Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԿԵՂԾԻ, ՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾ ԱՆԻ

Հունվար 23,2008 00:00

«Բոլոր կթվորուհիները քեզ հետ են, մեծն Ստալին»,- այս զուգահեռով էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ծաղրել այն երեւույթը, երբ կազմակերպությունները հերթով իրենց աջակցությունն են հայտնում իշխանության թեկնածուին:

Իշխող մեծամասնության արձագանքը չուշացավ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն «Առավոտին» ասաց, թե ՀՅԴ թեկնածուն այնքան է մտել ընդդիմադիր քաղաքական ուժի դերի մեջ, որ կարծես այրում է բոլոր կամուրջները՝ հետագա համագործակցության համար. «Մեր գործընկերը ռուբիկոնն անցնում է, եւ ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես են հետո մեր դաշնակցական գործընկերները վերադառնալու նույն սեղանի շուրջ, աշխատելու ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ»: Արձագանքելով այս դիտարկմանը՝ Վահան Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց. «Իրենց պատկերացնելով չի: Եթե իրենք դժվարանում են պատկերացնել, ապա դա իրենց պրոբլեմն է»:

Իր հերթին արձագանքելով ՀՅԴ թեկնածուի հեռուստաելույթի մեկ այլ դրույթի՝ ընտրակեղծիքների ռեսուրսների մասին, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ռադիոլուրին» ասել էր, թե իրեն իրավունք չի վերապահում վիճել Վահան Հովհաննիսյանի հետ՝ ընտրակեղծիքների ռեսուրսների շուրջ. «Նրանք երեւի թե շատ լավ տեղյակ են, քանի որ տարիներ շարունակ ունեցել են մարզպետներ ու նախարարներ, եւ հրաշալի գիտեն՝ որն է ընտրակեղծիքների հիմնական բազան», ու ենթադրել՝ «Երեւի թե իրենք, որ այդպես մանրակրկիտ հաշվարկել են, թե որ ռեսուրսն է հնարավորություն տալու անել ընտրակեղծիքներ, նշանակում է՝ դա իրենց պետք է գալու առաջիկա ընտրություններում»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասել էր. «ՀՅԴ-ն ընտրակեղծիքների ռեսուրսներ հաշվելու փոխարեն՝ ճիշտ կլիներ, որ զբաղվեր այլ՝ ավելի օգտակար գործերով»: Այս կոչին էլ Վահան Հովհաննիսյանն արձագանքեց հարցով. «Ինչի՞, որ ազատ կարողանան օգտագործել, հա՞, ընտրակեղծիքների ռեսուրսները, իսկ ես օգտակար գործո՞վ զբաղվեմ: Մեր երկրում ամենաօգտակար գործը ընտրակեղծիքը կանխելն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել