Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ

Հունվար 24,2008 00:00

\"\"Երեկ Տավուշում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

Երեկ ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան սատարող մի քանի տասնյակ ուժերը փետրվարի 19-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեկնեցին Տավուշի մարզ: Նախատեսվում էր, որ նրանք լինելու են Բերդ, Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում, թեեւ, ինչպես քարոզարշավի նախորդ օրը՝ եղան նաեւ չնախատեսված կանգառներ: Դրանցից առաջինը Ծաղկավան գյուղում էր: Մարդիկ իրենք ստիպեցին Տեր-Պետրոսյանին կանգառ անել եւ զրուցել իրենց հետ:

Իր խոսքում Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ փետրվարի 19-ին իր ընտրության դեպքում երկիրն էապես փոխվելու է: «Տեսեք թե ինչ մարդկանց հետ եմ եկել»- մատնացույց անելով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին՝ ասաց առաջին նախագահը: Նա հերթական անգամ պնդեց, որ այն թիմը, որով նա գալու է իշխանության, միանգամայն նոր թիմ է, նոր, բայց հասարակությանը քաջ ծանոթ մարդիկ, օրինակ՝ Ստեփան Դեմիրճյանը, որից իշխանությունները 2003թ. նախագահական ընտրություններում հաղթանակը խլեցին: Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց. «Այն հաղթանակը, որը լինելու է փետրվարի 19-ին, դա միայն իմ հաղթանակը չէ: Դա այն հաղթանակն է լինելու, որը 1998-ի եւ 2003-ի նախագահական ընտրություններում իշխանությունը խլել է նրանցից, հետո էլ խլեց «Միասնություն» դաշինքի լիդերներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կյանքը»: Որպես միասնական ընդդիմության թեկնածու, Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա հաղթանակը նաեւ այդ մարդկանց հիշատակի համար է:

Երբ առաջին նախագահը պատրաստվում էր հեռանալ, ծաղկավանցի մի կին մոտեցավ նրան եւ ասաց. «Ես շատ եմ նեղվում՝ տեսնելով, որ տելեւիզորով մարդիկ վատ արտահայտություններ են անում ձեր մասին: Մենք հասկանում ենք, որ ձեր իշխանության ժամանակ պատերազմ էր»: Տիկինը հույս հայտնեց, որ հիմա՝ հարաբերական խաղաղության պայմաններում, Տեր-Պետրոսյանն ավելի լավ առաջնորդ կլինի. «Միայն ձեր մեջ եմ տեսնում մեր առաջնորդին: Անչափ ուրախ եմ, որ ձեր դուխը չի կորել»:

Տեր-Պետրոսյանի եւ նրա զինակիցների հաջորդ կարճատեւ կանգառը Թովուզում էր, հետո՝ Վազաշենում եւ Վարագավանում: Այս բոլոր բնակավայրերում էլ ելույթ ունեցան Ստ. Դեմիրճյանը, Ա. Սարգսյանը՝ փորձելով հանդիպման եկած տեղացիներին փաստարկել, թե ինչու նրանք պետք է ընտրեն հենց Տեր-Պետրոսյանին, որն, ի դեպ, ավելի ուշ իր ելույթում ասաց, թե ինքը հեքիաթներ պատմելու, սուտ խոստումներ տալու չի եկել: Ըստ նրա թիմակիցների, ՀՀ առաջին նախագահը ոչ միայն այն միակ թեկնածուն է, որն ի վիճակի է հաղթել գործող վարչախմբին, այլեւ՝ նրա նախընտրական ծրագիրը գյուղացիների հոգսերը թեթեւացնելու, նրանց եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ռեալ հնարավորություն է տալիս, նա ունի քաղաքական կամք՝ դրանք իրագործելու համար: Լ. Տեր-Պետրոսյանն էլ իր ելույթում մանրամասնորեն անդրադարձավ երկրում առկա իրավիճակին, մթնոլորտին՝ ասելով, որ այսօր հասարակությունը հնարավորություն ունի ետ նվաճելու այն հաղթանակները, որոնք տարել էր 1998-ին եւ 2003-ին: «Ես չեմ եկել հրաշքներ խոստանալու, փրկիչ ձեւանալու: Ես եկել եմ մի բանի համար. տեսնելով այս իշխանությունների կատարած գործը, տեսնելով մեր ժողովրդի վիճակը, ես կարծում եմ, 10 տարին քիչ ժամանակ չէր մեր ժողովրդի վիճակի մեջ գոնե որոշակի բարելավում անելու համար: Դա չի արվել, որովհետեւ այդ մարդիկ՝ Քոչարյանն ու Սարգսյան Սերժը այստեղ են ոչ թե ձեր հոգսերը թեթեւացնելու, այլ՝ ձեզ խաբելու համար: Հիմա էլ ուզում են եւս 10 տարի ձեզ խաբել եւ փաթաթված մնալ ձեր վզին: Ձեզանից է կախված՝ ուզո՞ւմ եք հանդուրժել դրանք, հանդուրժեք: Ես բան չունեմ ասելու: Ես չեմ եկել ձեզ որեւէ բան ստիպելու: Եթե ուզում եք ձեր կյանքում որեւէ բան փոխել, ուրեմն՝ այս իշխանությունները պետք է հեռանան»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն: Նա խոսեց երկիրը ավելի լավ վիճակի բերելու համար անհրաժեշտ գործոնների, այդ թվում՝ ԼՂ հարցի լուծման, սահմանների բացման եւ հարեւան երկրների հետ համերաշխ ապրելու մասին: Դատելով ներկաների տրամադրություններից՝ դա նրանց համար ընկալելի էր:

Ամենաուշագրավ հանդիպումը Բերդում էր: Այստեղ՝ մշակույթի տան մոտ անցկացված մինի հանրահավաքում ելույթ ունեցողներն էլ շատ էին՝ ՀՀ գլխավոր մարքսիստն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վերջինս իր առաջին հրապարակային ելույթում կոնկրետ օրինակներ բերեց Տեր-Պետրոսյանի ծրագրի սոցիալ-տնտեսական հատվածից՝ հայտարարելով, որ առաջին նախագահը պատրաստվում է հաղթանակի դեպքում ամեն մի գյուղում ստեղծել չորսական կոոպերատորական ձեռնարկություն, որոնք աշխատատեղեր ապահովելուց զատ՝ նաեւ գյուղացուն հնարավորություն կտան բերք մշակելու, մթերելու եւ արտադրություն կազմակերպելու, իհարկե, պետության ֆինանսական աջակցությամբ:

Տեր-Պետրոսյանի քարոզարշավն ավարտվեց Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում ունեցած հանդիպումներով, որտեղ նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ հունվարի 22-ին հուժկու երթով, որին մասնակցում էր մոտ 100 հազար մարդ, արձանագրվել է, որ իրենք Երեւանում արդեն հաղթել են: Ըստ նրա, դա հասկացել են նաեւ իշխանությունները եւ հիմա ողջ հույսը դրել են մարզերի եւ գյուղերի վրա: Լ. Տեր-Պետրոսյանը կոչ արեց տավուշցիներին չխաբվել, այս անգամ չհանդուրժել վարչախմբին եւ ընտրել ում կուզեն, միայն՝ ոչ Սերժ Սարգսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել