Նախագահի թեկնածուների տարածքային շտաբները դեռ ամբողջ թափով չեն գործում, դրանք երեկ օրվա առաջին կեսին հիմնականում փակ էին կամ դատարկ:
Նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների պետերը առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե քանի շտաբ կամ ենթաշտաբ են բացել, թե ինչ ակտիվ են աշխատում եւ քարոզում իրենց թեկնածուին: Երեկ որոշեցի շրջել շտաբներում: Պատկերացրեք, Երեւանի Հալաբյան փողոցից մինչեւ Մամուլի տուն հասել եմ ոտքով, ինչը, կարծում եմ, չի արել եւ չի անի նախագահի եւ ոչ մի թեկնածու:
Հալաբյան փողոցում նախընտրական շտաբ ուներ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ժամը 11.30-ի սահմաններում շտաբի դուռը փակ էր, այցելուներ չկային, միայն հինգ հարկանի բնակելի շենքի վրա բազմել էր թեկնածուի նախընտրական ցուցապաստառը, որը խոստանում էր. «Հաղթելու ենք»: Չսպասելով, որ շտաբի դռները բացվեն, ուղեւորվեցի ավելի ներքեւ: Որեւէ այլ թեկնածու աջափնյակցիներին Հալաբյանի կողմից չէր «պաշարել», միայն փոքրիկ խանութների եւ վարսավիրանոցների պատուհաններից մերթընդմերթ հայտնվում էր Սերժ Սարգսյանը՝ իր «Առաջ, Հայաստան»-ով: Կիեւյան փողոցում եւս նույն ֆորմատով տերուտիրականը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էր, երբեմն հանդիպում էր նաեւ Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Աղայան դպրոցից մի փոքր վերեւ Դաշնակցության թեկնածուի շտաբ կա, բայց սրա դուռը եւս փակ էր: Այլեւս դաշնակցական շտաբների չհանդիպեցի: Եվ երբ ավելի ուշ իմ ընկեր դաշնակցականներից մեկին հայտնեցի, որ վատ են աշխատում, քաղաքի այդ մասերում շտաբներ քիչ ունեն, նա տիպիկ դաշնակցական պատասխան տվեց. «Իսկ դու գրիր, որ դաշնակցականները ընդհատակում են աշխատում»: Մեկ նկատառում եւս. Վահան Հովհաննիսյանի նկարները հիմնականում փակցված էին կանգառների փոքրիկ վահանակներին կամ հեռախոսախցիկներին, պատահում էին նաեւ ուղղակի պատերին փակցված նկարներ:
Անցնենք առաջ: Երեկվա շրջայցից հասկացա, թե ինչո՞ւ էին իշխանությունները շահագրգիռ, որ Բարեկամության հրապարակի էստակադայի կառուցումն արագ ավարտվի՝ նայեք այս նկարին եւ ձեզ համար էլ պարզ կլինի՝ էստակադայի Կիեւյան եւ Քոչարի փողոցների երկու կողմերից էլ ամբողջ «դաշտը» գրավել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ իր «Առաջ, Հայաստան» կարգախոսով: Ավելի ներքեւ՝ «ՍԱՍ», «Պառմա» եւ այլ խանութների ապակիներից միայն եւ միայն Հանրապետականի թեկնածուն է նայում: Մետրոպոլիտենի շենքի ճակատին եւս Սերժ Սարգսյանն էր:
Հենց այս շենքում է տեղակայված նաեւ նախագահի այս թեկնածուի նախընտրական շտաբը: Այստեղ գործում է ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցը եւ հիմա այն վերածվել է նաեւ շտաբի: Մեր այցելության պահին այստեղ եւս այցելուներ եւ աշխատողներ չկային: Կար մի կին միայն, որը ներկայացավ որպես շտաբի աշխատող եւ սիրով խորհուրդ տվեց սպասել մինչեւ շտաբի պետը գա: Նաեւ՝ իրենց թեկնածուի նախընտրական ծրագիրը նվիրեց: Ի դեպ, այս շտաբում, Սերժ Սարգսյանի նկարներից բացի, փակցված էին նաեւ Արաբկիրի համայնքապետ Հովիկ Շահինյանի եւ այս տարածքից պատգամավոր ընտրված Լեւոն Սարգսյանի նկարները:
Դիմացի մայթին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբն էր: Դուռը բաց էր, եւ ներս մտանք՝ հույսով, որ գոնե այստեղ մեզ որոշակի տեղեկություններ կտան: Սխալվեցինք: Ներսում երկու երիտասարդ էին՝ տղա եւ աղջիկ, որ համակարգչով էին զբաղված, առանձնապես հակված չէին խոսել անծանոթների հետ եւ ասացին, որ շտաբում «դեռ մարդ չկա»: Սակայն մի մանրամասն աչքի զարնեց, չգիտես ինչու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս շտաբում բավականին մեծ չափերով պատին փակցված էր Մեծ Բրիտանիայի դրոշը:
Հակառակ մայթին, մի նկուղային հարկում տեղավորված էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը: Սրա դուռը եւս փակ էր, բայց մուտքի մոտ կանգնած էր մի երիտասարդ կին, որը ներկայացավ՝ Նունե Հովհաննիսյան եւ ասաց, որ ինքը շտաբի համակարգողն է, եւ եթե հարցեր ունեմ, կարող եմ դիմել իրեն կամ սպասել մյուս պատասխանատուներին: Ամեն ինչից զգացվում էր, որ Արթուր Բաղդասարյանի այս շտաբում մարդկանց չեն ուզում ձեռքից բաց թողնել: Տիկին Նունեն բավականին հանգամանալից բացատրեց, թե իրենց ովքեր են դիմում, ինչ հարցերով, իրենք ինչպես են աշխատում ընտրողների հետ: Հպարտորեն ցույց տվեց հրավիրատոմսը, որով ՕԵԿ նախագահի թեկնածուն ՕԵԿ-ական կանանց հրավիրում էր այսօր իր հետ հանդիպման. «Չկարծեք սա մանրուք է, մարդը բոլորիս հարգում է, կարող էին, չէ՞, զանգելով կանչել, բայց՝ ոչ, հրավիրատոմս են բերել»: Այստեղ իմացանք, որ դիմող քաղաքացիները ուղղակի առանց անհարմար զգալու հարցնում են՝ «ուրիշները փողից-բանից կաշառք են խոստանում, դո՞ւք ինչ եք տալու»:
Երկու րոպե չէինք զրուցել, երբ եկավ շտաբի մյուս աշխատողը՝ երիտասարդ մի աղջիկ: Սակայն շտաբի դուռը չէր բացվում: Ասացին, որ ցրտի պատճառով փականը այդպես սառչում եւ չի բացվում: Տարեց մի մարդ, որ իմ նոր ծանոթների ասելով՝ միշտ այդտեղ է, դուռը հեշտությամբ բացեց եւ գրիչ ուզեց, աղջիկները պապիկին գրիչներ տվեցին, ինձ՝ նաեւ բուկլետներ եւ օրացույցներ՝ Արթուր Բաղդասարյանի նկարներով: Պապիկը՝ Ղարաբեկ Օթարյանը, թեպետ միշտ այդ շտաբի մոտ է կանգնում, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե նախագահի թեկնածուներից ում է ընտրելու: Իր ասելով՝ «Կընտրեմ նրան, ով տղերքիս տուն կտա»: Պարոն Օթարյանի երկու ամուսնացած տղաները վարձով են ապրում: