Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիրատեսական ծրագրեր»

Հունվար 23,2008 00:00

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբի պետ Էլեոնորա Ասատրյանը խորհուրդ է տալիս աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման խոստումներ չտալ:

Էլեոնորա Ասատրյանն առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքացիներին՝ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Մենք ոչ թե պետք է այսօր նախագահ ընտրենք եւ ասենք՝ խոստումներ տուր, թե այսքան թոշակ կբարձրացնես, աշխատավարձ եւ այլն, վաղն էլ ասենք՝ խոստումդ չկատարեցիր՝ գնա ու նորից դատարկ տաշտակի առջեւ մնանք: Այլ ամենքս մեզ հարց տանք՝ իսկ ես ի՞նչ եմ արել իմ պետության համար»: Սա քաղաքացիների մասով, իսկ նախագահի թեկնածուների մասով էլ՝ իբրեւ կառավարման համակարգերի մասնագետ, ծանոթանալով թեկնածուների ծրագրերին, Է. Ասատրյանը համարում է, որ դրանք դեկլարատիվ բնույթ ունեն՝ բացառությամբ Ա. Մելիքյանի ծրագրի, որտեղ աշխատավարձերի, կոնսաթոշակների եւ այլ բարելավումների մասին խոստումներ չկան: Մեր զրուցակիցը պնդում է, որ նման խոստումներ հնարավոր է տալ միայն իրավիճակին լավագույնս եւ համակողմանի ծանոթանալուց հետո: «Առավոտի» տարակուսանքին՝ գործող վարչապետը եւ առաջին նախագահն է՞լ իրավիճակին ծանոթ չեն, Է. Ասատրյանն ասում է, որ այս դեպքում ինքը չի վստահում աղբյուրներին, որոնց տրամադրած տեղեկատվության հիման վրա վերլուծություններ են արվել եւ կազմվել են այդ ծրագրերը: «Մինչեւ ամբողջ դաշտում՝ պետություն կոչվող համակարգի տարբեր ուղղություններով, չլինեն հավաստի տեղեկությունների հավաքագրում եւ դրանց մասնագիտական առաջարկների միաժամանակյա առաջադրում՝ հնարավոր չէ ծրագրեր կազմել: Տվյալ դեպքում հետեւանքը կարող է մի փոքր ուշ երեւալ, բայց արդյունավետությունն ավելին կլինի, քան, ասենք, առանց սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական խնդիրները հաշվի առնելու՝ պետական որոշ միջոցներ ուղղել դեպի արտադրություն եւ այդ պահին, ասենք, մի քանի տասնյակ աշխատատեղի հարց լուծել»,- կարծում է Է. Ասատրյանը: Իսկ մեր պարագայում, երբ երկնիշ աճերի մասին է խոսքը, մինչդեռ հասարակությունն իր վրա դա չի զգում, մեր զրուցակիցը թույլ է տալիս ենթադրել, որ թեկնածուների ծրագրերը անիրատեսական եւ անիրականանալի են:

Իր «պաշտպանյալի»՝ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հնարավոր հաղթանակի դեպքում, Է. Ասատրյանը կասկած չունի, որ Հայաստանում կոռուպցիոն կառավարման համակարգը վերացնելու իրենց ծրագրային խոստումը միանգամայն իրականանալի է: Դրա համար նա մատնանշում է երկու պատճառ՝ քաղաքական կամքը, ինչն ունի Ա. Մելիքյանը, եւ համակարգի ներդրման փորձը, ինչն ունեն ինքը եւ Ա. Մելիքյանը: Բացի նրանից, որ Է. Ասատրյանը կառավարման համակարգեր է ներդրել հայաստանյան համարյա բոլոր խոշոր մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, այստեղ գործող միջազգային կառույցներում, նաեւ Ա. Մելիքյանի հետ համատեղ կառավարման համակարգեր են ներդրել Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում, ապա՝ ԼՂՀ ԱԳՆ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել