Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՊԱՐՏԱՎՈՐ Է, ԱՅԼ ԻՐԱՎՈ՞ՒՆՔ ՈՒՆԻ

Հունվար 25,2008 00:00

\"\"

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական ու քաղաքական վերլուծաբաններ Քերին Գեյներին եւ Լոլիտա Ցիգանեին, որոնց հետաքրքրում էր այն հարցը, թե որքանո՞վ է իրավաչափ ՀՀ վարչապետի կողմից գրանցումից հետո իր լիազորությունները չդադարեցնելը: Այս առնչությամբ նախարարը պարզաբանել է, թե «Ընտրական օրենսգրքի» 78-րդ հոդվածի դրույթները «դիսպոզիտիվ բնույթի են, ըստ որոնց՝ գրանցման պահից իրենց աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում են միայն ՀՀ նախագահի այն թեկնածուները, որոնք գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում»: Պարզաբանել է, թե սա համարվում է ընտրական երաշխիք գրանցված թեկնածուների համար: Ըստ Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ դիտորդները համաձայնել են նախարարի այն պարզաբանմանը, թե ՀՀ վարչապետը տվյալ դեպքում «ոչ թե պարտավոր է, այլ իրավունք ունի դադարեցնելու պաշտոնական պարտականությունները, քանի որ նշված կարգը ոչ թե իմպերատիվ, այլ դիսպոզիտիվ նորմ է»: «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ճիշտ նույն կերպ որոշ իրավաբաններ փորձում էին ապարդյուն հիմնավորել Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկության իրավաչափությունը՝ պնդելով, թե փակ, գաղտնի քվեարկությունը միայն իրավունք է, այլ ոչ պարտականություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել