Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հունվար 24,2008 00:00

Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների՝ Ումրանիյեում 2007թ. հունիսին հայտնաբերված զինամթերքի գործով կատարվող հետաքննության շրջանակում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստամբուլում եւ Թուրքիայի 6 այլ շրջաններում իրականացրած լայնամասշտաբ գործողության արդյունքում ձերբակալվել է 33 մարդ: Այդ մասին, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, հայտարարել է Ստամբուլի գլխավոր դատախազ Այքութ Ջենգիզ Էնգինը: Հիշեցնենք, որ թուրքական մամուլը նախօրեին հաղորդել էր 40-60 անձանց ձերբակալման մասին, որոնք կասկածվում են «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման, ինչպես նաեւ Պետական խորհրդի (Բարձրագույն վճռաբեկ ատյան), «Ջումհուրիյեթ» թերթի եւ երկու քրիստոնյա քահանաների վրա իրականացրած հարձակումների մեջ: Ձերբակալվածների թվում են պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչյուքը (որը ժամանակին քանիցս սպառնացել էր Դինքին), Թուրքիայի իրավաբանների միության նախագահ Քեմալ Քերինչսիզը (վերջինս Դինքի, ինչպես նաեւ Օրհան Փամուքի, Էլիֆ Շաֆաքի եւ մի շարք այլ այլախոհ թուրք մտավորականների դեմ հանդես էր եկել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով), «Աքշամ» օրաթերթի թղթակից Գյուլեր Քյոմուրջուն, թուրք ուղղափառ պատրիարքարանի մամուլի քարտուղար Սեւգի Էրեներոլը, Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից Յասին Հայալի փաստաբան Ֆուաթ Թուրգութը եւ բազմաթիվ ուրիշներ:

Ստացվող տեղեկությունների համաձայն, առայժմ ձերբակալվածներից եւ ոչ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Հետաքննությունը շարունակվում է, եւ չի բացառվում, որ դրա շրջանակում իրականացվեն նոր ձերբակալություններ: «Նոյյան տապանը» հիշեցնում է, որ Ստամբուլի Ումրանիյե շրջանի տներից մեկում 2007-ի հունիսին հայտնաբերվել էր 27 նռնակ եւ դետոնատորներ, ինչի կապակցությամբ ձերբակալվել էին մի շարք մարդիկ, այդ թվում՝ պաշտոնաթող զինվորականներ: Դեպքի կապակցությամբ Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտարարել էր, թե հնարավոր է, որ Ումրանիյեում հայտնաբերված զինամթերքի հետ կապ ունեցող անձինք առնչություն ունենան նաեւ Դինքի սպանությանը: Նա իր այս վարկածը հիմնավորել էր այն հանգամանքով, որ այդ գործի առնչությամբ ձերբակալված «Ազգային բանակ» միության հիմնադիրներից պաշտոնաթող ենթասպա Օքթայ Յըլդըրըմը միջամտել է Դինքի դատական գործընթացներին: Ուշագրավ է այն, որ Ումրանիյեի դեպքի կապակցությամբ ձերբակալված «Ազգային բանակ» միության նախագահ Բեքիր Օզթուրքի համակարգչում հայտնաբերվել էին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, ինչպես նաեւ Հունաց Բարդուղիմեոս պատրիարքի դեմ ուղղված մահափորձի ծրագրեր: Ումրանիյեի դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել նաեւ Թուրքիայի «Հայրենասերների ուժերի միության շարժման» դեմ, որի նախագահը՝ Թաներ Ունալը, նույնպես ձերբակալվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել