Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բարդույթ ունենք, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է»

Հունվար 23,2008 00:00

Արձանագրում է «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ֆորին փոլիսի» ամսագիրը «Խաղաղության հիմնադրամի» օգնությամբ աշխարհի մի շարք երկրներում, շուրջ 12 ցուցիչներով՝ ժողովրդագրական ազդեցություն, փախստականներ, դժգոհ զանգվածի գործոն, կտրուկ կամ խորը տնտեսական անկում, պետության քրեականացում, պետական գործառույթների շարունակական վատացում, մարդու իրավունքների համատարած խախտում, կլանային վերնախավի ազդեցության մեծացում, օտար երկրների միջամտություն կամ արտաքին գործոններ, հաշվարկելով երկրների ցուցանիշները, ներկայացրել է, թե որ երկիրը որ սանդղակում է գտնվում:

Մեր զրուցակից, «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ, Հայաստանը այս սանդղակում գրավելով 112-րդ տեղը՝ վեց միավորով առաջ է անցել Ուկրաինայից: Ավելի ետ տեղեր են զբաղեցնում Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը եւ այլ երկրներ: Հայաստանը իր ցուցանիշները ավելի է լավացրել նախորդ տարվա համեմատ: Նախորդ տարի մեր երկիրը հավաքել էր 71,5 միավոր, այս տարի՝ 70,3 միավոր (ըստ այս ցուցանիշների, լավ վիճակում է այն երկիրը, որն ավելի քիչ միավորներ է հավաքել): Հայաստանն առաջատար է ԱՊՀ եւ տարածաշրջանային երկրների համեմատ: Ուսումնասիրությունները վկայում են, որ մեր երկիրը հատկապես լավ վիճակում է օտար երկրների միջամտության եւ արտաքին գործոնի ուսումնասիրման ցուցիչով, ըստ այդմ, Հայաստանը հատուկ կախման մեջ չէ օտար երկրներից, եւ սա մեր զրուցակիցը խիստ կարեւորում է. «Կարեւոր է, որ Հայաստանը չի գտնվում օտար պետությունների ազդեցության տակ, այսինքն՝ իր իշխանության չափանիշով Հայաստանը առաջատար է ե՛ւ ԱՊՀ երկրների, ե՛ւ տարածաշրջանային երկրների մեջ: Կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց իր ինքնիշխանության վարկանիշով մեր երկիրը մոտենում է Ռուսաստանին: Նախորդ տարվա համեմատ (89-րդ տեղ) Հայաստանը այժմ 112-րդ տեղում է, իսկ ինչքան ներքեւ, այնքան ավելի լավ: Եվ Հայաստանի դինամիկան դրական է, որեւէ խոշոր փոփոխությունների չի ենթարկվել»:

Գագիկ Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ ըստ տնտեսական ազատության ցուցիչների, որոնք ուսումնասիրել են «Հերիթեյջ» հիմնադրամը եւ «Վուոլսթրիթ ջոռնալը», Հայաստանը տարածաշրջանում առաջատար է. «Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ ե՛ւ «Ժառանգություն» հիմնադրամը, ե՛ւ «Վուոլսթրիթ ջոռնալը» որեւէ հատուկ համակրանք Հայաստանի նկատմամբ չունեն, ավելին, եւ «Վուոլսթրիթ ջոռնալի» եւ «Հերիթեյջ ֆաունդեյշնի» հիմնական հետաքրքրությունը նավթն է եւ խոշոր կապիտալը, իսկ այս առումով, գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում կան պետություններ, որոնք այդ ամենի խոշոր պաշարներ ունեն: Սակայն իր ուսումնասիրություններում կազմակերպությունը ուղղակի անկողմնակալ դիրքորոշում է ունեցել: Այս կազմակերպությունների ուսումնասիրություններով Հայաստանը գտնվում է հիմնականում ազատ երկրների շարքում, այսինքն՝ ավելի ազատ է, քան, ասենք, Ավստրիան, եւ այս ցուցակում մենք անմիջական հարեւան ենք Շվեդիային եւ Լիտվային: Սրանք լուրջ հիմնավորված թվեր են»: Ի պատասխան մեր զարմանքի եւ թերահավատության, պարոն Հարությունյանը նկատեց. «Այո, մենք ունենք որոշակի բարդույթ, որ այն, ինչ մերն է, ուրեմն շատ վատն է: Այո, մենք ունենք թերություններ, բայց տնտեսական ազատության խնդիրը մեզ մոտ բավականին բարձր մակարդակի է, եւ ասեմ, որ շատ տնտեսագետներ եւ քաղաքագետներ հենց տնտեսական ազատության խնդիրն են բարձր գնահատում եւ համարում են, որ ժողովրդավարության արտահայտությունը հենց տնտեսական ազատության մեջ է, քանի որ դա նյութականացված ժողովրդավարություն է: Եվ այդ առումով Հայաստանը առաջին տեղում է ԱՊՀ երկրների շարքում, առաջին տեղում է տարածաշրջանում եւ գտնվում է երկրորդ՝ հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների խմբում: Այս խմբում առաջատար են Հոնկոնգը, Սինգապուրը, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Կանադան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել