Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱ ԳԵՂԱՄՅԱՆԸ

Հունվար 24,2008 00:00

\"\"Ըստ «Ազգային միաբանության» անդամների՝ որովհետեւ նման անալիտիկ ճկուն միտք մեր երկրում քչերն ունեն

«Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակը, որը նաեւ շտաբ է ծառայում նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի համար, մշտապես մարդաշատ է՝ մարդիկ գալիս են «Արարման ծրագիրը» ստանալու, Արտաշես Մամիկոնովիչի ձեռքը սեղմելու եւ հաջողություն մաղթելու: Երեկ էլ, թեպետ կուսակցության առաջնորդը քարոզչական հանդիպումների էր մեկնել Ալավերդի, գրասենյակը գործում էր, եւ ելումուտ անողների պակաս չկար: Շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը հայտնեց, որ իրենք այժմ իրականացնում են «Դռնից դուռ» օպերացիան, այցելում են տները եւ մարդկանց տեղեկություններ են հաղորդում «Արարման ծրագրի» մասին, զրուցում են եւ պատասխանում մարդկանց հուզող հարցերին: Շտաբը այս օրերին զբաղված է նաեւ իրենց թեկնածուի վստահված անձանց ուսուցմամբ, նախապատրաստությամբ: Յուրաքանչյուր տեղամասի համար նախապատրաստվում է երկու վստահված անձ:

Կազմակերպչական աշխատանքներից բացի, մեզ հետաքրքրում էր, թե նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի մարդկային ո՞ր հատկանիշներն են հատուկ առանձնացնում Արտաշես Գեղամյանի կուսակից ընկերները եւ հատկապես ո՞ր արժանիքի համար են ուզում, որ երկրի նախագահ ընտրվի հենց իրենց թեկնածուն: ԱՄ Շիրակի կառույցի ղեկավար Լեւոն Գալստյանը մեր հեռախոսային հարցմանը սիրով պատասխանեց: «Նման ինտելեկտ ունեցող անձնավորություն Հայաստանում քիչ կա: Անալիտիկ միտք, ճկուն ուղեղ, հին եւ նոր փիլիսոփայական բոլոր խոհերին, գրվածքներին տիրապետող անձնավորություն, մարդ, որը գիտի տնտեսագիտություն, քաղաքագիտություն, քաղաքականություն, ներքին եւ արտաքին քաղաքականություն, մարդ, որի «Արարման ծրագիրը», համոզված եղեք, որոշ ժամանակ հետո կդառնա դասագիրք ապագա քաղաքագետների եւ տնտեսագետների, միջազգային իրավունքը ուսումնասիրողների համար»,- այսպես բնութագրեց Լեւոն Գալստյանը իր կուսակցական առաջնորդին: Պարոն Գալստյանը վստահ է, որ նախագահի բոլոր ինը թեկնածուներից միայն Արտաշես Գեղամյանն է արժանի եւ իսկական նախագահացուն, միայն նրա նախագահ լինելով է հնարավոր, որ մեր երկիրը դառնա իրապես ազատ, արդար եւ կարգին երկիր: Վերջերս «Արարման ծրագրի» շնորհանդեսի ժամանակ Լեւոն Գալստյանը Արտաշես Գեղամյանին էր հանձնել մի փոքրիկ գիպսե արձանիկ: Մեր խնդրանքով պարոն Գալստյանը մանրամասնեց այդ արձանիկի պատմությունը. «Արձանի հեղինակը մեր կուսակիցներից է՝ Ժանը, եւ ինքն էր խնդրել, ավելի ճիշտ՝ պահանջել, որ այդ «Տիրամայրը» ես հանձնեմ Արտաշես Գեղամյանի տիկնոջը եւ միաժամանակ խնդրեմ, որ Տիրամոր աղոթքով եւ տիկին Անուշի աղոթքով, մեր բոլորի մաղթանքով Արտաշես Գեղամյանն անցնի այդ փշոտ ու տատասկոտ ճանապարհը: Եվ, միաժամանակ, ես խնդրում եմ Արտաշես Գեղամյանին հաղորդեք, որ ծիծաղով ընդունի բոլոր տեսակի բամբասանքները եւ բանսարկությունները, որովհետեւ ով ծիծաղում է՝ նա հաղթում է արտասվողներին»:

Գագիկ Թադեւոսյանը Արտաշես Գեղամյանի հատկանիշներից առանձնացրեց «պատասխանատվության զգացումը, պետական-քաղաքական գործիչ լինելը, հռետորական, դիվանագիտական ունակությունները» եւ ուզեց հատուկ շեշտել հետեւյալը. «Մաշտոցի կուսշրջկոմի քարտուղար լինելով հանդերձ՝ եզակի է, որ հետագայում նույն շրջանի բնակիչների խնդրանքով Գեղամյանը առաջադրվեց եւ ընտրվեց պատգամավոր, եւ ընտրվեց այն դեպքում, երբ ՀՀՇ-ն բավականին մեծ վերելքի շրջանում էր, եւ Գեղամյանի դեմ ՀՀՇ-ական մրցակիցներն էին շատ, բայց ընտրվեց Գեղամյանը: Նաեւ՝ ինչո՞ւ չէ, կարմիր դիպլոմով է պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտել եւ ֆենոմենալ հիշողություն ունի»:

Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի Երեւանի պատասխանատու, կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը մեզ տեղեկացրեց, որ «Արարման ծրագրի» առաջին խմբաքանակը արդեն բաժանված է, եւ մարդիկ նորից ու նորից են պահանջում ծրագիրը: Շուտով պատրաստ կլինի նաեւ ծրագրի ռուսերեն տարբերակը. «Միակ պահանջը, որ ընտրողները ներկայացնում են՝ ծրագիրն է, ծրագրի պահանջը մեծ է, բայց, բաժանելուց բացի, մենք ունենք նաեւ քարոզչական ենթախումբ, սրանում ընդգրկված են մեր կուսակցության առավել կիրթ, առավել գիտակից եւ բանիմաց այն անդամները, ովքեր պատրաստ են ծրագրի դրույթները, առանձնահատկությունները բացատրել ընտրողներին: Սրանց մի զգալի մասը դասախոսներ են, գիտությունների թեկնածուներ, մի մասը դպրոցների ուսուցիչներ են»:

Հաշվի առնելով, որ նախագահի թեկնածուներից մեկը ընտրողների հետ արդեն պայմանագրեր է կնքում, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԱՄ թեկնածուն եւս կփորձի նման քայլի գնալ՝ պայմանագիր կնքել իր ընտրողների հետ: Սարգիս Մուրադխանյանն ասաց որ իրենք չեն էլ պատրաստվում նման բան անել. «Որովհետեւ հանրապետության նախագահի ընտրությունը առեւտրական գործարք չէ, դա շինարարական օբյեկտ կառուցելու գործընթաց չէ, որ պայմանագիր կնքենք, թե այս ու այս ժամկետներում կհանձնենք»: Շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը հավելեց. «Դա սխալ մոտեցում է, ուրեմն այն մարդիկ, ովքեր պայմանագիր չեն կնքում, ես նրա համար թշնամի՞ եմ, կամ իրենք իմ թշնամի՞ն են: Արտաշես Գեղամյանը մի նպատակ ունի՝ այս երկիրը բոլորի հետ միասին լավ ապագայի հասցնել: Այն նախագահը, որը ի սկզբանե սկսեց ժողովրդին կիսել՝ իրեն սատարողների եւ չսատարողների, նախ չի կարող ընտրվել, եթե ընտրվի էլ՝ չի կարող լիարժեք նախագահ դառնալ, սա ՀՀՇ-ի ոճն է, երբ ժամանակին ասում էին. ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է: Եվ եթե որեւէ կուսակցության թվում է, որ ինքը երկրի ապագան կարող է ինքնուրույն, միայնակ առաջ տանել, չարաչար սխալվում է, դա ապագա չունեցող թեզ է: Ժողովրդի ապագան կարող են լուծել բոլոր հայրենասեր կուսակցությունները համատեղ ջանքերով, եւ դրա համար էլ մեր թեկնածուի կարգախոսն է՝ «Հանուն ազգային միաբանության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել