Լրահոս
Օրվա լրահոսը

5 քայլ՝ ի պետս փոքր եւ միջին ձեռներեցների

Հունվար 24,2008 00:00

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն առաջարկում է նոր ռազմավարական քայլեր՝ ի հավելումն արդեն իսկ

քննադատված իր ծրագրի:

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի հատկապես տնտեսական հատվածն արդեն իսկ արժանանում է քննադատության՝ որակվելով «գերպոպուլիստական» եւ համեմատվելով այն ծրագրերի հետ, որոնք Վասյուկիի վերաբերյալ ուներ Օստապ Բենդերը: Սրանք գնահատականներ են իշխանական մի թերթից: Սակայն հիշեցնենք, որ երբ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը հունվարի 21-ին ներկայացնում էր իր նախընտրական ծրագիրը՝ ելույթով հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը, որը «գերազանց» գնահատեց այդ ծրագիրը եւ հայտարարեց, թե այն «գիտատար է, մրցունակ, հավասարակշռված եւ համակարգված»:

Երեկ Արթուր Բաղդասարյանը մի խումբ փոքր եւ միջին ձեռներեցների հետ Երեւանում հանդիպման ժամանակ պնդեց հարկերի նվազեցման իր ծրագրային դրույթը. «Հարկերի նվազեցում նշանակում է բյուջեի եկամտային մասի ավելացում: Հարկերի նվազեցում նշանակում է տնտեսական մեծ ազատություն, նաեւ տնտեսության աճ ու նոր աշխատատեղերի ստեղծում: Ինչ որ ես ասում եմ՝ փաստարկված է: Այդպես անցել են աշխարհի շատ երկրներ, վերցնենք ԱՄՆ-ի օրինակը, երբ տնտեսության թռիչքը տեղի ունեցավ Ռոլանդ Ռեյգանի նախագահության տարիներին՝ հարկերը կրճատելու հաշվին»:

Նրա այս ծրագրերին հավատ է ընծայում նաեւ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միությունը», որի նախագահ Ստեփան Ասլանյանը երեկ հայտարարեց, թե իրենց միությունը, որում ընդգրկված են 1600-ից ավելի ձեռներեցներ, ընտրություններում պաշտպանելու է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Ստեփան Ասլանյանը ելույթում արձանագրեց. «Հարկեր վճարում են անտեր ձեռներեցները, իսկ տերով ձեռներեցներն ապրում են վայելքների մեջ: Ես հայտարարում եմ՝ ոչ մի ձեռնարկատիրոջ օբյեկտի առջեւում ես դեռ չեմ տեսել այն ճոխ մեքենաները, որոնք կանգնում են հարկային ու մաքսային կազմակերպությունների դռներին»:

Իսկ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե Հայաստանի օլիգարխիկ տնտեսության պայմաններում իրոք վտանգված է փոքր ու միջին ձեռներեցության զարգացումը: Եվ իր պնդումն ապացուցեց վիճակագրական տվյալներ վկայակոչելով, ըստ որոնց՝ 2005-2007-ին Հայաստանում փոքր ձեռներեցությամբ զբաղվողների թիվը կտրուկ կրճատվել է. «Արտադրության ոլորտում եթե մենք ունեինք շուրջ 990 փոքր ձեռնարկություն, որտեղ աշխատում էր ընդամենը 5 մարդ, այդ ձեռնարկությունների թիվն անցած 2 տարիների ընթացքում կրճատվել է. աշխատատեղերը՝ 20%-ով, իսկ թողարկված արտադրանքի ծավալը՝ 27,5%-ով: Փոքր ու միջին ձեռներեցությունը անկում է ապրում նաեւ 6-49 աշխատող ունեցող ձեռնարկություններում, որտեղ ունեցել ենք արտադրանքի շուրջ 30% ծավալի կրճատում, աշխատատեղերի կրճատում՝ 15%-ով»:

Իշխանությունների հայտարարություններին՝ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն աջակցելու վերաբերյալ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը հակադրեց նաեւ այլ տվյալներ: Ըստ նրա՝ պետհամարանիշներ պատվիրելու համար 2008-ի բյուջեում նախատեսված է 236 միլիոն դրամ, նոր անձնագիր տպագրելու համար՝ 170 միլիոն դրամ, իսկ փոքր ու միջին ձեռներեցությանը խթանելու համար՝ 450 միլիոն դրամ:

Նախագահի թեկնածուն քննադատեց նաեւ վերջին շրջանում տարադրամի 250 փոխանակման կետերի փակման փաստը: Դա, ըստ նրա, ԿԲ կողմից վարվող քաղաքականության հետեւանք է, որը նպատակ ունի այդ ոլորտը կենտրոնացնել մի քանի հոգու ձեռքում: Նաեւ կանխատեսեց, որ առաջիկա 1-2 տարում կվերանան մանր ու միջին կրպակները եւ մթերային խանութները, քանի որ «բուռն թափով զարգանում է սուպերմարկետների ցանցը»: Իսկ սուպերմարկետները, ըստ ՕԵԿ նախագահի, «երեք խմբերի սեփականությունն են», որոնք հնարավորություններ ունեն «էժան գներով մաքսազերծում իրականացնել»:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց այն 5 քայլերի մասին, որոնք, ընտրվելու դեպքում, մտադիր է իրականացնել փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը նպաստելու համար: 1-ին՝ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ազգային ռազմավարական ծրագրի մշակում ու իրականացում: 2-րդ՝ ստուգումների ու ստուգող կազմակերպությունների թվի կտրուկ նվազեցում: 3-րդ՝ պարզեցված հարկի ծավալների մեծացում, հաստատագրված հարկային քաղաքականության ծավալների կտրուկ աճ, պարզեցված հարկային վարչարարության իրականացում: 4-րդ՝ ըստ բնակավայրերի եւ բնագավառների փոքր ու միջին ձեռներեցության զարգացման անձնագրերի կազմում: Իսկ 5-րդ քայլը նա ամփոփեց այսպես. «Բանկերը պետք է դեմքով շուռ գան դեպի տնտեսությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել