Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նախագահ է ընտրում

Հունվար 25,2008 00:00

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը երեկ անդրադարձել է Հայաստանի նախագահական ընտրություններին: Ինչպես նշում է թերթը, նախագահի աթոռի համար հիմնական պայքարը ակնկալվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ մեծ է լրատվամիջոցների ուշադրությունը: Վարչապետը, օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվելով, չի գնացել արձակուրդ եւ ակտիվորեն երեւում է հեռուստաէկրաններին՝ մեկ որպես ՀՀ վարչապետ, մեկ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը անթաքույց աջակցություն է հայտնել Սերժ Սարգսյանին, որը խոստանում է, որ նախագահ ընտրվելու դեպքում հինգ տարի անց հայ ժողովուրդը կրկնակի լավ է ապրելու, քան այսօր: Ընտրությունների նկատմամբ մեծ է նաեւ միջազգային ուշադրությունը: ԵԱՀԿ դիտորդների քանակը կրկնակի մեծ է ԱՊՀ դիտորդներից: Մոսկվան նույնպես ուշի-ուշով հետեւում է ընտրություններին: Ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, իր անթաքույց սատարումը՝ ցուցադրելով Սերժ Սարգսյանին: «Սերժը դառնալու է նախագահ: Այստեղ խնդիր չկա»,- «Կոմերսանտին» հավաստել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմում կովկասյան քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյան: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Ինչպես ասել է հայաստանցի քաղաքագետ Ա. Իսկանդարյանը, եթե ընտրությունները լինեին այսօր, ապա Սերժ Սարգսյանը կհաղթեր, բայց առջեւում հեռուստատեսային քարոզարշավն է, եւ շատ բան դեռ կարող է փոխվել:

Իր հերթին BBC-ն, անդրադառնալով ընտրություններին, նշում է, որ առայժմ առաջնության դափնիները ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանինն են, որը իշխող կոալիցիայի մեջ գտնվող Հանրապետական կուսակցության առաջնորդն է:

BBC-ն, վկայակոչելով վերլուծաբաններին, պնդում է, որ Սերժ Սարգսյանին հնարավոր մրցակից կարող է լինել տասը տարվա ընդմիջումից հետո մեծ քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն կարողացել է մի քանի բազմամարդ հանրահավաք անցկացնել:

Սակայն, ըստ BBC-ի, նրա դեմ կարող է խաղալ քաղաքացիների նեգատիվ հիշողությունը 90-ականների ծանր էներգետիկ ճգնաժամի մասին: Եվս մի լուրջ թեկնածու կարող է համարվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը ներկայումս ընդդիմության մեջ է: Բաղդասարյանը եվրոպական կողմնորոշում ունեցող գործիչ է: Մնացած վեց թեկնածուների շանսերը BBC-ն բարձր չի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել