Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրերի «սիրուն բառերին» մի խաբվեք

Հունվար 24,2008 00:00

Տնտեսագետները զգուշացնում են, որ նախագահի թեկնածուների ծրագրերում կան ոչ իրատեսական խոստումներ:

«Արդեն հինգերորդ անգամ ենք նախագահական ընտրություններ անցկացնում եւ վաղուց ժամանակն է, որ հասարակությունը վերահսկի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը: Անցել են այն ժամանակները, որ թեկնածուին ձայն էին տալիս արտաքին գեղեցկության համար»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոնի նախագահ Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց, որ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերն այնքան բազմաբովանդակ են, որ մարդկանց շփոթության մեջ են գցում: Այդ նպատակով էլ ինքը մի քանի այլ տնտեսագետների հետ մանրամասն վերլուծության է ենթարկել թեկնածուներից մի քանիսի նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածը, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ այս կամ այն թեկնածուից ու հասկանա նրանց ծրագրերի դրական եւ բացասական կողմերը:

Ըստ Ս. Բագրատյանի, թեկնածուների ներկայացրած ծրագրերից եւ ոչ մեկում այս կամ այն խոստման կատարման համար որեւէ ժամանակացույց նշված չէ, այսինքն՝ նրանք խոստանում են բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, սակայն կոնկրետ ե՞րբ են դա անելու՝ չեն հստակեցնում: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի նորությունը, տնտեսագետի դիտարկմամբ, երկրորդ սերնդի բարեփոխումներին վերաբերող կետն է, սակայն վարչապետի խոստացած «երկրորդ սերնդի բարեփոխումներ» արտահայտությունը խիստ անհասկանալի է, ու պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի:

Վահան Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի ամենակարեւոր կետը, ըստ Ս. Բագրատյանի, այն է, որ նա խոստանում է քաղաքական վերնախավը տարանջատել տնտեսական վերնախավից. «Նման բան հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեր երկրում հավասար պայմաններ ստեղծվեն բիզնեսմենների համար»:

Մեկնաբանելով Ա. Գեղամյանի նախընտրական ծրագիրը՝ Ս. Բագրատյանը նշեց, որ վերջինս մեր երկրի տնտեսական աճը համարում է չհիմնավորված, որի պատճառով էլ Հայաստանը հարեւան պետությունների հետ մրցունակ չէ: Որպես ապացույց, Ա. Գեղամյանը ներկայացնում է, որ հարեւան Ադրբեջանի տնտեսության մեջ 1,5-2 ամսվա ընթացքում կատարվում են ավելի շատ ներդրումներ, քան մեր տնտեսության մեջ ամբողջ տարվա ընթացքում: Ա. Գեղամյանն առաջարկում է նաեւ իջեցնել ԱԱՀ-ի եւ շահութահարկի տոկոսադրույքները, սակայն, ըստ տնտեսագետի, որեւէ կերպ չի հիմնավորում, թե ինչ կերպ պետք է լցնել բյուջեում առաջացած դեֆիցիտը: Ըստ տնտեսագետի, պետք է ներկայացվեին համոզիչ փաստարկներ, որ մեր երկրում կավելանար տնտեսվարողների թիվը, գուցե այս դեպքում Ա. Գեղամյանի առաջարկը իրատեսական լիներ:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրին, Ս. Բագրատյանը կարծում է, որ այստեղ մի ողջ տնտեսագիտական վերլուծություն է խտացված: Նկատի ունենալով, որ օլիգարխների մի զգալի հատված դուրս է մնում հարկման դաշտից՝ Լ. Տեր-Պետրոսյանը կարծում է, որ հարկային բեռը պետք բաշխել հավասարաչափ: «Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք տնտեսագետ Ս. Բագրատյանը հիմնավորված է համարում Լ. Տեր- Պետրոսյանի այն առաջարկը, որ կապահովագրի գյուղացիների բերքը, նա պատասխանեց. «Մեր երկրում ապահովագրական ռիսկը շատ մեծ է: Բացի այդ, գյուղացին պետք է իր բերքի 2 տոկոսը տա, որ մնացած բերքն ապահովագրի: Կարծում եմ, որ այս առաջարկն իրագործելու իմաստով թերի է»:

Մյուս թեկնածուների ծրագրերի մասին տնտեսագետն իր կարծիքը կհայտնի մի քանի օրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել