Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

Հունվար 22,2008 00:00

\"\"Ասում է ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցողների թիմը համալրած իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

– Թվում է, թե իրավապաշտպանը քաղաքական գործընթացներում այս կամ այն քաղաքական ուժի եւ թեկնածուի նկատմամբ կողմնորոշում չպետք է դրսեւորի: Ինչո՞ւ որոշեցիք հրապարակավ հայտնել ձեր նախընտրությունների վերաբերյալ, առավել եւս պաշտպանել ՀՀ նախկին նախագահին, որի իշխանավարության տարիներին էլ իրավապաշտպանները առանձնապես «պարապուրդի» մատնված չեն եղել:

– Լինել իրավապաշտպան, չի նշանակում անպայման լինել ապաքաղաքական: Սա սխալ կարծիք է: Ցանկացած մարդ, այդ թվում եւ իրավապաշտպանը, կարող է ունենալ իր քաղաքական կողմնորոշումները: Այլ բան է, որ իրավապաշտպանը պետք է կարողանա, հարկ եղած դեպքում, պաշտպանել իր քաղաքական կողմնորոշումները չկիսող եւ տվյալ պահին պաշտպանության կարիք ունեցող մեկին: Այնպես որ, իմ համոզմամբ, իրավապաշտպանությամբ զբաղվելը չի բացառում երկրի ճակատագրով մտահոգվելն ու քաղաքական գործընթացներին մասնակցելը: Դրական փոփոխությունների ակնկալիք այսօր մեր հասարակության բոլոր շերտերն ունեն: Ես էլ, որպես քաղաքացի, կարծում եմ, որ հասել ենք այն շեմին, որից այն կողմ նոր զարգացումներ չլինել չեն կարող եւ իմ կարողություններով ցանկանում եմ նպաստել, որպեսզի այդ փոփոխությունները անպայման տեղի ունենան: Ինչու հենց Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Որովհետեւ վստահ եմ, որ նախագահի թեկնածուներից միայն նա է, որ դուրս է եկել վճռական պայքարի եւ ի վիճակի է ոչ միայն հաղթելու, այլեւ իր հաղթանակին տեր կանգնելու, իսկ հետո իմ ակնկալած փոփոխություններն իրականացնելու:

– Հասարակական, քաղաքական շրջանակներում բանավեճ կա ձեր նախընտրած թեկնածուի իշխանավարության տարիների եւ այսօրվա նրա հայտարարությունների հակասության, մեր երկրի կառավարման համակարգն արմատապես բարեփոխելու մտադրության անկեղծության վերաբերյալ:

– Ես ձեր նշած տարիներին էլ եմ զբաղվել իրավապաշտպանությամբ, այսօր էլ եմ զբաղվում: Այն ժամանակ նույնպես եղել են լուրջ խնդիրներ: Մարդու իրավունքները աշխարհի նույնիսկ զարգացած երկրների համար են խնդիր: Բայց ես, գոնե ինձ համար, գծել եմ սահման՝ նախկին իշխանությունների, որոնք ասոցացվում են Տեր-Պետրոսյանի հետ, եւ այսօրվա Տեր-Պետրոսյանի միջեւ: Դրանք բոլորովին էլ նույնը չեն: Վերջին 10 տարիները, որոնք չգիտես ինչու մարդիկ եւ նույնիսկ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, համարում են նրա լռության տարիներ, իրականում ոչ թե լռության տարիներ պետք է անվանվեն, առավել եւս, որ այդ լռությունը չափազանց խոսուն էր, այլ՝ դատելով սեպտեմբերի 21-ից սկսած Տեր-Պետրոսյանի ելույթներից՝ վերաիմաստավորման տարիներ: Նրա ելույթները ցույց են տալիս, որ նա բծախնդրությամբ անալիզի է ենթարկել իր իշխանավարման շրջանը: Այդ տարիների վերաիմաստավորած ներկայացումն ու առաջ քաշած նոր ծրագրերն ինձ թույլ են տալիս գալ եզրահանգման, որ այն խնդիրները, որոնք ես՝ որպես իրավապաշտպան, լուծում էի 90-ականների առաջին կեսին, այս անգամ, նրա իշխանության օրոք, հաստատ չեմ ունենալու:

– Ի՞նչն է ձեզ նման հույս ներշնչել: Միայն նրա ելույթներն ու ծրագրե՞րը: Բոլոր թեկնածուների ծրագրերն էլ շատ գեղեցիկ եւ խոստումնալից են, քանի դեռ թեկնածուն չի ընտրվել:

– Ես փաստաթղթավորված ծրագրերով չեմ դատում: Թղթի վրա գրելը շատ հեշտ է, հնչեցնելը՝ առավել եւս: Կա մի գերագույն ծրագիր՝ թույլ չտալ այս իշխանությունների վերարտադրումը: Հարկավոր է աջակցել նրան, ով կարող է հնարավորինս արագ եւ անցնցում մեր հասարակական եւ պետական դաշտն ազատել ներկա իշխանություններից: Մեծագույն ծրագիրը, կարծում եմ, սա պիտի լինի: Եվ այս ծրագրի իրականացման համար ես պատրաստ եմ աջակցել այն ուժին կամ այն մարդուն, ով միաժամանակ եւ ազնիվ է, եւ պատասխանատու, եւ կարող է դա իրականացնել: Վստահ եմ, որ այդ մարդը Տեր-Պետրոսյանն է: Միայն այս իշխանության վերարտադրումը խափանելուց հետո հնարավոր կլինի լրջորեն խոսել թղթի վրա գրված ծրագրերի, դրանց իրականացման հնարավորությունների եւ դրանց պոպուլիստական կամ իրատեսական լինելու մասին:

– Ձեր դիտարկմամբ, այսօր հասարակության շրջանում կա՞ բավարար մթնոլորտ «նախկին» եւ «ներկա»՝ իր իշխանության տարիները վերաիմաստավորած Տեր-Պետրոսյանի միջեւ եղած տարբերություններն ընկալելու համար:

– Կարծում եմ, այո, կա այդ մթնոլորտը: Հակառակ դեպքում նրա կոչով կամ նրան լսելու համար տասնյակ հազարավոր մարդիկ ձմեռնամուտի այդ ցուրտ օրերին հրապարակ չէին գա: Հեռավոր գյուղերում, դիվիդի ունեցողի տանը, իրար գլխի չեն հավաքվի նրա ելույթները լսելու համար: Ոչ միայն ինքը՝ Տեր-Պետրոսյանն է վերաիմաստավորել անցյալը, այլեւ ժողովուրդն է վերաիմաստավորել Տեր-Պետրոսյանին: Սրանում համոզվելու համար բավական է մասնակցել գոնե մեկ հանրահավաքի: Ես մայիսյան ընտրություններից հետո ձեր թերթին տված հարցազրույցում ասել էի, որ մեզանում հաղթանակեց անտարբերությունը: Հիմա ես կարող եմ վստահորեն պնդել, որ անտարբերությունը երկու ամսից ավելի է, ինչ պարտված է Հայաստանում: Եթե չկա անտարբերություն, իսկ ես վստահեցնում եմ, որ չկա, նշանակում է՝ կան հույսեր, կա վստահություն, որ իշխանական թեկնածուն այս անգամ պարտություն է կրելու: Ամեն ինչ մի օր վերջ է ունենում: Հիմա, կարծում եմ, եկել է այս իշխանության վերարտադրության վերջը: Նրանք այլեւս գոյատեւելու ռեսուրս չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել