Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿԴԱՌՆԱ՞ ԲՈՄԺ

Հունվար 25,2008 00:00

«Երջանիկ եմ, որ 1996-ին ես այս մարզում պարտվել եմ: 1996-ին պարտվել եմ Երեւանում եւ Կոտայքի մարզում: Մարզպետն էլ Հովհաննես Հովհաննիսյանն էր: Թող ասի, թե դրանից հետո՝ պարտությունից հետո, ես որեւէ դառը խոսք, մռայլ դեմք նրան ցույց տվե՞լ եմ, թե՞ ոչ»,- երեկ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա իր նախընտրական քարոզարշավը երեկ սկսել է Չարենցավանից՝ ավարտել Մեղրաձորում: Հրազդանում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը բավական բազմամարդ է եղել. տարբեր տվյալներով՝ ավելի քան 4-5 հազար մարդ:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ նրա որդին՝ Չարենցավանի քաղաքապետը մարդկանց զգուշացրել են չմասնակցել հանդիպումներին: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի ժամանակ այս կապակցությամբ նշել է, թե մարզպետն իր տեղն արդեն ապահովել է Սովետաշենի կալանավայրում, քանի որ նախագահի թեկնածուն անձեռնմխելի է եւ նրա դեմ ցանկացած սադրանք քրեորեն պատժելի է:

Քանի որ Սերժ Սարգսյանին սատարող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հենց Կոտայքի մարզից է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ է համարել Արզականում ասել. «Հարստության մեծ մասը օլիգարխների ձեռքին է, դա էլ են խլելու նրանցից: Գագիկ Ծառուկյանը թող հասկանա, որ 10 տարի հետո նա բոմժ է լինելու. բոլո՛րը թող հասկանան, Նեմեց Ռուբոն թող հասկանա, Լֆիկ Սամոն թող հասկանա, էլի ուրիշ անուններ կան, ես չեմ հիշում: Մի հոգի հասկացել է, արժանապատվորեն կանգնել է ժողովրդի կողքին, դա Խաչատուր Սուքիասյանն է»: Խոսելով արժանապատվության մասին` ՀՀ 1-ին նախագահը Չարենցավանում մի դրվագ է հիշել. «Ընդամենը 6 ամիս առաջ Սերժ Սարգսյանի կողմից բազմաթիվ մարդկանց միջոցով ինձ առաջարկվել է դառնալ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն: Դա ինձ համար շատ մեծ պատիվ կլիներ, բայց Սերժ Սարգսյանի նվիրած պատիվն ինձ համար թույն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել