Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԵՐԿ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, «ԿՈՂՊՎԱԾ» ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հունվար 22,2008 00:00

Րաֆֆի Դավթյանի «Մարդկության դռներ» նախագծի վիդեոֆիլմը Նյու Յորքում առաջին մրցանակ է շահել:

Անցյալ տարվա վերջին Երեւանում, «Ավանգարդ» ֆոլկ ակումբում բացվեց իրանցի արվեստագետ Րաֆֆի Դավթյանի «Մարդկության դռներ» խորագրով ցուցահանդեսը: Ինքնատիպ այս նախագիծը ներառում էր տարածության մեջ ինստալացված, բազմակի պատկերավորությամբ ներկայացված ֆոտոօբյեկտներ, մարդկային ֆիգուրներ եւ inter-est, (Միջեւ-եւ) անունը կրող տեսաֆիլմը: Ներկայացված էր մարդկային մերկ ֆիգուրներ պատկերող 27 մեծ լուսանկար, որոնցում սեռական օրգանները ծածկված էին ոչ թե տերեւով, այլ քուբեհներով՝ իրանական դռների թակիչներով: Մինչ օրս արվեստասերների շրջանում չի նվազել հետաքրքրությունն այդ անսովոր նախագծի հանդեպ: «Առավոտը» հյուրընկալեց նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ Րաֆֆի Դավթյանին, որը ծնունդով Իսպահան քաղաքից է, ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան: «2003 թվականից աշխատում եմ ժամանակակից արվեստի ոլորտում»,- ասաց Րաֆֆին: Խոսելով «Մարդկության դռների» մասին, հեղինակը նշեց. «Այս ցուցահանդեսս էլ ժամանակակից արվեստի արտահայտությունն է: Իսկ ժամանակակից արվեստն այն է, ինչն առնչվում է այսօրվա հետ: Այդ ոլորտի արվեստագետը պետք է ոչ թե իր տպավորությունները ներկայացնի, այլեւ ստեղծագործելիս խոսի իր ապրածի, զգացածի ու տեսածի մասին»: Մեկ ամիս առաջ Րաֆֆի Դավթյանը Նյու Յորքում կայացած «Հանգալերի» մրցանակաբաշխության ժամանակ «Մարդկության դռներ» ցուցահանդեսի իր տեսաֆիլմով ներկայացրել է Հայաստանը: «Աշխատանքս հաղթող ճանաչվեց եւ փետրվարի 1-ից այն որպես հաղթած տեսաֆիլմ կցուցադրվի Նյու Յորքում: Փաստեմ, որ «Հանգալերին» հայտնաբերել է ժամանակակից արվեստի հայտնի դեմքերից շատերին»:

«Մարդկության դռներ» խորագրով ցուցահանդեսի թեմայի ընտրության հետ կապված էլ նկարիչը նշեց, որ վերջինս գենդերային է. «Այդ թեմայով աշխատելը ամենեւին հեշտ չէր: Գենդերային թեման ունի իր փիլիսոփայությունը՝ հիմնված մի շարք հետազոտությունների վրա: Շատերի կարծիքով այս ցուցահանդեսը տեղին էր, նույնիսկ հրատապ: Ցուցահանդեսը խոսում է սեռական ինքնությունների մասին»: Դառնալով իր վերջին նախագծի մասին հնչող քննադատություններին էլ, նկարիչն ասաց, որ, իր կարծիքով, ցուցահանդեսն ընդունվել է հասարակություն կողմից. «Ցուցահանդեսից առաջ ես ասուլիս հրավիրեցի Հայաստանում, հնչեցին տարբեր կարծիքներ: Ասեմ, որ լրագրողներից ոչ բոլորն էին կոռեկտ: Երբ TV-ներից մեկով դիտեցի պատրաստված ռեպորտաժը, հասկացա, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել, ինչ-ինչ ենթատեքս փնտրել…»: Ըստ Րաֆֆիի, իր ցուցահանդեսը ոչ միայն կապված է իրանական կոնտեքստին, այլեւ համամարդկային է: Նա հայտնեց, թե ինքը ցանկացել է, որ այն առաջին անգամ ցուցադրվի Հայաստանում՝ ոչ թե նրա համար, որ վերջինս ազատ երկիր է, այլ այն պատճառով, որ «Հայաստանը անցումային երկիր է, այսինքն ե՛ւ Արեւմուտք է, ե՛ւ Արեւելք՝ հարուստ բազմաթիվ ավանդույթներով եւ գենդերային խնդիրներով: Եվ հետո, չէ՞ որ ես հայ եմ, ուրեմն ինչո՞ւ պիտի այն ուրիշ երկրում լիներ»:

Ր. Դավթյանն ասաց, որ պատրաստ է ցանկացած թեմայով նկարել, քանդակել, ցուցադրել եւ ամենեւին էլ մտավախություն չունի, թե կլինեն մարդիկ, ովքեր չեն հասկանա իր ոճը. «Ժամանակակից արվեստի էությունը հենց իր չհասկացված լինելու մեջ է: Այն չի հասկացվում, պարզապես արվում է, որ աստիճան ստեղծվի, ճանապարհ բացվի հետագա քայլերի համար: Ժամանակակից արվեստը երբեք կողմ չի եղել ժողովրդին, իշխանությանը կամ էլ ընդունված նորմերին: Այն միշտ գալիս է քանդելու, կոտրելու այն սահմանները, որոնք համարվում են երկնքից իջած»: Արվեստագետը հայտնեց, որ շուտով պատրաստ կլինի «Մարդկության դռների» երկրորդ «փուլը», որն այս անգամ վերաբերելու է ձայնային ինքնություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել