Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդվում է ողջ համակարգը»

Հունվար 23,2008 00:00

Գիտնականները ՀՀ կառավարությանը կոչ են անում տեր կանգնել մտավոր ներուժին

Երեկ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բարեգործական կազմակերպության երեւանյան գրասենյակում հայտարարվեցին ՀՕՖ-ի գիտական դրամաշնորհ- ծրագրի 2008 թ. հաղթողների անունները: Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) փորձագիտական հանձնախմբին 2008 թ. ուղղված 200 հայտից այս անգամ հաղթող էր ճանաչվել 21-ը: Նշենք, որ ԳԿՀԱՀ-ը հիմնադրվել է 8 տարի առաջ, նպատակ ունենալով կանխել ուղեղների արտահոսքը: Ութ տարիների ընթացքում ֆինանսավորվել է 183 գիտական թեմա, ինչպես ամեն տարի՝ այս անգամ եւս յուրաքանչյուր թեմայի տրամադրվել է $5000: Հայտատուները ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Ճարտարագիտական համալսարանը, Բյուրականի աստղադիտարանը, ԵՊՀ-ն եւ այլն: 2008 թ. հաղթողներից տասներեքը՝ ֆիզիկայի, երեքը՝ կենսաբանության, երկուսը՝ քիմիայի բնագավառներից են, իսկ երեք մասնագետ էլ հաղթել է բժշկության, աստղագիտության եւ հումանիտար ոլորտներից:

ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը նշեց, որ 20-ամյա կազմակերպությունը իր ծրագրերում գերակա ուղղություն է հռչակել կրթությունն ու գիտությունը. «Հիմնադրամի հիմնական նպատակը երկրի գիտական պոտենցիալի պահպանությունն է, արտահոսքի հնարավոր կանխարգելումն ու շատ թե քիչ հնարավոր պայմանների ստեղծումը Հայաստանում աշխատելու համար: Իհարկե, այս դրամաշնորհներով չենք հավակնում ոլորտում ֆունդամենտալ փոփոխություններ անել»:

ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնից Ավետիս Սադոյանը փաստեց. «Երբ գնում ենք արտասահման, այլ գիտնականներից լսում ենք, թե իրենք քարտեզի վրա Հայաստանի տեղն անգամ չգիտեն, բայց «դրսի» բոլոր գիտական միջոցառումներին գոնե մեկ հայ գիտնականի պարտադիր լինում են: Զարմանում են՝ ո՞նց է այդպես լինում փոքրիկ Հայաստանի դեպքում, մինչդեռ հսկայական Թուրքիայից գրեթե գիտնականների չեն տեսնում… Ցավոք, 5000 դոլարանոց դրամաշնորհը շատ փոքր է, բայց մյուս կողմից էլ՝ կարեւոր է, որ գիտական գրանտը հաստատվի, ինչը միջազգային ճանաչման եւս մեկ քայլ է»: Հարցին՝ իսկ ինչքա՞ն պետք է լինի գրանտի չափը, որ գիտնականներն ավելի լավ աշխատեն, Ա. Սադոյանը պատասխանեց. «Այս նույն հարցը 16-րդ դարում տրվել է Անգլիաjի թագուհուն, վերջինս էլ ի պատասխան խնդրել է՝ մի՛ բարձրացրեք գումարը, ընդհակառակը՝ իջեցրեք, որովհետեւ հակառակ դեպքում գիտությամբ կսկսեն զբաղվել մարդիկ, որոնք գիտության հետ կապ չունեն»: Գիտնականները երեկ նաեւ դժգոհեցին իրենց հանդեպ պետության անուշադրությունից: Ճարտարագիտական համալսարանի դոցենտ Հովիկ Բաղդասարյանը, օրինակ, ասաց. «Պետությունը գիտնականներին համարյա չի աջակցում: Դժգոհում եմ ոչ թե նրանից, որ ինձ քիչ են վարձատրում, այլ, որ մեր երիտասարդ գիտնականները ճարահատյալ գնում են արտասահման»:

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Գայանե Գրիգորյանն էլ նշեց. «Մենք հիմա հպարտանում ենք, որ շնորհալի երիտասարդ կադրեր ենք ուղարկում Եվրոպա: Հիմա դեռ աշխատում ենք, բայց եթե, օրինակ, հինգ տարի հետո ինձ ամսական թեկուզ 5000 դոլար տան, այլեւս ի վիճակի չեմ լինի աշխատել՝ կադրեր պատրաստել: Մենք ծերանում ենք, իսկ մեզանից հետո եկածներն արդեն դրսում են աշխատում: Կառավարությունն ի վերջո պետք է հասկանա, որ կորցնում է գիտությունը, քանդվում է ողջ համակարգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել