք էր գրանցվել: Թաղապետարանից վստահեցրին, որ ձմռանն ինչպես հարկն է պատրաստված են եղել, բոլոր շենքերի խողովակները ջերմակուսացրել են, սակայն վթարներից խուսափել հնարավոր չի եղել:

Շենգավիթում վթարի են ենթարկվել 69 շենքերի ջրի եւ կոյուղու խողովակները: Այս թաղապետարանից էլ հավաստեցին, որ «բոլոր նախապատրաստական աշխատանքներն արել ենք, շենքերի մուտքերում դռներ ենք տեղադրել, որ չսառչեն, խողովակներն էլ ջերմամեկուսացրել ենք, բայց նորից դրանք սառչում են, որովհետեւ որոշ բնակարաններում մարդ չի ապրում»:

Կենտրոն համայնքի Մաշտոցի 20, 27, Փարպեցու 11 եւ Ամիրյան 18 շենքերի խողովակները նույնպես քանի օր է՝ սառել են: Համայնքի կոմունալ բաժնի աշխատակից Վարդգես Վարդգեսյանը խոստովանեց, որ իրենց համայնքում էլ մոտ 25 շենք զրկված է խմելու ջրից: Իրենք հասցրել են նորոգել միայն 15 շենքի խողովակներ: Մեր հարցին՝ ինչո՞ւ նախապես չեք պատրաստվել, որպեսզի ձմռանը վթարային իրավիճակներ չլինեն, պարոն Վարդգեսյանը պատասխանեց. «Մենք 2-3 ամիս առաջ պատրաստվել էինք, թաղապետարանից գազի բալոններ, կլուչ, տրուբա, ստեկլովատա ենք ստացել: Դրանք նախօրոք պահեստավորել ենք, որ վթար լինի՝ օգտագործենք: Ինչ իմանայինք, որ սենց սառնամանիք կլիներ: Էս 20 տարվա մեջ նման բան չէր եղել: Այս տարի առաջին անգամ էր»:

Հիշեցնենք, որ անցյալ եւ նախանցյալ տարիներին նույնպես մայրաքաղաքում այս նույն վիճակն էր. բազմաբնակարանային շենքերում խողովակները, չդիմանալով խստաշունչ ձմռանը, մեկը մյուսի հետեւից ցրտից պայթում էին ու վնասվում: Այնպես որ, համայնքի պատասխանատուների այն արդարացումները, թե իբր նման սառնամանիք երբեւէ չի եղել՝ անտեղի են: Նախորդ տարվա ձմռանը ջրատար խողովակների վթարների առնչությամբ փոխքաղաքապետ Վ. Վարդանյանը հայտարարեց. «Ձմռան նախապատրաստական աշխատանքները եղել են անբավարար, ինչի համար մեղավոր են համատիրությունները» («Առավոտ», 20.03.2007):

Հաշվի առնելով այս տարվա վթարների քանակը, փաստորեն, այս ձմռանն էլ նրանք լավ չեն նախապատրաստվել: Այդ դեպքում ո՞ւր են գնացել բյուջեից տրամադրված հսկայական միջոցները՝ անհայտ է:

Ի դեպ, անցյալ տարի քաղաքապետարանի ձեռք բերած 1500 խմ ավազը եւ 520 տոննա տեխնիկական աղը նույնպես չեն երեւում. շատ փողոցներ դեռ սառցակալած են, իսկ քաղաքապետարանի պատասխանատուների մտքով չի անցնում գոնե մի տոննա աղը ծախսեն՝ այդ աշխատանքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել