Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Հունվար 22,2008 00:00

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օրը սկսվեց Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի ներկայացմամբ եւ ավարտվեց

Վահան Հովհաննիսյանի ծրագրի շնորհանդեսով:

Կնվազեցնի հարկերը՝ կավելացնի թոշակնե րը

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագիրն ունկնդրելու էին եկել «Օրինաց երկիր» կուսակցության ակտիվիստները, որոնք իրենց առաջնորդի ելույթը բազմիցս ընդհատեցին ծափահարություններով եւ բացականչություններով:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրից առանձնացնենք, որ նա հրատապ է համարում 5 ազգային-ռազմավարական ծրագրերի մշակումը եւ իրականացումը: 1-ինը՝ «Հայաստան առանց աղքատության» ծրագիրն է, որի նպատակը պետք է լինի առաջիկա 5 տարիների ընթացքում «արմատախիլ անել չքավորությունը երկրում»: 2-րդը՝ «Մատչելի բնակարան յուրաքանչյուրին» կարգախոսով բնակարանաշինության ծրագիրն է, 30-50 տարով ցածր տոկոսով հիպոթեկային վարկավորման մեխանիզմների ներդրմամբ եւ այլն: Երրորդը «Աշխատանք եւ արժանապատվություն» ծրագիրն է, որի նպատակն է առաջիկա 5 տարում 100 հազար աշխատատեղ բացել, նաեւ նվազագույնը 2 անգամ բարձրացնել աշխատավարձերը եւ կենսաթոշակները: Չորրորդ ծրագիրը «Մրցունակ եւ զարգացած Հայաստան»-ն է, որի նպատակը Հայաստանը դարձնելն է կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների եւ առողջապահության տարածաշրջանային կենտրոն: Եվ հինգերորդն է «Վերադարձ Հայրենիք» ծրագիրը, որի շնորհիվ ակնկալվում է 2 տարվա ընթացքում կասեցնել արտագաղթը. «Մինչեւ 2012 թվականը հնարավոր կլինի ՀՀ վերադարձնել մինչեւ 300 հազար արտագաղթած մեր հայրենակիցներին»:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր նախընտրական ծրագրի իրականացման դեպքում ակնկալում է հետեւյալ արդյունքները. «Հայաստանը մրցակցայնության չափանիշներով տեղ կգրավի աշխարհի 50 առաջավոր երկրների շարքում, իսկ գիտատար տնտեսության ցուցանիշներով՝ 30 առաջատար երկրների շարքում», նաեւ՝ «Պետությունը  կվերադարձնի ժողովրդի առջեւ ունեցած բոլոր պարտքերը, ամբողջովին կփոխհատուցվեն ավանդները»: Այս ամենը ՕԵԿ թեկնածուն մտադիր է իրականացնել հարկերն ու տուրքերը նվազեցնելու պայմաններում:

Նշենք նաեւ, որ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը համարում է անդամակցությունը Եվրոպական միությանը: Իսկ ի պատասխան «Մեդիամաքսի» հարցի՝ ասաց. «Անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մեր հարեւանները մեր թշնամիները չեն»:

«Պետք է թռիչք ապահովենք պետությանը»

Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջոցառումը շատ ավելի երաժշտական էր: Ռուբեն Հախվերդյանի եւ Մակիչ Մկրտչյանի կատարմամբ հնչեց ոչ միայն խորհրդարանական ընտրարշավից հայտնի «Մեր հին ընկերը Դաշնակցությունն է» երգը, այլ նաեւ 2 նոր երգեր, որոնցից մեկի՝ «Լինենք միասին»-ի բառերի հեղինակը ՀՅԴ-ից Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն անելու համար հեռացված բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն է:

Մինչ Վահան Հովհաննիսյանը կներկայացներ իր նախընտրական ծրագիրը՝ ելույթ ունեցան մի քանիսն այն 126 հազար քաղաքացիներից, որոնք համաձայնագրեր են կնքել նրա հետ:

ՀՅԴ նախագահի թեկնածուն հայտարարեց, թե մինչեւ հիմա չենք կարողացել ազատվել գոյատեւման միտումից ու թեւակոխել զարգացման փուլը. «Ակնհայտ է, որ անհրաժեշտ է թռիչք, ոստյուն առաջ: Մենք պետք է թռիչք ապահովենք հասարակությանը, պետությանը, յուրաքանչյուր անհատին, որ հետո հնարավորություն, հիմքեր ստեղծվեն կայուն զարգացման համար: Այն պայմանները, այն իրողությունը, որ տիրում է մեր երկրում՝ սկսում է խոչընդոտել, կանգնեցնել, դանդաղեցնել մեր զարգացումը: Ե՛վ տնտեսական աճի ուսումնասիրությունը, ե՛ւ ժողովրդավարական բարեփոխումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք այս ընթացքով մոտենում ենք մի եզրի, որից անդին տեղում դոփելն է, ուրեմն՝ նահանջելը: Այն պայմաններում, երբ մեր հարեւանները աշխարհագրական դիրքի կամ այլ պայմանների բերումով առաջընթացի շատ ավելի հնարավորություն ունեն, քան ՀՀ-ն՝ մենք պետք է ապավինենք մեր ժողովրդի կարելիություններին»: Եվս մեկ անգամ շեշտեց, թե Հայաստանում ձեւավորվել է մի «արատավոր մոդել, երբ կառավարումն իրականացվում է տնտեսական հզոր կլանների միջոցով», որոնք ամբողջությամբ վերցրել են քաղաքական իշխանությունը. «Այսինքն՝ տնտեսական մենաշնորհը անցել է քաղաքական ոլորտ, դառնալով նաեւ քաղաքական մենաշնորհ: Սրա արդյունքում ձեւավորվել է մի վիճակ, երբ փոքրամասնությունը՝ ընդդիմությունը, անընդհատ դիտվում է բարիկադից այն կողմ, դիտվում է որպես խանգարող տարր, թշնամի, եւ իշխանությունն անընդհատ առիթ է ման գալիս նրան ավելի ոտնահարելու, թուլացնելու, ավելի անկյուն նետելու: Այն երկրներում, որտեղ փոքրամասնությունը մեծամասնություն դառնալու հույսից զրկված է, քաղաքական զարգացումը կանգ է առնում: Ահա այս է, որ մենք ուզում ենք կանխել»:

Հ. Գ. ՀՅԴ թեկնածուի առջեւ էլ են արդեն հարուցվում խոչընդոտներ: Այսօր Վահան Հովհաննիսյանը մեկնելու է Արմավիրի մարզ: Եվ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետը նախապես պաշտոնապես հայտնել է, որ չեն կարող նրան տրամադրել քաղաքի մշակույթի տան դահլիճը, քանի որ այն չի ջեռուցվում, բացի այդ՝ տրվել է ՀՀԿ-ին որպես շտաբ: «Եթե չի ջեռուցվում՝ ինչպե՞ս պիտի օգտագործվի որպես շտաբ»,- տարակուսած էր Վահան Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել