Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ 2-ՐԴ ՓՈՒԼՈ՞ՒՄ

Հունվար 22,2008 00:00

Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ գրավոր պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության՝ դեռեւս դեկտեմբերի 18-ին առաջադրված հարցերին, թեեւ դրանք այսպես էր բնորոշել իր կայքէջում. «Որոշ հարցեր շատ են հիշեցնում ԱՄՆ մուտք գործելու վիզա ստանալու նպատակով լրացվող անկետայի հարցերը»:

Հունվարի 19-ի հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը արձանագրել էր, որ թեկնածուները չեն պատասխանել հանրային իրազեկման իրենց հարցաշարին, եւ տեղեկացրել էին իրենց որոշման մասին. «Կոչ անել Վազգեն Մանուկյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաղթական համատեղման նպատակով արտակարգ ու լիազոր վերանայում կատարել մեկնարկելիք նախընտրական պայքարի մարտավարության մեջ»: Նաեւ նշված է, թե այս թեկնածուներից նվազագույնը 2-ի միավորման «անհրաժեշտության չկատարման դեպքում» կուսակցության վերջնական վճիռը կկայացվի ավելի ուշ: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այս առնչությամբ չի բացառել, որ այդ դեպքում իրենց որոշումը կկայացնեն ընտրությունների հնարավոր 2-րդ փուլից առաջ: Իսկ բացատրելով այն հանգամանքը, որ կոչի հասցեատեր թեկնածուների մեջ չէ ԱՄ առաջնորդը՝ Հովսեփ Խուրշուդյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, «Ակնհայտ է, որ Արտաշես Գեղամյանի քարոզչությունը, համենայնդեպս մինչեւ այսօր որ հնչել է, միտված չէ երկրում համակարգային փոփոխությունների իրականացմանը, այլ ավելի շատ ամրապնդում է հենց իշխանության դիրքերը»:

Թվարկված 4 թեկնածուներից 2-ի տեսակետն այս կոչի վերաբերյալ ճշտեցինք երեկ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ խոսնակի փաստարկի կապակցությամբ, թե ընդդիմադիրները չեն հաջողել միավորվել, ուրեմն՝ չեն հաղթի, ասել էր. «Միավորումներ կան եւ դեռ կլինեն»: Իսկ «Ժառանգության» հայտարարության մասին միայն ասաց, թե այդ կուսակցության հետ ընթանում են բանակցություններ: Վահան Հովհաննիսյանը պատասխանելով մեր հարցին, թե գործնականում հնարավո՞ր է համարում 4-ից 2-ի միավորումը՝ պատասխանեց. «Այո՛: Հնարավոր է իմ եւ Վազգեն Մանուկյանի դաշինքը»: Հարցին՝ ի՞նքը կհանի իր թեկնածությունը, թե՞ ԱԺՄ առաջնորդը՝ այսպես արձագանքեց. «Նման հարցերը որոշվում են նրանով, թե ո՛վ ավելի շատ շանս ունի հաղթելու, ո՛ւմ պոտենցիալն ու ուժերն են ավելի հզոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել