Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴԴԵՄ ԿԸՀ-Ի

Հունվար 25,2008 00:00

\"\"«Ժառանգությունը» ԿԸՀ նախագահին առաջարկում է արձագանքել ոչ թե ընտրական հանձնաժողովների իրենց տեղերի տրամադրմանը, այլ ընտրախախտումների փաստերին:

Երեկվանից սկսվել եւ մինչեւ հունվարի 27-ը պետք է ընթանա 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման գործընթացը: Այդ հանձնաժողովներում կարող են ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հավաստմամբ՝ իրենք ունեն 1000 նման վկայականներ ունեցող անդամներ: Ըստ այդմ՝ «Ժառանգության» մնացած 923 տեղերը պիտի մնային թափուր, եւ դրանք կհամալրեին ընտրատարածքային հանձնաժողովների նախագահները, որոնք, որպես կանոն, ներկայացնում են իշխանությունը, եթե «Ժառանգությունը» չորոշեր իր այդ տեղերը տրամադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին: Վերջինիս նախընտրական շտաբից ներկայացրել են որակավորման վկայական ունեցող 92 անձանց անուններ՝ խնդրելով 18 տեղ Երեւանում, 22-ը՝ Գյումրիում, 8-ը՝ Լոռիում, եւ այլն: «Ժառանգության» մնացած 830 տեղերը թերեւս բաժին հասնեն Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին պաշտպանող «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն ունեն բազմաթիվ անձինք, որոնք անցել են մասնագիտական դասընթացներ:

Այս անակնկալ շրջադարձը, բնականաբար, իշխանությունների սրտով չէր: Եվ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Ժառանգության» այս մտադրությունը «միջամտություն է ընտրական հանձնաժողովի գործունեությանը», ու նշել, թե «Ժառանգության» որոշումը հակասում է հանձնաժողովի անդամների ազատության վերաբերյալ ընտրական օրենսդրության պահանջներին:

Հովսեփ Խուրշուդյանն էլ հայտարարեց, թե իշխանությունները մտահոգված են «Ժառանգության» տեղերի մի մասն ընդդիմադիր ուժերին հանձնելու փաստով, քանի որ նրանց վախեցնում է քվեարկության ու նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացի նկատմամբ հսկողության ուժեղացման հեռանկարը:

Մեկնաբանելով «Ժառանգության» մեղադրանքները ԿԸՀ հասցեին՝ ընտրական հանձնաժողովներում աշխատանքի նպատակով կուսակցության անդամների համար լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու մերժման վերաբերյալ, Գարեգին Ազարյանը պարզաբանել էր, թե 2007-ի ընթացքում ԿԸՀ-ն 3 անգամ անցկացրել է քաղաքացիների ուսուցում, չնայած հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ այն կարող էր սահմանափակվել 2-ով: 2007-ի նոյեմբերին անցկացված 3-րդ դասընթացն անցկացվել էր նաեւ այն հաշվարկով, որ ԱԺ-ում ներկայացված նոր խմբակցությունը հնարավորություն ունենար ուսուցանել իր անդամներին՝ ընտրական հանձնաժողովներում նրանց հետագա նշանակման համար:

«Առավոտի» խնդրանքով երեկ «Հայելի» ակումբում անդրադառնալով ԿԸՀ նախագահի նաեւ այս փաստարկներին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք համարում ենք, որ 3 դասընթացները բավարար չէին: Ընդամենը 6-7 ամիս է, ինչ մենք դարձել ենք խորհրդարանական կուսակցություն, դրանից հետո ենք սկսել արտոնագրման գործընթացը, եւ զուտ տեխնիկապես՝ հնարավոր չէր այդ 2-3 դասընթացների միջոցով բոլոր 1923 տեղերի համար այդքան մարդ անցկացնել: Ուստի խնդրել էինք ԿԸՀ-ին կազմակերպել լրացուցիչ դասընթաց, եւ նրանք մերժեցին»: Մասնագիտությամբ իրավաբան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց. «Իրավունքի տեսանկյունից, այո՛, մենք իրավասու էինք մեր այդ տեղերը տրամադրել այլ արտոնագրված անձանց: Տրամադրել ենք այն անձանց, որոնց համարում ենք մեր համախոհները, եւ լավագույնս կարող են իրականացնել այդ գործընթացը: Այսինքն՝ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը մենք վստահում ենք այն մարդկանց, ովքեր ուզում են հասնել մեր հասարակության մեջ արմատական փոփոխությունների»:

«Ժառանգություն» կուսակցության խոսնակն ամփոփեց. «Գարեգին Ազարյանը չի էլ ժխտել, թե մենք նման իրավունք ունենք, քանի որ այդ կապակցությամբ որեւէ առարկություն չկա: Բայց կոչ կանեի պրն Ազարյանին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ընտրական գործընթացում կոնկրետ օրինախախտումների փաստերին, որն իր իրավասությունն է: Մասնավորապես, երբ քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ արդեն թեկնածուներից մեկի աջակիցները սկսել էին քարոզչանյութեր տարածել՝ սա որեւէ արձագանք պրն Ազարյանի կողմից, ցավոք, չստացավ»:

Հ. Գ. «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը երեկ «Ազդակ» ակումբում հայտարարել է. «Վերահսկողություն ենք իրականացնելու նախագահական ընտրությունների ողջ ընթացքում՝ նախընտրական քարոզարշավից մինչեւ քվեարկության արդյունքների հրապարակումը»: Ըստ Վարդան Խաչատրյանի՝ կուսակցությունը ստեղծելու է նաեւ «թեժ գիծ», որով քաղաքացիները եւ քաղաքական ուժերը կարող են հայտնել ընտրախախտումների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել