Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹԻԿՑԻՆԵՐԸ ԿԸՆՏՐԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ՞Ն

Հունվար 23,2008 00:00

\"\"Երեկ նման խոստումներ էին տալիս արթիկցիները իր ծննդավայր քարոզարշավի եկած Արթուր Բաղդասարյանին

Վերջինս Շիրակի մարզում իր քարոզարշավը սկսեց հենց այս քաղաքի մշակույթի տնից, ուր տեղակայված էր նաեւ ՀՀԿ-ական մրցակցի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: «Արթուր, նախագահ» բացականչությամբ էլ սկսվեց նրա հանդիպումը ընտրազանգվածի հետ: Իսկ վերջիններս հիմնականում տարեց մարդիկ էին, որոնք «ուղնուծուծով» գիտեին Արթուրի նախնիներին: «Մեր համակրանքը միշտ էլ նրա կողմն է, որովհետեւ նա մեր ռայոնից է, եթե ընտրվի գոնե վստահ կլինենք, որ մյուսների նման դուռը երեսներիս չի շըրխկացնի»,- ասում էին նրանք: Ճիշտ է, հանդիպումը այնքան էլ կենդանի չէր. անցավ առանց հարց ու պատասխանի, այդուհանդերձ, դահլիճը կլանված լսում ու մերթընդմերթ ծափահարություններով հավանություն էր տալիս ՕԵԿ-ական թեկնածուի ասածներին: Իսկ վերջինս սկսեց ոչ թե նախընտրական խոստումներից, այլ ժողովրդի դարդ ու ցավից: «Ես չեմ ուզում ապրել այնպիսի Հայաստանում, վստահ եմ, որ մեր ժողովուրդը եւս, որտեղ 930 000 մարդ գործազուրկ է, չեմ ուզում ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ մեկ միլիոնից ավելի ապրում է աղքատության կամ ծայրահեղ աղքատության մեջ: Միայն Շիրակի մարզում աղքատների թիվը գերազանցում է 120000-ը: Երկրում այսօր կա արտոնյալների մի խավ, որը ելել է երկրի օրենքների շալակը: Ես չեմ ուզում ապրել մի Հայաստանում, ուր ամեն քայլափոխի շարունակվում են անարդարություններն ու ապօրինությունները, կաշառակերությունը, կոռուպցիան ու թալանը: Հայաստանի ներկայիս ու նախկին իշխանությունների հետեւողական քայլերի արդյունքում երկիրը ամայացավ, այսօր 400 000 մարդ ապագա ու աշխատանք է փնտրում օտար ափերում: Միայն Արթիկի ութսուն տոկոսը գտնվում է դրսում: Հայաստանում ստեղծված կլանային օլիգարխիկ, մաֆիոզ ու կրիմինալ համակարգի արդյունքում այսօր ժողովրդի ունեցվածքի ուղղակի կողոպուտ է տեղի ունենում, որովհետեւ եկամտաբեր ոլորտները բաժանված են իշխանություններին եւ նրանց սպասարկող օլիգարխիկ շրջանակների միջեւ: Այսօր Հայաստանի 21 հիմնական ապրանքատեսակները՝ ցորեն, ալյուր, շաքարավազ, կարամ թվարկեմ բենզին, դիզվառելիք եւ այլն, բոլորը գտնվում են մոնոպոլիստների ձեռքին, որոնք ինչ գնով ցանկանում՝ բերում, իրենց ուզած գնով էլ վաճառում են Հայաստանում: Ի՞նչ հույս է տեսնում այսօր մեր ժողովուրդը, ոչ մի հույս էլ չի տեսնում, մենք այսօր ունենք հավատասպան իշխանություն, որովհետեւ շատ-շատերի մոտ հույսը, հավատը սպանվել է: Շատ-շատերը վախեցած են, իշխանությունները քարոզում են վախ: Թեեւ այսօր վախեցած է հենց իշխանությունը, որի կոնկրետ օրինակ նա է, որ քաղաքական գովազդի ժամ են սահմանել ժամը 5-7-ը, որ մարդիկ, հատկապես քաղաքային բնակավայրերում, լինեն տրանսպորտում, աշխատավայրում ու չկարողանան նայել: Դուք պետք է գիտակցեք, թե ինչի համար եք քվեարկելու, քվեարկելու եք ձեր կյանքը փոխելո՞ւ, թե՞ քվեարկելու եք ստրկական վիճակը շարունակելու, ձեր ընտանիքում արտագաղթը խորացնելու, օրեցօր ընտանիքից մի հոգու եւս խոպան ճանապարհելու համար: Այսօր պետությունը կանգնած չէ իր ժողովրդի թեւ ու թիկունքին»,- ասաց ՕԵԿ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել