www.sonicbids.com-ում նա ճանաչվել է «ֆոլքի արքա»
Օրերս լույս է տեսել ժողովրդական երգերի կատարմամբ հայտնի Համլետ Գեւորգյանի նոր DVD ձայնասկավառակը՝ «Ժառանգորդը» խորագրով, որը նվիրված է նրա ուսուցիչ Հովհաննես Բադալյանի հիշատակին: Ինչպես տեղեկացանք Համլետից, այդ սկավառակում իր նախավերջին համերգի տեսագրությունն է: «Երբ ես մեկ օրում երկու մենահամերգ տվեցի օպերայի դահլիճում, Հովհաննես Բադալյանի դուստրն ինձ հանձնեց ուսուցչիս ոսկյա կրծքանշանը՝ հայտարարելով, որ նրա արժանի ժառանգորդն եմ: Դա իմ ամենաթանկ նվերն ու մրցանակն էր: Վարպետն ինձ վրա մեծ «ամագ» ունի, ես իրեն խոսք եմ տվել, որ քանի կամ՝ կերգեմ, իր անունը կհիշատակվի իմ կողմից»,- ասաց երիտասարդ երգիչը: Մեր զրույցից հետո Համլետ Գեւորգյանը մեկնել է Իտալիայի Միլան քաղաք՝ «Մուլտիֆլեքս» ստուդիայում՝ ձայնագրվելու: «Դեռ անցած տարվանից իմ առջեւ խնդիր էի դրել ունենալ մի ձայնասկավառակ, որն ամբողջովին համապատասխաներ միջազգային չափանիշներին: Կարող եմ ասել, որ իրականացավ ցանկությունս: Մնացել են ընդամենը կոսմետիկ աշխատանքներ»,- հայտնեց երգիչը: Նա տեղեկացրեց, որ ձայնասկավառակում ներառված նոր երգերում կան ռիթմային մեծ փոփոխություններ, որն արել են իտալացիները: «Այլազգիները կարողացան հայկական զուռնան, դհոլը եւ եվրոպական ռիթմերն այնպես համադրել, որ ոչ երգս տուժեց, ոչ էլ երգեցողության հայեցի ոճը: Հայաստանում հաճախ ենք օտարալեզու երգեր լսում, երբեմն չենք հասկանում բառերը, բայց դրանք մեր ականջին հաճելի են: Մենք էլ փորձում ենք նույն կերպ ազգային երգը ճիշտ մատուցել ուրիշներին»,- նշեց Հ. Գեւորգյանը՝ հավելելով, որ նպատակ ունի սկավառակը վաճառել միջազգային շուկայում:
Փաստենք, որ երբ վերջերս Համլետ Գեւորգյանի երգերը տեղադրվել են «www.sonicbids.com» հանրահայտ կայքում, մեկ շաբաթ անց մեր հայրենակիցը աշխարհի 920 հազար երգիչներից առաջ անցնելով՝ այնտեղ արժանացել է «ֆոլքի արքա» տիտղոսին:
Համլետի տեղեկացմամբ, այդ լուրջ հաղթանակին հետեւեցին բազմաթիվ նոր ու գայթակղիչ առաջարկություններ. «Ինձ համար աշխարհի մասշտաբով նորանոր փակ դռներ բացվեցին շոու-բիզնեսում»: Նշենք, որ Մադոննան, Բրիթնի Սփիրսն ու էլի շատ աշխարհահռչակ երգիչներ հենց այս կայքի շնորհիվ են մեծ հաջողությունների հասել:
Այսօր Համլետ Գեւորգյանի պրոդյուսեր Գագիկ Սիմոնյանը եւ «Armenian music centre»-ի (հայկական երաժշտական կենտրոն) տնօրեն Սամվել Ամիրաղյանը մեկնեցին Ֆրանսիա: Փարիզում եւ Կաննում փակ ցուցահանդես է լինելու, ուր հնարավորություն կունենան հանդիպելու աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Փարիզում արդեն ի հայտ կգան հաղթանակիս շոշափելի արդյունքները: Այդ փակ ցուցահանդեսի ժամանակ հնարավորություն կունենանք հայկական ժողովրդական երգերի իմ ձայնագրություններն առաջարկել աշխարհահռչակ շատ ընկերությունների: Թեեւ www.sonicbids. com կայքում առաջին տեղը զբաղեցնելուց հետո աշխարհի խոշոր ընկերություններից մեկը առաջարկեց իմ ձայնագրությունները տարածել աշխարհով մեկ, բայց ես դեռ որոշում չեմ կայացրել: Դրանից հետո էլ մեկ այլ ընկերություն, որը մեկ օրվա ընթացքում ինտերնետում 99 ցենտով վաճառում է մեկուկես միլիոն երգ, ցանկություն հայտնեց, որ այդ մեկուկես միլիոն երգերի մեջ իմ երգերն էլ մաս կազմեն ու վաճառվեն: Ինչպես հասկացաք, խոսքն արդեն ոչ թե մի քանի հազար օրինակ երգերի մասին է, այլ միլիոնավոր»,- ընդգծեց երգիչը: Մեր հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ հայկական ժողովրդական երգիչը աշխարհում այդօրինակ ուշադրության արժանացավ, Հ. Գեւորգյանը պատասխանեց՝ իր ստացած մի նամակի մասին պատմելով. «Ինձ մի ամերիկացի երաժիշտ, որին չեմ էլ ճանաչում, գրել է. չնայած ես չեմ հասկանում, թե դու ինչի մասին ես երգում՝ «Քանքարավոր ընկեր» երգում, բայց զգում եմ, որ հոգով ես երգում ու ճիշտ շեշտադրումներով: Սա է ողջ «գաղտնիքը»:
Համլետ Գեւորգյանը ձայնագրել է նաեւ ռուսերեն մի երգ, որը նախատեսված է ռուսական շուկայի համար եւ տեսահոլովակն էլ կնկարահանվի Մոսկվայում:
Մեր հարցին, թե ինչո՞ւ Համլետ Գեւորգյանը ամեն գնով փորձում է «դուրս գալ» Հայաստանի սահմաններից եւ չի բավարարվում մեր երկրի շոու-բիզնեսում գործունեություն ծավալելով, պատասխանեց. «Ես հայ հանդիսատեսին շատ եմ սիրում, նրա շնորհիվ եմ երգիչ դարձել, միշտ էլ երգելու եմ նրա համար, բայց ուզում եմ այնպես անել, որ հայ երգը ողջ աշխարհը լսի»: