Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ «ՑՐԵԼ» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Հունվար 23,2008 00:00

Հաճախ այս խնդիրն են փորձում լուծել մամուլի քարտուղարները

Ի պաշտոնե գերատեսչությունների մամուլի քարտուղարներն ու հասարակայնության հետ կապերի բաժիններն ու վարչությունները, առաջնորդվելով մի շարք օրենքներով (Մամուլի, Տեղեկատվության ազատության, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին եւ այլն), պարտավոր են ապահովել ԶԼՄ-ների եւ հասարակության հետ իրենց գերատեսչության կապը, հանրությանը իրազեկելու համար տարածել հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն: Նրանցից ոմանք, սակայն, հաճախ բավարարվում են ընդամենը պաշտոնական լրատվություն ուղարկելով ԶԼՄ-ներին, այս կամ այն թերթում նշումներ կատարելով, եթե հոդվածը վերաբերում է իրենց, իսկ մեծ հաշվով՝ զբաղված են լրագրողներին «ցրելով» ու իբր շեֆերին նրանց «ոտնձգություններից» պաշտպանելով:

Իմ տպավորությամբ, իսկ ես հաճախ եմ մշակութային թեմաներով գրում, բացարձակապես ոչինչ չի անում, օրինակ, մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Նառա Եղիազարյանը: Մշակույթի նախարարությունը նրա համար, հավանաբար, զուտ շեֆի՝ Հասմիկ Պողոսյանի հետ ճամփորդելու հավելյալ հնարավորություն է: Ն. Եղիազարյանը հազվադեպ է վերցնում քաղաքային հեռախոսը, իսկ բջջայինին ընդհանրապես չի մոտենում: Եվ երբ որեւէ պարզաբանում ես ցանկանում ստանալ, հարցերը վերահասցեագրում է նույն նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանին: Կամ ինքներս ենք ստիպված լինում Դուրգարյանից պարզաբանումներ խնդրել: Ասվածի արտահայտությունն են տարբեր ուղղվածության թերթերում եղած բոլոր այն պարզաբանումները, որոնց մեջ 1000-ից մեկ կարող ես հանդիպել Ն. Եղիազարյանի անվանը:

ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը, ի տարբերություն ԿԳ նախարարությունից մեկ հարկ վերեւ «տեղակայված» իր «մշակութային» կոլեգայի, հասանելի է բոլոր հեռախոսահամարներով: Լ. Գալստյանը օպերատիվ է պարզաբանումներ տրամադրում, բայց նա էլ ԿԳ նախարարության մասին ոչ «բարենպաստ» հրապարակումները համարում է անձնական վիրավորանք:

ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը փայլուն է աշխատում լրագրողների հետ, եւ ԳԹԿ-ի գործունեության մասին ոչ մի բացասական հրապարակման համար քեն չի պահում, ինչպես մյուս մամուլի քարտուղարները, նա ամեն ինչին հումորով է վերաբերվում, բարեհամբույր եւ համբերատար պատասխանում բոլորի հարցերին: Գ. Մանուկյանը միշտ պատրաստված է, ցանկացած հարցի համար ունի սպառիչ պատասխան, լրագրողները ԳԹԿ բոլոր ասուլիսներին ապահովված են լինում մամուլի համար նախատեսված հաղորդագրություններով:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անժելա Մարտիրոսյանին նույնպես հաջողվում է լրագրողների հետ լեզու գտնել եւ աշխատել այնպես, որ ե՛ւ գերատեսչությունը չտուժի, ե՛ւ լրագրողները ստանան իրենց անհրաժեշտ պարզաբանումները: Ա. Մարտիրոսյանը բոլոր լրագրողներին տպագիր տրամադրել է Երեւանի քաղաքապետարանի վարչության պետերի հեռախոսահամարները:

Ինչ վերաբերում է բուհերի մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատանքին, ապա ամենահաջող համագործակցությունը ԵՊՀ-ի հետ է, ՀՊՃՀ-ից ու Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանից ընդամենը գրավոր տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ ենք ստանում այս կամ այն միջոցառման եւ իրադարձության մասին: Պասիվ է տնտեսագիտական համալսարանի համապատասխան բաժինը, բայց փոխարենը նույն բուհի ռեկտոր Յու. Սուվարյանը միշտ պատրաստ է առանց ավելորդ քաշքշուկների պատասխանել լրագրողների բոլոր հարցերին, ինչը չես ասի մյուս բուհերի ռեկտորների, հատկապես Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Ագրարային համալսարանների ղեկավարների մասին: Վերջինիս լրատվականի ներկայացուցիչը մի անգամ նույնիսկ փորձեց ջնջել մեր թղթակցի ձայնագրիչից այն հատվածը, որը վերաբերում էր իրենց բուհում եղած կոռուպցիոն դրսեւորումներին, իսկ Մանկավարժականի մամուլի քարտուղար Սիլվա Ասրյանն էլ, երբ մի անգամ ռեկտոր Արտուշ Ղուկասյանին, նրա ձեւակերպմամբ՝ «վատ» հարցեր էի տալիս, պահանջեց, որ ես էլ իրենց բուհի թերթին հարցազրույց տամ՝ պատասխանելով իրենց՝ «վատ» հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել