Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ԵՎ ՌԵԺԻՄԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Հունվար 23,2008 00:00

\"\"Երեկ ընդդիմության նախաձեռնած հանրահավաք-երթից հետո Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երեկ Երեւանում 12 աստիճան ցուրտ էր: Այդուհանդերձ, ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հրավիրած երեկվա հանրահավաքը իսկապես աննախադեպ մարդաշատ էր՝ նույնիսկ աշնանային հանրահավաքների համեմատությամբ: Մարդիկ Ազատության հրապարակ էին եկել «Հայ ազգը ոտքի է կանգնել», «Թալինի շրջանը Տեր-Պետրոսյանի հետ է», «Հաղթանակ» եւ համանման այլ ցուցապաստառներով: Ի դեպ, հանրահավաքին ներկա էին նաեւ պետական կառույցների ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ քարոզարշավի շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հունվարի 21-ին Շիրակի եւ Արագածոտնի մարզ ու մասնավորապես Արթիկ, Ապարան եւ Աշտարակ կատարած այցերին՝ ասելով, թե այդ քաղաքներում ՀՀ առաջին նախագահի ջերմ ընդունելությունը վկայում է, որ Տեր-Պետրոսյանը ոչ միայն ընդդիմության, այլեւ մեր ժողովրդի միասնական թեկնածուն է: Այդ հայտարարությանը հետեւեց ներկաների «Հաղթելու ենք» վանկարկումը: Ապա դիմելով ներկաներին՝ Ն. Փաշինյանը հարցրեց. «Ժողովուրդ, դուք տեսե՞լ եք Սերժ Սարգսյանի գովազդային հոլովակը: Այդ մարդն ուզում է բոլորիս ապացուցել, որ այս երկրում ինչ կատարվում է՝ իր ձեռքի գործն է, որ երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գոլ է խփում, դա իր ձեռքի գործն է, եթե «Արեւիկը» երգում է՝ իր ձեռքի գործն է, երբ Ջիվան Գասպարյանը դուդուկ է նվագում՝ իր ձեռքի գործն է: Ճիշտն ասած, տրամադրված չեմ ընդդիմանալու այդ տրամաբանությանը: Եթե ամեն ինչ իր ձեռքի գործն է, ուրեմն շարունակենք նույն տրամաբանությունը: Ուրեմն՝ «Հոկտեմբերի 27»-ն է՞լ իր ձեռքի գործն է, Հենրիկ Խաչատրյանի, Վահրամ Խորխոռունու, Արծրուն Մարգարյանի, Շահեն Հովասափյանի եւ մյուս սպանություններն է՞լ իր ձեռքի գործն են, ուրեմն թանկացումները, ժողովրդի թալանն է՞լ, Սոչիի ինքնաթիռի անկումն է՞լ իր ձեռքի գործն են»: «Այո՜»,- արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները: «Հիմա այնպես պետք է անենք, որ Ս. Սարգսյանի ձեռքը այլեւս որեւէ բան չպետք է անի Հայաստանում»,- եզրակացրեց բանախոսը:

Երեկվա հանրահավաքը նախորդներից կարճ տեւեց՝ թերեւս ցրտի պատճառով: Նախ ելույթ ունեցավ «Այլընտրանքի» ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը, որը գործող իշխանությունների ամենամեծ հանցանքն այն համարեց, որ նրանք դատարկել են Ղարաբաղը, որ, նրա ձեւակերպմամբ՝ ԼՂ-ում երբեւէ պաշտոնավարած 60 արցախցիներ այսօր իրենց ընտանիքներով տեղափոխվել են Հայաստան եւ զբաղեցնում են ամենապատասխանատու պաշտոններ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել են զորանոցի եւ պատրաստ են ամեն ինչ անել իրենց իշխանությունը պահելու համար: «Մենք ունենք լավագույն հնարավորություն՝ մեր պետության զարգացման ընթացքը ապահովելու համար»,- ասաց Ն. Նորիկյանն ու այդ ընթացքը պայմանավորեց Տեր-Պետրոսյանի հաղթանակով:

Ելույթ ունեցողներից մեկն էլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր, որը համոզված էր, որ ցրտին հրապարակում հավաքվածներն իրենց քվեն տալու են ՀՀ առաջին նախագահին: «Համոզված եմ, որովհետեւ Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործիչը հաղթում է նախ ոգով, իսկ քվեարկության գնում է արդեն իսկ ունեցած հաղթանակն ամրագրելու համար: Իսկ որ իմ եւ ձեր նախընտրած թեկնածուն ոգով արդեն հաղթել է՝ նույնիսկ ինքն է խոստովանել, որ պրագմատիկ եւ զուսպ քաղաքական գործչի համբավ ունի: Մտովի հիշեք մնացած թեկնածուներին՝ հոգնած, ծերացած, անհավես, ճմռթված, ձեռքները գրպաններում՝ կարծես մասնակցում են ընտրությունների, էնքան որ մասնակցեն: Այդպես չեն հաղթում, այդպես պարտվում են: Էս իշխանություններն անցնելու են էս ցրտի պես՝ նույնքան արագ եւ անհետեւանք»:

Հանրահավաքը, ինչպես միշտ, եզրափակեց ՀՀ առաջին նախագահը, որին հավաքվածները ընդունեցին «Լե՛-վո՛ն» երկարատեւ բացականչություններով եւ «Նախագա՛հ, Լեւոն»՝ նետած ռեպլիկներով: «Սիրելի հայրենակիցներ, իմ բազմաթիվ սխալների շարքում (այս նախադասությանը առաջին շարքում կանգնած մի տղամարդ առարկեց՝ դու բազմաթիվ սխալներ չունես- Ն. Մ.) ամենամեծը, թերեւս, այն է, որ ես հրաժարական տվեցի (էլի արձագանքեցին՝ «այո՜»- Ն. Մ.) փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանին: Եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին, մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ: Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ ելույթով»,- իր խոսքն այսպես սկսեց ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, որ «հասել ենք մի շրջադարձային կետի, որտեղ խոսքերն ավարտվում են, եւ տիրում են գործերը»: Նրա գնահատմամբ, այն, ինչ պիտի ասվեր ՀՀ ներկա վարչախմբի էության, նրա վերարտադրման կործանարար հեռանկարի եւ դրանից խուսափելու անհրաժեշտության մասին՝ արդեն ասվել է: «Երեք ամիս շարունակ իմ ուժերի ներածին չափով ես փորձել եմ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը գող, ավազակ, հակաժողովրդական իշխանություն է, որի հանցավոր գործունեության հետեւանքով Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական առումներով մատնվել է թշվառագույն վիճակի: Փորձել եմ ապացուցել նաեւ, որ նրա վերարտադրությունը մեր երկիրը տանելու է անխուսափելի կործանման, որ այսօր կա այդպիսի տխուր հեռանկարից խուսափելու եւ նորմալ պետություն կառուցելու ռեալ հնարավորություն»: Արձանագրելով, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում որեւէ հենարան կամ ընտրազանգված չունի, Տեր-Պետրոսյանն ասաց, թե այդ թեկնածուն «իր ամբողջ հույսը դրել է վարչական լծակների, ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքի վրա», բայցեւ հավաստիացրեց, որ դրանք միանգամայն հաղթահարելի խոչընդոտներ են: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կամք, վճռականություն, անձնազոհության ինչպիսի պատրաստակամություն կդրսեւորի ձեզանից յուրաքանչյուրը: Անձամբ ես եւ իմ տասնյակ հազարավոր կողմնակիցները պատրաստ ենք մատուցել մեր անմնացորդ ծառայությունը՝ ազգային-ազատագրական պայքարի նվիրական գործին, պատրաստ ենք հանուն Հայաստանի լուսավոր ապագայի լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր ողջ ջանքերը եւ ենթարկվել ցանկացած զրկանքի եւ զոհողության»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանն ու քար լռության պայմաններում մոտ 5-6 րոպե շարունակ կարդաց 23-ամյա Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը: Նա ասաց, որ եթե այդ բանաստեղծության ոգին համակի մեր ժողովրդին՝ «ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, եւ քոչարյանասերժական ողորմելի վարչախումբը կնետվի պատմության աղբանոցը»:

Հանրահավաքին հաջորդեց Տեր-Պետրոսյանի գլխավորած երթը՝ Մաշտոցի պողոտա-Հանրապետության հրապարակ-Սայաթ Նովա-Ազատության հրապարակ երթուղով: Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներին, որոնք բացականչում էին «Սերժիկ, հեռացիր», իրենց աշխատասենյակի պատշգամբներից «ոչ դիվանագիտական» ողջույններ հղեցին նաեւ ԱԳ նախարարության առանձին աշխատակիցներ:

Երթը, «առանց մարդկային կորուստների», ավարտվեց Ազատության հրապարակում՝ Տեր-Պետրոսյանի եզրափակիչ խոսքով. «Սա մեր հաղթանակն է եւ ռեժիմի անկման անխուսափելիությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, Աստված ձեզ հետ, բարի գիշեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել