Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն

Հունվար 23,2008 00:00

«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության խորհուրդը հունվարի 22-ին, կառավարության նիստերի դահլիճում գումարված հայրենակցական միության խորհրդի ընդլայնված նիստում, որոշեց Հայաստանի Հանրապետության նախագահի առաջիկա ընտրություններում սատարել Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Ազատի Սարգսյանին եւ կոչ է անում կազմակերպության 105 հազար անդամներին, բազմահազար համակիրներին, ընտրողներին 2008 թվականի փետրվարի 19-ին իրենց ձայնը տալ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Նիստի ժամանակ ելույթ ունեցողները իրենց խոսքերում մատնանշեցին եւ հիմնավորեցին, թե հատկապես ինչու հայրենակցական միությունը որոշեց պաշտպանել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը, ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, Արագած համայնքի համայնքապետ Գագիկ Պողոսյանը նշեցին, որ հանձին Սերժ Սարգսյանի իրենք տեսնում են երկրի կայուն եւ հավասարաչափ զարգացման, առաջընթացի, խաղաղության երաշխավորի: «Այդ իսկ պատճառով է, որ մենք սատարում ենք Սերժ Սարգսյանին եւ ոչ թե այն ավազակախմբերին, որոնք մի քանի մեքենաներով պտտվելով Արագածոտնի մարզում՝ ցինիկաբար հայտարարում են, թե տեսեք՝ մենք էլ ենք շուրջպար կազմել»: Հայրենակցական միության մշակույթի հանձնաժողովի նախագահ տիկին Օֆելյա Պետրոսյանը իր ելույթում շեշտեց, որ հայրենակցական միությունը իր մշակութային ծրագրերի իրականացման ընթացքում տեսել եւ զգացել է Սերժ Սարգսյան քաղաքական գործչի սերը, մոտեցումը, մտահոգությունները եւ պատրաստակամությունը մշակույթի զարգացման գործում: Եվ նաեւ այդ հանգամանքները նկատի ունենալով էր, որ 2007թ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Սերժ Սարգսյանին պարգեւատրեց «Մեր Բարեկամ» շքանշանով:

Հայրենակցական միաբանությունների նախագահ Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ մինչ ներկա պահը ստացել են Սերժ Սարգսյանին սատարելու մասին 22 հայրենակցական միությունների որոշումներ, եւ առաջիկայում կգումարվի հայրենակցական միաբանության ընդհանուր նիստ, որտեղ եւ հանդես կգան միասնական հայտարարությամբ:

Նիստին մասնակցում էին նաեւ բազմաթիվ հյուրեր, «Հայրենակցական միությունների միաբանություն» կազմակերպության ներկայացուցիչներ, գրողներ, գիտության եւ մշակույթի գործիչներ, անվանի բժիշկներ եւ առողջապահության ոլորտի գործիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել