Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ»

Հունվար 22,2008 00:00

\"\"Երեկ իր իշխանավարության տարիները վերագնահատելով՝ ե՛ւ Արթիկում, ե՛ւ Աշտարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երեկ պաշտոնապես մեկնարկեց փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը: ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավը սկսեց Շիրակի եւ Արագածոտնի մարզից՝ հանդիպումներ ունենալով Արթիկ, Ապարան եւ Աշտարակ քաղաքներում: Նախատեսված էին կարճատեւ հանդիպումներ նաեւ Մանթաշ, Ծաղկահովիտ, Ալագյազ, Քուչակ, Շենավան գյուղերում: Իհարկե, եղան նաեւ չնախատեսված կանգառներ, օրինակ՝ Պեմզաշենում եւ Ուշի-Օհանավան գյուղերի խաչմերուկում, որտեղ մարդիկ հավաքվել էին ողջունելու ՀՀ առաջին նախագահին, իսկ Ափնագյուղի մոտ չնախատեսված կանգառն ավելի երկար տեւեց՝ գյուղացիներից մեկը գառ մորթեց՝ ի պատիվ Տեր-Պետրոսյանի եւ ի հիշատակ Կարեն Դեմիրճյանի:

Պեմզաշենում Տեր-Պետրոսյանին ուղեկցող քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչների ավտոշարասյանը դիմավորեց տեղի բնակիչներից մեկը, ով շնորհավորեց իր համերկրացիներին, իր ձեւակերպմամբ՝ «հաղթական շարասյան» առաջին կանգառը Պեմզաշենում անելու համար: Այստեղ իր կարճ ելույթում Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, թե մեկ ամսից կանգնելու ենք վճռական որոշման՝ մեր ապագայի ընտրության առաջ: «Մենք ունենք երկու ճանապարհ. մեկն այն իշխանության շարունակությունն է, որը գոյություն ունի, մյուսը՝ իմ կարծիքով, տանում է նորմալ պետության կառուցում: Չգիտեմ, կա՞ այստեղ մեկը, որը կարող է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին»,- հռետորական հարցադրում արեց Տեր-Պետրոսյանն ու լսելով «ոչ» պատասխանը՝ կեսկատակ արձագանքեց՝ «դե, եթե ոչ, ես ասելիք չունեմ, հասկանալի է, թե ձայնն ում պիտի տաք»: ՀՀ առաջին նախագահն անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու պրակտիկային՝ արձանագրեց. «Ընտրակաշառքն իր ազդեցությունը չգործեց 1998-ին, երբ ընտրվում էր Կարեն Դեմիրճյանը, 2003-ին՝ երբ ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը: Չնայած այդ գայթակղությանը՝ ժողովրդի մեծագույն մասը մերժեց ընտրակաշառքը, որովհետեւ բացի այն, որ դա անբարոյականություն է, այլեւ վատ բիզնես է»:

Ծաղկահովիտում տեղի տարեց մի տղամարդ ի պատասխան Տեր-Պետրոսյանի հարցին՝ ասաց, թե՝ ժողովուրդն ամուր է կանգնած եւ վճռական է գործող իշխանությունից ազատվելու հարցում: Սա այն գյուղն էր, որտեղ երեկ բացվել էր Տեր-Պետրոսյանի նախընտրական ենթաշտաբ եւ անմիջապես էլ ոստիկանության եւ տեղական իշխանությունների ճնշման տակ փակվել: Ի դեպ, այս փաստը երեկ հենց տեղում արձանագրեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկու դիտորդները, որոնք Ծաղկահովիտից սկսած միացան եւ հետեւեցին Տեր-Պետրոսյանի բոլոր հաջորդ հանդիպումներին: «Մենք մեր իշխանության շրջանում արել ենք այնքան, որքան հասցրել ենք՝ աղետի գոտու առկայության, պատերազմի ու շրջափակման պայմաններում: Դրանից հետո եկել են այլ իշխանություններ: Եթե գոհ եք այս իշխանություններից՝ նորից քվեարկեք նրանց օգտին: Իսկ եթե ուզում եք ինչ-որ բան փոխել՝ օգտվեք այդ հնարավորությունից, եւ, կարծում եմ, դժգոհ չեք մնա»:

Ծաղկահովիտցի մի քրդուհի էլ ասաց, թե իրենք ուզում են Ստեփան Դեմիրճյանին ընտրել: «Որ ինձ ուզում ես՝ իրեն (Տեր-Պետրոսյանին) էլ պետք է ուզես ընտրել, մենք այսօր միասին ենք, բոլորս պետք է համախմբվենք՝ իրավիճակը փոխենք: Պետք է այս անգամ վերջնականապես հասնենք արդյունքի, որից հետո ձեզ բոլորին հուզող հարցերը կլուծվեն»,- խոստացավ Ստ. Դեմիրճյանը:

Հաջորդ կանգառն Արթիկում էր: Այստեղ, չնայած տեղական իշխանությունների եւ ոստիկանության գործադրած ջանքերին, հրապարակում հավաքվել էր շուրջ 300 մարդ: Ելույթ ունեցան ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Բայց արթիկցիները սպասում էին Տեր-Պետրոսյանի խոսքին ու, թերեւս, լսեցին այն, ինչ ուզում էին. «Ես գիտեմ՝ իմ իշխանության, իմ նախագահության օրոք ես չեմ արդարացրել ձեր բոլոր հույսերը: Եղել են հիասթափություններ, դժգոհություններ, եղել են շատ խիստ քննադատություններ: Ես այդ ամենը ընդունում եմ: Ընդունում եմ, եւ եթե դուք կարծում եք, որ այդտեղ ես մեղք ունեմ՝ ես ներողություն եմ խնդրում այդ մեղքի համար: Ես տվել եմ իմ բացատրությունները, դուք երեւի ծանոթ եք նաեւ իմ վերջին ելույթներին: Որքան հնարավոր է՝ ես կարողացել եմ, այո, վերաիմաստավորել անցյալը: Գուցե այդ բացատրությունների մի մասը ձեզ դեռեւս չի բավարարում: Բայց սա այն է, ինչ ես կարող եմ: Ավելին չեմ կարող անել: Ես ասել եմ այն, ինչ գտնում եմ ճշմարիտ է: Դուք եք որոշողը: Ես չեմ եկել ձայն խնդրելու, ձայն մուրալու: Դա Սերժի գործն է, որովհետեւ նա Հայաստանում ձայն չունի»:

Ապարանում էլ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը մասնակցեցին շուրջ 300 մարդ: Ինչպես տեղացիներից մեկն ասաց իր ելույթում՝ իշխանություններն ամեն ինչ արել էին, որ ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպումը չկայանա: Այն հրապարակի դիմաց, որտեղ ելույթ էր ունենում Լ. Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն էր, որի վրա փակցված էր թեկնածուի մեծադիր պաստառը՝ նրա լուսանկարով: «Դուք կարող եք ընտրել ինձ կամ դիմացի պատին պատկերված անձնավորությանը»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ փետրվարի 19-ից հետո Ս. Սարգսյանից կմնա միայն այդ պատին կախված նրա նկարը:

Տեր-Պետրոսյանի քարոզարշավի առաջին օրն ավարտվեց Աշտարակում ունեցած հանդիպումով, որին մասնակցում էր ավելի քան 3000 մարդ, որոնք ակտիվորեն արձագանքում էին բոլոր ելույթներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել