Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ԸՆԿԵՐԸ»՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Հունվար 23,2008 00:00

\"\"Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանն իր մարզային առաջին այցի ընթացքում հարցական դիտեց՝ արդյոք տա՞ք են հագնվում ու ջրո՞ւմ են ծառերը Արմավիրի մարզի բնակիչները:

ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ հարկադրված էր մարզային քարոզարշավը սկսել, «Իրավունքի» մի դիպուկ բնութագրմամբ, իբրեւ «մառոզարշավ», եւ Արմավիր քաղաքի ընտրողների հետ իր հանդիպումն անցկացնել բացօթյա՝ այս սառնամանիքի պայմաններում:

Արդեն հաղորդել ենք, որ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարվել էր հանդիպման համար տրամադրել մշակույթի տան դահլիճը: Եվ այդ շենքի դիմաց երեկ կայացած հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը սկսեց կոչով, թե «պետք է մշակույթի տունը վերադարձվի ժողովրդին, որովհետեւ քաղաքապետն այն սեփականաշնորհել է»:

Իր հերթին Վահան Հովհաննիսյանն էլ հայտարարեց. «Իշխանությունն իրեն ժողովրդի ծառա չի զգում: Յուրաքանչյուր փոքրիկ իշխանիկ, թաղապետիկ, քաղաքապետիկ եւ այլն իրենց զգում են ձեր ճակատագրերը տնօրինողի դերում: Մենք պետք է հանենք նրանց միջից այդ մտայնությունը»:

Արմավիր քաղաքում տեղի ունեցածը ՀՅԴ թեկնածուի առջեւ հարուցված միակ խոչընդոտը չէր: Նրա հետ հանդիպման եկած Մրգաշատ գյուղի բնակիչներից մեկն «Առավոտին» փոխանցեց, որ իրենց համայնքապետը՝ ՀՀԿ անդամ Մանվել Դանիելյանը, նախապես պատվիրել է դուրս չգալ հանդիպման: Այս տեղեկությունը թերեւս փոխանցվել էր նաեւ Արթուր Աղաբեկյանին. մեզ հասավ նրա եւ գյուղապետի բորբոքված զրույցից մի պատառիկ, որի ընթացքում պրն Աղաբեկյանը խոստանում էր անձամբ զբաղվել այդ գյուղով: Սակայն երբ դիմեցինք պրն Աղաբեկյանին՝ նախընտրեց առավել ընդհանրական պատասխան տալ. «Գտնում եմ, որ եթե գյուղ է այցելում նախագահի թեկնածու (անկախ նրանից, թե ով է), ցանկացած գյուղապետ պետք է անի ամեն ինչ, որ գյուղի ժողովուրդը հանդիպի թեկնածուի հետ, լսի նրա ծրագրերը»:

Իսկ գյուղապետ Մանվել Դանիելյանը հերքեց, թե հորդորել է չմասնակցել հանդիպումներին. «Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, որ գալու են գյուղ: Ես պատահական եմ իմացել՝ 1 ժամ առաջ: Ես ոչ մեկին չեմ խոչընդոտել: Պատրաստ եմ բոլորին էլ ընդունել՝ շատ նորմալ, ու ճանապարհել»:

Այս հանդիպումներն անցնում էին բավական անմիջական մթնոլորտում՝ շնորհիվ Վահան Հովհաննիսյանի կատակների: Մի քանի օրինակներ մեջբերենք նրա եւ Արմավիրի մարզի բնակիչների զրույցներից: Մրգաշատի մի գյուղացի բողոքեց, թե իրենից շատ ավելի գումար են գանձում, քան արձանագրվում է էլեկտրահաշվիչի ցուցմունքով: Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր տանն էլ է տենց լինում, բայց մենք կռիվ ենք անում»: Գյուղացին հետաքրքրվեց. «Ի՞նչ ձեւի կռիվ կարելի է տալ», եւ թեկնածուն խոստացավ. «Ես ձեզ հետո առանձին խորհուրդ կտամ՝ ինչ կարելի է անել»:

Քիչ անց նա փոքր-ինչ վիճեց Գայանե անունով մի կնոջ հետ, որը վկայակոչելով գյուղի դաշնակցականներից իր դժգոհությունները՝ ասում էր, թե ձայն չի տա ՀՅԴ թեկնածուին: «Մենք ձեր ձայնը չենք էլ խնդրում»,- հակադարձեց Վահան Հովհաննիսյանը: «Բա խի՞ եք եկել»,- զարմացավ տիկին Գայանեն: Թեկնածուն որոշեց պարզել, թե հատկապես ո՞ր դաշնակցականներից է դժգոհ նա: «Մտել եմ Հոկտեմբերյանի դաշնակցության կուսակցություն՝ էնտեղ մի կին էր նստած. ասաց՝ ի՞նչ հարցով եք եկել, ասացի՝ ես ուզում եմ դիմել ձեր ղեկավարին՝ աշխատատեղի համար: Ինձ ասացին՝ մենք կուսակցություն ենք ընդամենը, ոչ մի աշխատատեղ չենք կարող տալ,- պատմեց տիկին Գայանեն:- Իրենք ինձ ասացին՝ գնացեք «Բարգավաճից» օգնություն խնդրեք գումարով»: «Տվի՞ն»,- զուսպ հետաքրքրվեց պրն Հովհաննիսյանը:

«Ես էս գյուղի դաշնակցականներից այ սենց վատ բաներ եմ տեսել,- շարունակեց բողոքել կինը:- Հենց անձամբ Աննայից այ սենց (կոկորդը ցույց տվեց.- Ա. Ի.) դժգոհ եմ»: «Աննայից ես էլ եմ դժգոհ»,- ինձ ցույց տալով՝ ասաց ՀՅԴ թեկնածուն:

«Պետությունը պիտի միջին բիզնեսը զարգացնի, որ ձեր նման տիկինները՝ մասնագետ, աշխատատեղ ունենան»,- ասաց ՀՅԴ համակիրներից մեկը: «Ախպեր ջան, դու ոնց որ Հայաստանից չըլնես,- առարկեց նրան մի գյուղացի:- Դու գիտե՞ս, թե բիզնեսը ոնց ա զարգանում: Մի հատ թոնիր ես դնում՝ ասում են՝ դե, 100 հազար փող մուծա»:

Առավել ուշագրավ երկխոսություն ծավալվեց Ալաշկերտ գյուղի բնակիչների հետ, որոնցից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու ատոմակայանի հարցը՝ պնդելով, որ ճառագայթման հետեւանքով իրենց երիտասարդ շուրջ 10 ընտանիքները 3-4 տարի շարունակ երեխա չեն ունենում: «Կարծում եք՝ դրանի՞ց է,- թերահավատություն հայտնեց Վահան Հովհաննիսյանը:- Կարող ա՝ աղջկերքի ոչ տաք հագնվելու հետեւանքով լինի»: Սակայն խոստացավ. «Բերեք՝ նորմալ բժշկի տանենք, ստուգենք, հասկանանք, որովհետեւ սենց ասելով չի»:

Գյուղացիներն էլի բողոքում էին ատոմակայանից, պնդելով, թե իրենց տնկած ծառերը չորանում են: «Կարող է՝ չե՞ք ջրում»,- էլի կասկածեց նախագահի թեկնածուն:- Կամ էլ՝ սա կարող է ընդհանուր անապատացման պրոցեսի հետեւանք լինի»:

Մի ծեր գյուղացի բողոքեց, թե իր մեքենայի տեխսպասարկման համար 70 հազար դրամ են պահանջել: «Մի՛ տուր: Դիմացիր՝ մինչեւ կգանք իշխանության»,- հորդորեց պրն Հովհաննիսյանը:

Իսկ Նալբանդյան գյուղի բնակիչների բողոքին, թե 10 տարի շարունակ թեկնածուները գնում-գալիս են իրենց գյուղ, սակայն չի փոխվում ոչինչ՝ Վահան Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ճիշտ եք ասում: Ուրեմն՝ ընտրեք ինձ ու վերջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել