Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ՆԵՈԱՎԱՆԳԱՐԴԻԶՄ ՉԷ

Հունվար 23,2008 00:00

\"\"«Հին» օպերաները նորովի բեմադրելն ու արտահայտիչ ներկայացնելը ճաշակի խնդիր է

Թատերարվեստի ոլորտում 1970-80-ական թթ. տիրապետող դարձավ ռեժիսոր-համահեղինակ մենիշխանության գաղափարը, այսինքն՝ ռեժիսորը ոչ թե ուրիշի գաղափարների գեղարվեստական ձեւի ներկայացնողն է, այլ համահեղինակը: Այստեղից էլ սկիզբ առավ նեոավանգարդիզմը թատերարվեստում: Դրա դրսեւորումները հանդիպել ենք մեր ազգային թատրոնում, օրինակ՝ ժամանակին Խորեն Աբրահամյանի բեմադրած «Պեպոյում», որտեղ սունդուկյանական մեկնաբանության արդիականացումը եւ գործողությունները միտված էին ժամանակակից միջավայր տեղափոխվել կամ Արմեն Խանդիկյանի բեմադրած «Համլետում», ուր կրճատված էին կերպարները, իսկ գլխավոր հերոսը պարզապես խաղալիք էր՝ մեկնաբանության առումով: Օպերային բեմադրություններն էլ՝ սկսած Տիգրան Լեւոնյանի «Անուշից», կրում էին նեոավանգարդիզմի տարրեր, որպես բեմադրական հնարք «օգտագործելով» եկեղեցին, ամբողջ օպերան «հյուսել» էր այդ համայնապատկերի վրա: Նկատենք նաեւ, որ ռեժիսորներից ոմանց թվում է, որ «օյինբազությունը» նույնպես նորարարություն է, ինչին ականատես եղանք 2007թ. վերջին Գ. Գրիգորյանի ռեժիսուրայով Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկում», որտեղ կիսակովբոյական, կիսամաֆիոզ դեմքերի շարժն էր գերիշխում Տիգրանյանի երաժշտության ներքո: Անցյալ տարվա աշնանը, հանձին Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի նորօրյա բեմադրության, ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեցին որոշ մասնագետներ, ունեցանք բառի իսկական իմաստով դասական օպերայի ժամանակակից բեմադրություն: Տեղեկացնենք նաեւ, որ «Ռիգոլետտոյի» ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը, մինչ հիշյալ օպերան, ժամանակին Ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների հետ իրականացրել է Պուչինիի «Մադամ Բաթերֆլայի» ու Լեոնկավալոյի «Պայացների» բեմականացումները: Վերջինս հանդիսատեսը կարող է վայելել հունվարի 29-ին՝ Ա. Խաչատրյան համերգասրահում: Հարցին, թե ժամանակին նախագծեր իրականացրե՞լ է, օրինակ, ազգային օպերային թատրոնում, պարոն Թորոսյանը հիշեց, որ 90-ականների սկզբներին ինքն ընդամենը օգնել է բեմադրիչ Տիգրան Լեւոնյանին՝ Չուխաջյանի «Կարինե» կոմիկական օպերայի բեմադրական աշխատանքներում, հանդիսանալով ոչ միայն ռեժիսորի ասիստենտ, բեմադրող նկարիչ, այլեւ մարմնավորել է Տեր Բաբայի կերպարը: Դիտարկմանն էլ, թե Թորոսյան բեմադրիչին, փաստորեն, հանդիպելու ենք միայն նորարարական ներկայացումներ իրականացնելիս, մեր զրուցակիցն ասաց. «Ժամանակակից բեմադրություններում երկու միտում է նկատվում: Առաջինը պահպանողական ռեժիսորներն են, որոնք ցանկացած գնով պահում են դասականի մոդելը, երկրորդը՝ նորարարներն են կամ ժամանակակից կոչվածները, որոնք ձգտում են ավելի հեշտ ընկալելի մատուցել իրենց բեմադրությունները, նույնիսկ սյուժե են փոխում, երաժշտությունն էլ հետուառաջ անում եւ այլն: Ես դրանց կանվանեմ անգամ ծայրահեղականներ: Ինչ վերաբերում է ինձ, ես պահպանողական եմ, բայց ժամանակակից մտածողությամբ: Ամեն գնով «մայր» օրինակից աշխատում եմ չշեղվել, սակայն՝ ասելիքս ունկնդրին հրամցնել հնարավորինս արտահայտիչ: Գիտե՞ք այսօր ինչ է կատարվում աշխարհում. անգամ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետում չորս կարապներին փոխարինում են համասեռամոլները, կամ Բիզեի «Կարմենում» հերոսուհուն բռնաբարում են ավտոմեքենայում… Նման «նորարարություններին» դեմ եմ»: Ս. Թորոսյանը հայտնեց, որ իր մոտակա պլաններում կա «Տուրանդոտ» եւ «Տոսկա» օպերաների բեմադրությունները՝ նվիրված Պուչինիի 150-ամյակին. «Դար» հիմնադրամի աջակցությամբ 2009-ին Ծաղկունք գյուղում կառուցվելիք ամֆիթատրոնում կբեմադրեմ «Սասունցի Դավիթ» էպիկական ներկայացումը՝ համեմված արվեստի տարբեր ճյուղերով՝ երաժշտություն, խոսք, բալետ եւ այլն: Երաժշտությունը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանինն է, բնականաբար՝ բեմադրությունը կգնա ավելի խոր ազգային արմատներ: Անգամ պատրաստվում են 9-րդ դարի երաժշտական նվագարաններ, որոնք մեզ են հասել մանրանկարչության շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել