Շաբաթ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց Շիրակի մարզում
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցին Շիրակի մարզի պատասխանատուները պատրաստվել էին «բարձր» մակարդակով: Չնայած մարզում տիրող սառնամանիքին, գյուղապետերը հոգ էին տարել, որ իրենց գյուղերի բնակիչները՝ նորածիններից մինչեւ տարեցներ, դեռեւս մեկ ժամ առաջ վարչապետին կազմ ու պատրաստ դիմավորեին: Մեզ հետ զրույցում հանրապետականների դրոշները ծածանող, մրսած դպրոցականները խոստովանեցին, որ իրենք եկել են ուսուցիչների «խնդրանքով»: Պաշտոնապես Սերժ Սարգսյանը մարզ էր այցելել ճանապարհների վիճակը ստուգելու, որոշ թաղամասերի գազիֆիկացման աշխատանքներին ծանոթանալու եւ մարզի սոցիալ- տնտեսական խնդիրները քննարկելու: Այդուհանդերձ, վարչապետը ձեռքի հետ էլ շիրակցիների նախընտրական տրամադրվածությունը ստուգեց: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը հատկապես այցելեց այն համայնքներ, որտեղ բնակչության մեծ մասը կամ դաշնակցականներ են, կամ էլ առաջին նախագահի համակիրները: Օրինակ՝ մարզի Սառնաղբյուր գյուղը հայտնի է որպես դաշնակցականացված համայնք: Գյուղապետ Հրաչ Աճեմյանը դաշնակցական է, ուստի գյուղացիները նրա պատվին դաշնակցականների թեկնածու Վահան Հովհաննիսյանին են «բալետ» անում: Մարալիկն էլ թեեւ հանրապետականների ձեռքին է (գյուղապետը հանրապետական է), այդուհանդերձ, այստեղ մեծ է հարեւան՝ Ձորակապի բնակիչների ազդեցությունը: Նշենք, որ վերջին տարիներին Ձորակապում ցանկացած ընտրություններին իշխանական թեկնածուները զրո ձայն են հավաքում: Ի տարբերություն մարզի մյուս գյուղերի, ձորակապցիներին ընտրակաշառքն էլ չի հրապուրում:
Ի դեպ, վերջերս լուրեր էին պտտվում, որ 33 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի մարդիկ արդեն սկսել են ընտրակաշառքի համար մարդկանց ցուցակագրել: Այս առնչությամբ Ա. Աղաբաբյանը, որն ուղեկցում էր Ս. Սարգսյանին, պատասխանեց. «Շատ շնորհակալ եմ, որ ինձ հարուստի տեղ են դրել ու ասում են, որ ես ամեն մեկին կարող եմ 30 հազար դրամ բաժանել: Բա ո՞ւմ անունը շրջանառվեր, եթե ոչ իմը, եթե ես միշտ ընտրվում եմ, միշտ բարձր ձայներ եմ հավաքում, ժողովրդի հետ եմ, տառապում եմ նրանց հոգսերով, չկա ըտենց մի թաղ իմ տարածքում, չկա ըտենց կնունք, հարսանիք, որ իմ ուշադրությունից դուրս մնա, ո՞վ պտի խոսա, ով որ նույնը չի կարող անել: Ես վաստակած տղա եմ, պատերազմով անցած, իմ քրտինքով ապրող, բոլոր հարկերը վճարող մարդ եմ, թեկուզ նոր նախագահ էլ լինի, էլի ինձ չի կարա որեւիցե մի բան անի: Ես ժողովրդական մարդ եմ, թող իրանք մտածեն՝ նախագահ դարձողները: Ես ոչ մի ըտենց որեւիցե խիստ, երեւակայող կարծիք ոչ մի նախագահի նկատմամբ չունեմ, ժողովուրդը ում ձեն տվեց՝ նա էլ ընտրվելու է»:
Պատասխանելով «Գալա» հեռուստաընկերության լրագրողի նույն հարցին, վարչապետն էլ կատակեց. «Եթե երեսուն հազար բաժանում են, ես ձեզ խորհուրդ կտամ մի հարյուր հոգի հավաքել, գնալ էդ երեսուն հազարը ստանալ, բավական գումար ա դառնում՝ երեք միլիոն դրամ, կարող եք տանել էդ աշտարակի համար վճարել եւ էդ հեռուստատեսությունը նորմալ կաշխատի»: Ս. Սարգսյանը հավաստիացրեց, որ իշխանությունները «Գալայի» հետ խնդիրներ չունեն. «Ես կարծում եմ, որ բոլորն էլ պետք է հարկեր տան, որպեսզի ազատ, հանգիստ աշխատեն, այս է խնդիրը, մենք որեւէ մեկի նկատմամբ ոչ մի խնդիր չունենք, «Հ1»-ը լինի, «Արմենիան», թե «Գալան», բոլորն էլ պետք է հարկերը տան»: «Գալայի» լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հեռուստաընկերությունում ստուգումները սկսվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելուց հետո, վարչապետը պատասխանեց. «Եթե ուզում եք լինել ազատ հեռուստաընկերություն, ինքներդ ազնիվ պետք է լինեք, բոլոր հարկային ստուգումները սկսվել են դեռեւս շատ-շատ վաղուց, եւ էս քաղաքական իրադարձությունների հետ կապ չունեն, եթե աշտարակ եք օգտագործում, պետք է դրա համար վճարեք, առանց վճարելու լինո՞ւմ է, չի լինում, չէ՞, եթե մեկը գալիս է ձեզ մոտ ռեկլամ տեղադրելու, դուք առանց վճարելու ռեկլամ անո՞ւմ եք, չեք անում, չէ՞»: