Ասում է կարկառուն կոմունիստ Նորիկ Պետրոսյանը եւ իր նման քաղաքացիներին ապստամբության կոչ է անում:
«ՀՀՇ-ական շարժումը որ աշխարհ եկավ, նրա դրոշին գրված էր՝ կործանել սոցիալիզմը: Հիմա, երբ ոչնչացված է այն կուսակցությունը, որը սոցիալիզմի գաղափարակիրն էր, ես ինչպե՞ս կարող եմ կողմնորոշվել այս կամ այն ոչնչացնողի կողմը,- վրդովված՝ տարատեսակ կոմկուսների այս կամ այն թեկնածուին պաշտպանող հայտարարություններից, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ոգով կոմունիստ Նորիկ Պետրոսյանը:- Ես հիասթափված եմ այն կոմունիստներից, ովքեր մտածում են՝ ում ձայն տան: Եթե ժողովուրդն այսօր մեր ետեւից չի գնում՝ մեր մեղքն է: Ռուբեն Թովմասյանն ասում է՝ մեր գաղափարախոսությունը ժամանակավոր պարտություն է կրել. գաղափարախոսությունը չէ, որ պարտվել է, դրա կրողներն են պարտվել: Երրորդ ուժն այսօր պետք է կոմունիստները լինեին. այնքան համոզիչ պիտի գաղափարախոսությունը տարվեր, որ ժողովուրդը հասկանար՝ Կոմկուսի առաջնորդը չէր գնում թալանելու, այլ զոհաբերում էր իրեն հանուն ժողովրդի: Պետք էր ընտրությունների առիթն օգտագործել, գոնե մի մարդով կուսակցությունը համալրել»: Ամեն դեպքում, նա համոզված է, որ կոմունիզմը մահացել է միայն «փտած ուղեղներում»:
Թեկնածուների ծրագրերում ընկեր Պետրոսյանը ժողովրդի շահը չի տեսնում, որովհետեւ որեւէ մեկը չի առաջարկում սեփականության ազգայնացման մասին օրենք, այն դեպքում, երբ բոլոր կապիտալիստական երկրներում է նման օրենք գործում: Մինչդեռ իշխանության մեջ եղողները, ըստ նրա, այնքան հարստություններ ունեն, որ անգամ չեն կարող իրենց ողջ ունեցվածքը հերթով թվարկել: «Այս վիճակը ստեղծել են ՀՀՇ-ականները, իսկ նրանց հիմքի վրա առաջացել են ՀՀԿ-ականները: Դրանք բոլորը տառապում են մեկ հիվանդությամբ՝ ինչպես հարստանալ: ՀՀԿ-ականներն այսօր իրենց հռչակել են նժդեհականներ ու մոլորված են իրենց հարստությունները պահելու հոգսերի մեջ: Ես Նժդեհի ջատագովներից չեմ, բայց նա եղել է սոցիալիստ, համայնական հարստության կողմնակից: Եթե Նժդեհն այսօր կենդանի լիներ՝ կստեղծեր իր սոցիալիստական կուսակցությունը՝ ընդդեմ ՀՀԿ-ի: Նրանց հարստություններով այսօր հնարավոր կլիներ Ղարաբաղում տասնյակ նոր բնակավայրեր կառուցել: Նրանք կառավարման մասին չեն խոսում, այլ՝ տնօրինման: Նախկին ընկերներն այսօր պատրաստ են իրար հոշոտելու: Նրանք միտինգներ ու ժողովներ են հրավիրում՝ իրար սպառնալու: Ժողովրդի այսօրվա խանդավառությունը փտած խանդավառություն է եւ կապված է իր կորցրածը ետ բերելու հետ, բայց ժողովուրդն այդտեղ ոչինչ չունի»: Ո՞ւմ ընտրել՝ ընկեր Պետրոսյանը չգիտի. «Մի խելացի մարդ ասաց՝ ինձ զրկել են ամուսին, հայր, փեսա, ընկեր, հարեւան լինելուց… Այս պայքարի մեջ ես ուզում եմ գոնե մի քիչ հավատալ, ոչ թե մեկի խաթրու մեկին ձայն տալ»: Շատ թե քիչ հավանում է Արթուր Բաղդասարյանի ելույթները, բայց՝ ընդամենը: Ամենախելացին համարում է Լ. Տեր-Պետրոսյանին, բայց գտնում է, որ Հայաստանի հաջորդ նախագահը նաեւ ազնիվ պետք է լինի: «Ես այն ընտրողն եմ, ով իր ընտրյալը չունի»,- ասում է նա ու մեջբերում մեծերից մեկին. «Երբ մարդկանց դնում են կենդանիներին վայել պայմանների մեջ, նրանց այլ բան չի մնում, քան ապստամբել կամ փոխակերպվել կենդանիների»: