Լրահոս
Օրվա լրահոսը

Ասա որտեղ է շտաբդ, ասեմ՝ ով ես դու

Հունվար 23,2008 00:00

Նախագահական ընտրապայքարը Վանաձորում վեր է ածվել քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաների միջեւ մղվող պայքարի:

Ընտրապայքարի շունչը մի փոքր ուշ է մայրաքաղաքից հասնում մարզեր: Երեւանում թեկնածուներն անպայման ունենում են նախընտրական շտաբներ, եւ այն էլ՝ ժամանակից շատ շուտ: Թեեւ քարոզարշավն արդեն սկսված է, որոշ թեկնածուներ Վանաձորում դեռեւս շտաբներ չունեն: Պատճառները հասկանալի են՝ ֆինանսական սղություն, տարածքի, մարդկային ռեսուրսների խնդիրներ եւ այլն: Սակայն ընտրողի վիճակը դժվարանում է՝ ընտրապայքարի դուրս եկած թեկնածուների դարակազմիկ մտքերի գոհարներին ծանոթանալու հարցում։ Վանաձորում առայժմ նախընտրական շտաբներ չունեն նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը, Արամ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը:

Գրասենյակներում եւ նախընտրական շտաբներում տիրող եռուզեռից կարելի է մոտավոր կանխատեսումներ անել, թե որ թեկնածուն Վանաձորում հաղթելու ինչ հնարավորություններ ունի: Քաղաքում գործող գրասենյակներից մի քանիսում կարելի է տեսնել մեկ կամ երկու կուսակցական: Բավականին մարդաշատ են «Այլընտրանքի» եւ ՀՀՇ-ի գրասենյակները: Այստեղ հիմնականում Վանաձորի քաղաքապետարանի նախկին աշխատակիցներն են, ովքեր պաշտոններ են զբաղեցրել ՀՀՇ-ական քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի օրոք. «Այլընտրանքի» կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանը քաղաքապետարանի կրթության բաժնի նախկին պետն է, ՀՀՇ-ի ղեկավար Աշոտ Մանուկյանը՝ նախկին փոխքաղաքապետը եւ այլն: Վերջիններս թեեւ հաճախ են խոսում քաղաքային ու մարզային ներկա իշխանությունների կողմից վարչական լծակների օգտագործման մասին, սակայն վանաձորցիները հիշում են, որ իրենց պաշտոնավարման տարիներին այսօրվա մեղադրողներն էլ գործի էին դնում իրենց վարչական լծակները եւ ամեն գնով ապահովում իրենց հաղթանակը թե՛ համայնքապետի, թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ներկա իշխանությունների հասցեին հնչող նմանատիպ մեղադրանքներն էլ անհիմն չեն: Վանաձորում ամենաակտիվ եռուզեռը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում է: Այն ղեկավարում է քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ քաղաքապետարանի գրեթե ողջ կազմն ընդգրկված է շտաբի աշխատանքներում: Առաջին հայացքից նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե քաղաքապետարանի շենքը տեղափոխվել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի շենք: Այս առիթով իր հասցեին ուղղված մեղադրանքներին ի պատասխան՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասաց. «Դե, քաղաքապետը մեղադրելու համար է, ես հիմա ինչ էլ անեմ, չանեմ՝ մեղադրելու են: Եթե նույնիսկ տանը նստեմ, ոչինչ չանեմ, էլի մի բան կգտնեն ասելու ու գրելու: Բնական է, որ եթե քաղաքապետարանի աշխատողը ունի իր նախընտրած թեկնածուն, ուրեմն շահագրգռված է նրա հաղթանակով: Հիմա եթե մենք իշխանություն ենք, ձեռքներս ծալած նստենք սպասե՞նք, թե մեզ ոնց են հաղթելու: Սա քաղաքական ընտրապայքար է եւ յուրաքանչյուրը ձգտում է հաղթանակի»:

Քաղաքապետի մեկնաբանությունները՝ ՀՀԿ շտաբի դեմ հնչող ընդդիմադիրների մեղադրանքներին, կարդացեք հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել