ՀՌԱԿ նախկին ատենապետը չխոսեց քաղաքական թեմաներով
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր Թեքեյան մշակութային միության ՀՀ կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը: Նա նախ խոսեց միության գործունեության մասին, հետո անդրադարձավ ամենամյա Թեքեյան մրցանակաբաշխության արդյունքներին: Երեկվա հանդիպումը պատահական չէր ընտրված, քանի որ հունվարի 21-ին լրանում է բանաստեղծ, հասարակական- քաղաքական գործիչ Վահան Թեքեյանի ծննդյան 130-ամյակը: Այս կապակցությամբ մարտին Թեքեյան թատերախումբը կբեմադրի Պերճ Զեյթունցյանի «Հայելու մեջ» պիեսը: «Միության կարեւորագույն խնդիրն է ոչ միայն Թեքեյանի գործունեության քարոզչությունը, այլեւ մշակութային լայն գործունեություն իրականացնելը»,-մանրամասնեց Ռ. Միրզախանյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ-ում, օրինակ՝ գործում է 4 դպրոց, որոնք անվանակոչված են Վ. Թեքեյանի անվամբ, իսկ արտասահմանում հայտնի է Հոլիվուդի Տիգրանյան վարժարանը, որը եւս Թեքեյան մշակութային միության հովանու տակ է գործում: «Մտահոգիչ է այն, որ Բեյրութի դպրոցում աշակերտների թիվը գնալով նվազում է: Սակայն դա կապված է այդ գաղութի փոքրացման հանգամանքով»,- փաստեց Ռ. Միրզախանյանը: Այս տարի կազմակերպված Թեքեյան մրցանակաբաշխությանը հայտարարված էր 8 անվանակարգ: Գրականության ոլորտում հաղթող ճանաչվեց բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը՝ «Մեր տարիքն Արարատն է» ստեղծագործությամբ, երաժշտության բնագավառում՝ Ջիվան Գասպարյանը՝ «Հին ու նոր հուշեր» ձայներիզով, ռադիոհեռուստատեսայինում՝ Արտեմ Սարգսյանը՝ «Դարը» հեղինակային ծրագրով, սոցիալ-քաղաքական երգիծանք անվանակարգում Արամայիս Սահակյանը՝ իր «Ծիծաղի տնով», գեղանկարչության բնագավառում՝ Վարուժան Վարդանյանը՝ «Տիրամայրը մանկան հետ» գործով, քանդակագործության մեջ Գետիկ Բաղդասարյանը՝ «Եղիշե Չարենց» քանդակով, մամուլի բնագավառում՝ Հակոբ Ավետիքյանը, մանկապատանեկան ստեղծագործության բնագավառում՝ Ռուբեն Հախվերդյանը՝ «Զրոյից մինչեւ 100 տարեկան երեխաներին» գիրք-ալբոմով: Լրագրողներին հետաքրքրեց, թե մրցանակաբաշխության հաղթողների շարքերում ինչու՞ երիտասարդներ չկան: Ռ. Միրզախանյանը պատասխանեց. «Հաղթողները, իրոք, 50-ից բարձր տարիքի արվեստագետներ են: Մենք հարգանքով ենք վերաբերվում այն մրցանակաբաշխություններին, որոնք անցկացվում են երիտասարդների կամ կին արվեստագետների շրջանում: Սակայն մենք դա չենք ընդունում, քանի որ եթե խոսում ենք լիարժեք մրցակցության մասին, ապա տարիքային կամ սեռական պատկանելությունը չպիտի լինեն սահմանափակող հանգամանքներ: Մյուս կողմից էլ, մրցանակաբաշխության հեղինակավոր լինելու պայման է այն, որ արվեստի արժանահիշատակ գործեր են ճանաչվում որպես հաղթող»: Ռ. Միրզախանյանը տեղեկացրեց, որ որպես վաստակի գնահատանք՝ իրենք արվեստագետներին արժանացնում են «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին, որին արդեն արժանացել են 15 արվեստագետներ ՀՀ-ից եւ արտասահմանից: Իսկ վերջին անգամ շքանշանը շնորհվել է Շարլ Ազնավուրին, որը այս տարի այդ կապակցությամբ հնարավոր է այցելի ՀՀ:
Ասուլիսի ավարտին «Առավոտը» պրն Միրզախանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքական ներկայիս զարգացումները: «Այս պատերի ներքո (նկատի ունի «Ուրբաթ» ակումբը- Տ. Հ.) այնքան խոսողներ կան այդ մասին… Կարծեմ թե, ամեն ինչ պարզ է»,- դիվանագիտորեն կարճ կապեց ՀՌԱԿ նախկին ատենապետը: