Լրահոս
Օրվա լրահոսը

Ստախոսություն՝ առանց սահմանների

Հունվար 22,2008 00:00

Վրացիների հասցեին ԿԸՀ քարտուղարի հնչեցրած վիրավորանքի պատասխանատվությունը փորձում են բարդել լրագրողների վրա:

ԿԸՀ քարտուղար, այդ կառույցում ՀՀԿ-ն ներկայացնող Աբրահամ Բախչագուլյանը հունվարի 18-ին լրագրողներին հայտարարել է, թե հունվարի 16-ին մամուլի ազգային ակումբում վրացիների մասին իր ասածը խեղաթյուրվել է. «Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ միտումնավորություն են դրսեւորել։ Իմ խոսքից առանձնացնելով մի բառակապակցություն եւ այն օգտագործելով այլ համատեքստում՝ նրանք փորձել են յուրովի մեկնաբանել «խելոք վրացի» արտահայտությունը։ Մինչդեռ ես հստակ նշել եմ, որ միջազգային պրակտիկայում եւ ընտրական իրավունքի նորմերը սահմանող հասկացությունների ու կատեգորիաների ցանկում նման արտահայտության չեմ հանդիպել»: Իր հերթին էլ՝ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, որն ընդհանրապես ներկա չէր այդ քննարկմանը՝ պնդել է. «Նրա ասածը դուրս են վերցրել կոնտեքստից: Կարծում եմ՝ նա նման արտահայտություն չի արել… Միգուցե դո՞ւք լավ չեք հասկացել, թե ինչ է ցանկացել նա ասել»:

Բոլոր նրանց, ովքեր կարող է եւ հավատ ընծայեն վերոշարադրյալին՝ պատրաստ ենք ներկայացնել քննարկման այդ հատվածի ամբողջական ձայնագրությունը, որից եւս մի անգամ բառացի մեջբերումներ ենք անում:

Աբրահամ Բախչագուլյանն ասում է. «Ես կխոսեի մատների թանաքոտման եւ արտասահմանում տպագրության վերաբերյալ: Առաջինը, իմ խորը համոզմամբ՝ ՀՀ-ում ապրող քաղաքացին հանցագործ չէ, այսինքն՝ պետք չէ դիտարկել, որ ՀՀ-ում ապրում են 2 մլն 311617 հանցագործներ», եւ տեղից ռեպլիկ է նետում ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը. «Վրաստանում սաղ հանցագործնե՞ր են»: ԿԸՀ քարտուղարը նրան արձագանքում է. «Դե, ես խելոք վրացի չեմ տեսել»: Ու սկսում խոսել այն մասին, որ ՀՀ-ում ընտրվել է կրկնակի քվեարկությունը բացառելու այլ տարբերակ՝ դրոշմակնիքն արձանագրերում. «Թանաքոտումն օգտագործվում է այն երկրներում, որտեղ չկա ընտրողների ցուցակ հասկացություն: Մարդիկ ազատ մտնում են ցանկացած տեղամաս, իրենց անուն-ազգանունը գրում են՝ մատը թանաքոտում են, որ ինքը այլ տեղամաս չմտնի»: Գրիգոր Հարությունյանը կրկին ռեպլիկ է նետում. «Վրաստանում էդպիսի բան չկա, ի սեր Աստծո», եւ պրն Բախչագուլյանն էլի է ասում. «Վրաստանում չեմ ասում: Իմ համար Վրաստանը այլ պետություն ա, եւ ես, կներեք արտահայտության համար, չեմ լսել «խելոք վրացի» հասկացություն, էլի»: Ու դրանից հետո անմիջապես սկսում է խոսել արտասահմանում քվեաթերթիկների տպագրության մասին:

Կարծում եմ՝ պարզ է, որ ԿԸՀ քարտուղարի ասածը ո՛չ համատեքստից ենք կտրել, ո՛չ էլ այն, ի դեպ, որեւէ կերպ մեկնաբանել էինք: Եվ նա ուղղակի բացահայտ ստում է, նշելով, թե «ես հստակ նշել եմ, որ միջազգային պրակտիկայում եւ ընտրական իրավունքի նորմերը սահմանող հասկացությունների ու կատեգորիաների ցանկում նման արտահայտության չեմ հանդիպել»: Պատճառն էլ պարզ է՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատունն անմիջապես հետաքրքրվեց կատարվածով, եւ պրն Բախչագուլյանը փոխանակ ուղղակի ներողություն խնդրեր՝ մեղքը փորձեց բարդել լրագրողների վրա:

 Հ. Գ. Եթե այս ամենից հետո ԿԸՀ նախագահը հասկացավ, թե ինչ է կատարվել՝ գուցե ներողությո՞ւն խնդրի լրագրողներից՝ մեզ հանիրավի մեղադրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել