Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Հունվար 24,2008 00:00

\"\"Հարկայինը հանրապետականների խախտումները կարծես թե չի ուզում հրապարակել

Հարկային պետական ծառայությունը նախորդ տարի լայնածավալ ստուգումներ էր անցկացնում ինչպես Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռնում», այնպես էլ հանրապետական պատգամավորներին պատկանող ընկերություններում, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի «Սալեքսում», Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան» տոնավաճառում, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի «Արփա-Սեւան» ընկերությունում: «Սիլ կոնցեռնի» պարագայում հայտնի դարձավ, թե վերջիններս չեն կատարել մի շարք հարկային պարտավորություններ, ուստի պարտավորվել են դրամական տուգանք մուծել: Ի տարբերություն Խաչատուր Սուքիասյանի, որին պատկանող ընկերությունների խախտումներն ամենայն մանրամասնությամբ հրապարակվեցին, հանրապետականների ընկերություններում կատարված ստուգումների արդյունքների մասին մինչ օրս որեւէ տեղեկություն չկա: «Առավոտն» էլ բազմիցս դիմել է հարկայինին, սակայն տարբեր պատճառաբանություններով, թե դեռեւս արդյունքներն ամփոփված չեն, շուտով կտրամադրենք եւ այլն, հարկայինն այդ տեղեկություններն այդպես էլ չտրամադրեց:

Երեկ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի վերջո հանրապետական գործարարներից ո՞ւմ տուգանեցին՝ հարկայինի պետը պատասխանեց. «Մենք շատ ընկերությունների ենք տուգանել, օրինակ՝ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությանը», այս պահին չեմ կարող ասել, թե ում ինչքան ենք տուգանել, բայց ասուլիսից հետո մոտեցեք՝ հարկային պարտավորություններից խուսափած առնվազն մոտ 20 օրինախախտների ցուցակը կտրամադրենք»: Սակայն ասուլիսից հետո էլ այն այդպես էլ չտրամադրեցին՝ խոստանալով ցուցակն «Առավոտին» տալ ավելի ուշ:

Փոխարենը՝ Վ. Բարսեղյանը շատ լավ հիշում էր «Սիլ կոնցեռնին» պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի բոլոր խախտումները եւ արձանագրված տուգանքի չափը: Նրա խոսքերով՝ հանքային ջրի հորատանցքում պետք է դրված լինի ջրաչափ, որն էլ պետք է ֆիքսի օգտագործվող ջրի ծավալը: Սակայն, ըստ Վ. Բարսեղյանի, հարկային ստուգումների արդյունքում պարզվել է, որ ջրաչափը չի տեղադրվել այնտեղ, որտեղ պետք էր. «Դե, մարդիկ օգտագործել են պետական ընդերքը եւ դրա դիմաց չեն վճարել, որի արդյունքում էլ հանքային ջրի օգտագործված ծավալը ներկայացրած փաստաթղթերի հետ չի համընկել: Հնարավոր է, որ նրանց փաստաթղթերը անթերի են, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Հարկայինը պետք է ջրաչափիչով ֆիքսում կատարի, եթե այն չկա, բա ո՞վ պետք է պետությանը հասցված վնասի համար վճարի: Եվ քանի որ այս պարագայում նաեւ քրեական գործ կա հարուցված, ապա հետագա ստուգումներն անցկացվում են քննիչի պահանջով»: Նշենք, որ «Բջնիում» կատարած հարկային ստուգումների արդյունքում 3 միլիարդ դրամի տուգանք է արձանագրվել:

Լրագրողները հարկայինի պետից հետաքրքրվեցին նաեւ 2007-ին «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից, ինչը հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատերերի շրջանում մեծ մտահոգություն է առաջացրել: Վ. Բարսեղյանի խոսքերով՝ «Տպավորությունն այնպիսին է, որ պարզեցված հարկը որպես հարկատեսակ վերացված է, սակայն դա այդպես չէ: Ընդհակառակը, այս օրենքը կնպաստի փոքր բիզնեսի զարգացմանը, նրանք կկարողանան իրենց բիզնեսը ծավալել: Մինչ օրս պարզեցված հարկը չի ծառայել իր նպատակին, քանի որ դրանից օգտվել են նաեւ բազմաթիվ խոշոր ներկրողներ, որոնք իրենց դուստր ձեռնարկությունների միջոցով տարիներ շարունակ դուրս են գրել իրենց ամբողջ արտադրական ծավալը, որը բնականաբար ոչ մի տեղ չի ֆիքսվել ու անհավասարության դաշտ է ստեղծել խոշոր արտադրողի ու մանր ձեռնարկատիրոջ միջեւ: Այսօր պարզեցված հարկման դաշտից դուրս են մնացել 26 հազար 325 կազմակերպություններ: Արդեն պարզ է, թե նրանք ինչ դաշտում են ուզում աշխատել»: Վ, Բարսեղյանը նշեց նաեւ, որ բոլոր այն ընկերություններում, որոնք պարզեցված հարկատեսակով այլեւս չեն աշխատելու, առնվազն 6 ամիս հարկային ստուգումներ չեն արվի, մինչեւ որ կկարգավորեն իրենց հաշվապահական գործերը:

Ըստ շրջանառվող լուրերի, հարկային շատ տեսուչներ իրենց գործառույթն իրականացնելու փոխարեն, այս օրերին զբաղված են մայրաքաղաքում եւ մարզերում հանրապետականների թեկնածուի օգտին քարոզչական աշխատանքներ իրականացնելով: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին Վ. Բարսեղյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություններ չունեմ: Սակայն սա մեծ համակարգ է, եւ ես չեմ բացառում, որ մեր համակարգում աշխատող 3300 մարդուց որեւէ մեկը նման որեւէ բան կարող է անել: Այդպիսի ընդհանուր մոտեցում չկա, մենք միայն մի խնդիր ունենք՝ բյուջեի կատարողականը: Մեր տեսուչներն ունեն գործառույթներ եւ պետք է դրանով զբաղվեն: Եթե նման բան լինի, մենք նրանցից բացատրություն կպահանջենք եւ ծառայողական քննություն կանցկացնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել