Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔՆ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԻ, ԱՊՐՈՒՍՏԸ ՁՐԻ՞

Հունվար 23,2008 00:00

Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը վստահ է, որ հենց ինքն է այն քաղաքական ուժը, որը կարող է մեր երկիրը տանել դեպի պայծառ ապագա:

Իրենց նախընտրական ծրագրերում նախագահի բոլոր թեկնածուները խոստանում ու երաշխավորում են, որ եթե ժողովուրդը վստահի ու քվեարկի իրենց օգտին, ապա նախագահ դառնալու դեպքում իրենք ժողովրդին հուսախաբ չեն անի: Ըստ հրապարակված ծրագրերի, Հայաստանը կդառնա սոցիալապես ապահով ու բարեկեցիկ երկիր՝ կտրուկ կնվազի աղքատությունը, մի քանի անգամ կբարձրանան կենսաթոշակները, առողջապահական ոլորտում մատուցվող ծառայությունները կդառնան մատչելի ու որակյալ, կլուծվի բնակչության զբաղվածության խնդիրը: Նկատի ունենալով տարեցտարի մեր ազգաբնակչության աճի անկումը, նախագահի թեկնածուներից մի քանիսն էլ խոստանում են անգամ ծնելիությունը խթանելու համար ջանք ու եռանդ չխնայել:

Նախընտրական ծրագրերում առավելապես հնչում են քննադատություններ ներկայիս իշխանությունների հասցեին կամ նկարագրվում է Հայաստանի այսօրվա սոցիալական անկայուն ու աղետալի վիճակը: Իսկ թե ինչ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել եղած վիճակը փոխելու համար՝ նախագահի թեկնածուներից գրեթե ոչ ոք չի պարզաբանում:

Արտաշես Գեղամյանն իր նախընտրական ծրագրում մանրամասն նկարագրում է այսօրվա Հայաստանի վիճակը՝ ներկայացնելով այն որպես թշվառ ու բարձիթողի պետություն, որը հզոր քաղաքական ուժի ու բարեփոխումների կարիք ունի: Բնականաբար, այդ հզոր քաղաքական ուժը, ըստ Ա. Գեղամյանի, կարող է լինել հենց «Ազգային միաբանության» առաջնորդը, այսինքն՝ ինքը: Հենց այս համոզմունքով էլ նա ներկայացրել է իր «Արարման ծրագիրը», որի իրագործման դեպքում էլ, ըստ նրա, մեր երկիրը կդառնա աշխարհի ամենաբարեկեցիկ ու հարուստ երկիրը: Ներկայացնելով թվային բազմաթիվ տվյալներ ու վերլուծություններ, Ա. Գեղամյանը նշում է, որ թե՛ ազգաբնակչության զբաղվածության եւ թե՛ բնական աճի տեսանկյունից, մեր երկիրը տարեցտարի միայն դեպի վատն է գնում: Օրինակ, 1999-ից մինչեւ 2006 թվականը 207 հազար 700-ով կրճատվել է աշխատող մարդկանց թիվը՝ 1 միլիոն 320 հազարի փոխարեն դառնալով 1 միլիոն 112 հազար, իսկ նախորդ տարի գործազուրկների թիվն ավելացել է եւս 10 հազար 900-ով: Ըստ նրա, աշխատողների մեծամասնությունը եւս չքավորության մեջ է ապրում: Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, Ա. Գեղամյանը նշում է, որ այսօր 1 աշխատողին բաժին է ընկնում 2 չաշխատող, այսինքն՝ աշխատանք ունեցող մեկ մարդը պետք է կերակրի ոչ միայն իրեն, այլ եւս 2-ին: Ըստ Ա. Գեղամյանի, մեր ազգաբնակչության բնական աճը եւս խիստ տագնապալի վիճակում է՝ վերջին 9 տարիներին այն կրճատվել է գրեթե 50%-ով: «Ազգային միաբանության» առաջնորդը նշում է, որ «թոշակառուները նույնպես աղետալի վիճակում են», քանի որ նրանց ամսական եկամուտներն ավելի քան 2 անգամ ցածր են սպառողական նվազագույն զամբյուղից: Անդրադառնալով առողջապահական խնդիրներին, պարոն Գեղամյանը նշում է, որ այս ոլորտի չլուծված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի միջին տեւողության վրա. կանանց մոտ՝ 71-72, տղամարդկանց մոտ՝ 68-70 տարեկան: Ա. Գեղամյանի կարծիքով, առողջապահական համակարգը շահութաբեր կառույց չէ, եւ այս ոլորտում լուրջ ֆինանսական միջոցների կարիք կա: Այդ միջոցները նա առաջարկում է ներգրավել հետեւալ կերպ՝ հարկային բեռից թեթեւացնել բուժհիմնարկներին եւ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների վաճառքի ակցիզային հարկերի եւ դեղորայքի վաճառքից ստացված ավելացված արժեքի հարկի որոշակի միջոցներն ուղղել այս ոլորտի զարգացմանը: Այս եւ բազմաթիվ այլ լավատեսական ծրագրերի իրագործումը, ըստ Ա. Գեղամյանի, պետք է հիմնված լինի փոխօգնության սկզբունքի վրա, այսինքն՝ ուժեղը պետք է օգնի թույլին, առողջը՝ հիվանդին, հարուստն էլ՝ աղքատին:

«Սոցիալական հարցը մարդու ազատության խնդիր է, միայն սոցիալապես ազատ եւ ապահովված մարդը կարող է կատարել ազատ քաղաքական ընտրություն եւ ծառայել իր երկրին ու ժողովրդին»: Ահա այսպիսի կարգախոսներով է նախագահ դառնալու դեպքում ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը երաշխավորում, որ կլինի սոցիալական արդարություն բոլորի համար: Նախագահ դառնալու դեպքում նա երաշխավորում է ստեղծել այնպիսի աշխատաշուկա, որտեղ մարդիկ ապահովված կլինեն պատշաճ աշխատավարձով: Վ.Հովհաննիսյանը չի հստակեցնում, թե պատշաճ աշխատավարձ ասելով՝ ինչ նկատի ունի, սակայն վստահ է, որ իր առաջարկած սոցիալական ծրագրերի շնորհիվ՝ «երկիրը կծաղկի ու կբարգավաճի»: Նախագահի այս թեկնածուն անգամ երաշխավորում է, որ մեր երկրում կկրճատվի մահացությունն ու կավելանա կյանքի միջին տեւողությունը: Այս դեպքում եւս պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեթոդներով է Վ. Հովհաննիսյանը հասնելու նրան, որ 65 կամ 70 տարվա փոխարեն մարդիկ ապրեն, ասենք, 80 կամ 85 տարի:

Իր նախընտրական ծրագրում Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ տեղ է հատկացրել սոցիալական ոլորտին: Ըստ նրա, աղքատության հաղթահարման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ բնակչության իրական եկամուտներն աճեն տարեկան 20, իսկ թոշակները 30-40 %-ով: Նախագահ դառնալու դեպքում նա խոստանում է, որ երեխաների ծննդյան համար տրվող միանվագ գումարները հենց այս տարվանից կդառնան առաջին երեխայի համար՝ 500 հազար, 2-րդի համար՝ 1 միլիոն, իսկ 5-րդ երեխայից սկսած՝ 1 միլիոն 500 հազար դրամ: Նկատի ունենալով, որ ներկայիս իշխանությունները խթանում են միայն «էլիտար շինարարությունը», Լ. Տեր-Պետրոսյանը կարծում է, որ պետք է ծավալել սոցիալական բնակարանային շինարարություն եւ երիտասարդ ու բնակարանազուրկ ընտանիքներին ապահովել անվարձ տրվող բնակարաններով: Նախագահ դառնալու դեպքում, իր հաշվարկներով, 2008-2012 թթ. կեռապատկվի աշխատավարձը եւ կքառապատկվի միջին կենսաթոշակը: Նա նշում է նաեւ, որ սոցիալական վիճակը ծանր է հատկապես մարզերում, որտեղ «բնակչությունը մատնված է լիակատար թշվառության եւ ամենօրյա գոյապայքարի. կիսադատարկ գյուղեր, լքված տներ, ցաքուցրիվ ընտանիքներ, վերացող դպրոցներ»: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, «հենց սա է քոչարյանասերժական շրջանի Հայաստանի պատկերը»:

Նկատի ունենալով, որ հանրապետությունում 300 հազարից ավելի թոշակառուներ կան, որոնց համար իրենց թոշակների անգամ 1000 դրամով բարձրանալը շատ մեծ նշանակություն ունի, վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ծրագրի սոցիալական մասում շեշտը դրել է հատկապես կենսաթոշակների բարձրացման վրա: Նախագահ դառնալու դեպքում վարչապետը խոստանում է, որ իր նախագահության օրոք կենսաթոշակները էապես կբարձրանան: Կներդրվի նոր կուտակային կենսաթոշակային համակարգ: Ըստ նրա, մեր բնակչությունը պետք է սովորի խնայել ու երիտասարդ սերունդը պետք է մտածի ապահով ծերության մասին՝ մասնակցելով կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգին: Նա խոստանում է, որ բազմազավակ ընտանիքները, պատերազմի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքներն ու փախստականները մշտապես կլինեն պետության ուշադրության կենտրոնում: Վարչապետի ներկայացրած ծրագրում եւս բացակայում են կոնկրետ մեթոդներն ու ճանապարհները, որոնց միջոցով հնարավոր կլինի իրագործել նրա բավականին լավատեսական ծրագիրը:

Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ծրագրի սոցիալական հատվածում մեծ ուշադրություն է դարձրել հատկապես բնապահպանական խնդիրներին: Ըստ նրա, պետությունը պետք է հեռանկարային ծրագիր մշակի՝ իր ռեսուրսները արտադրության մեջ ներգրավելու համար: Նա խոստանում է նաեւ նախագահ դառնալու դեպքում վերանայել Թեղուտի հանքավայրի շահագործման մասին կառավարության որոշումը: Ըստ Վ. Մանուկյանի, հումքի արտահանման փոխարեն մեր երկիրը պետք է վերջնական արտադրանքը ստանա հենց մեր պետության ներսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել