Գիրք վեցերորդ
Գլուխ հինգերորդ
ԱԿԱՄԱ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ
Մոտ ապագայում, ըստ ամենայնի, Եղիազարյան Գուրգենը դժվար թե ազատ ժամանակ ունենա եւ եթե ունենա էլ ու կալանավոր բանաստեղծի մասին նախորդ հատվածս կարդա, դժվար թե նեղանա ինձանից, որովհետեւ ես ազնվորեն էս պատմության սկզբնաղբյուրը նշեցի եւ, որ ամենակարեւորն է, միանգամայն ինքնաբերաբար, բնականաբար ու միանգամայն տեղին էդ բանաստեղծ կալանավորի պատմությունը հիշեցի, այլապես շարունակելու էի մեծամտաբար ու լկտիաբար համեմատվել կալանավորների ու բռնավորների հետ, եւ հիմա, ահա, ապարանցի բանաստեղծի ու հաշվապահի էդ պատմությունը հիշելով՝ անմիջապես դադարեցնում եմ անհեթեթ համեմատություններս ու խոհեմաբար վերադառնում եմ բուն կյանք, ընդ որում՝ անձամբ ի՛մ կյանք եմ վերադառնում, որովհետեւ, ինչպես համոզվեցիք, ուրիշների կյանքով ապրելը միանգամայն վտանգավոր է ու մշտապես հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ իմ դեպքում նաեւ անիմաստ է, որովհետեւ ես իմ սեփակա՛նն ունեմ, եւ իմ սեփականը բաղկացած է մի ամբողջ անցյալից եւ նույնքան լուսավոր ապագայից, եւ ինձ համար էլ, փաստորեն, ներկա գոյություն չունի, եւ եթե գոյություն ունի էլ, էնքանով ու էնքան գոյություն ունի՝ ինչքան որ իմ էս տեւական գրությունների ու բուքմեյքերական տվայտանքների արանքում ընկած կարճատեւ ընդմիջումները գոյություն ունեն, ու էդ ընդմիջումները, փաստորեն, ինձ համար ոչ թե կյանք են, այլ՝ կյանքի ու ապրելու ընդմիջումներ, ու էդ ընդմիջումներին, փաստորեն, ոչ թե ապրում եմ, այլ ընդամենը հասցնում եմ մի կտոր բան ուտել, շորերս փոխել ու դուրս գալ փողոց, եւ փողոցում արդեն ընդմիջումն ավարտվում, ու վերստին կյանքն է սկսվում, որովհետեւ Կայարանից մինչեւ Սառաջով ընկած տարածքն ամբողջովին ողողված է բուքմեյքերական զարմանազան հույսերով, եւ Կայարանից Սառաջով ընկած տարածքում ինձ ոչ մի անգամ չի անհանգստացնում ուրիշներին մշտապես անհանգստացնող հարցը՝ «ո՞վ եմ. որտեղի՞ց եմ գալիս եւ ո՞ւր եմ գնում», քանզի արդեն վերջնականապես պարզել եմ՝ ով եմ, որտեղից եմ գալիս եւ ուր եմ գնում. այսինքն, գիտեմ, որ նախաքննության էտապում գտնվող մի հանցագործ օրինազանց եմ՝ վերջնական դատավճռիս առավելագույն համբերությամբ սպասող, եւ հստակ գիտեմ՝ որտեղից եմ գալիս եւ ուր եմ գնում. այսինքն, գիտեմ, որ տնից եմ գալիս ու գնում եմ Սառաջովի «Տոտոյի» բուքմեյքերական բաժանմունք, էնտեղից էլ՝ «Առավոտի» խմբագրություն, էնտեղից էլ՝ վերստին «Տոտո», էստեղից էլ՝ վերստին տուն. այսինքն, ի տարբերություն այլ գրողների ու մահկանացուների, իմ ինքնությունն ու մարշրուտը միանգամայն որոշակի ու հստակ են, եւ կյանքս էլ ամեն օր հենց զարթնելուս հետ է սկսվում, որովհետեւ զարթնելս ու սուրճս գրեթե միաժամանակ ու հավասարապես են կայանում. այսինքն, առավոտվա հանապազօրյա սուրճս մերոնք նախքան զարթնելս են եփած լինում, որովհետեւ մերոնք գիտեն, որ սառն էլ եմ խմում, միայն թե՝ ջեզվեով բերնեբերան լիքը լինի, քանզի մերոնք լավ գիտեն, որ սուրճն ինձ համար ոչ թե պարզապես ըմպելիք է, այլ՝ կյանքի մշտական ուղեկից. այսինքն, արդեն սառած ու ժամկետանց իմ սուրճն ինձ համար ոչ թե ակնթարթային ներկա է, այլ՝ միանգամայն տեւական ու տեւականորեն հաճելի կյանք, որովհետեւ իմ սառն ու ժամկետանց սուրճը ոչ միայն էս անվերջանալի գրությանս մշտական ուղեկիցն է, այլեւ էս գրության գոյության ու շարունակականության հիմնական ու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է՝ էնքան հիմնական ու էնքան անհրաժեշտ, ինչքան որ թուղթն ու գրիչն են ավանդապահ գրողներիս համար անհրաժեշտ, եւ քանի դեռ իմ առավոտվա հանապազօրյա սուրճն ապահովված է, ինձ կարող եմ լիարժեք մարդ ու լիարժեք գրող համարել, ընդ որում՝ բուն կյանքով ապրող լիարժեք մարդ ու լիարժեք գրող, եւ արդեն շուրջ երեք տարի է՝ իմ ապրելն ու իմ գրելը համարժեք ու նույնական են, որովհետեւ, ի տարբերություն շատ ու շատ այլ գրողների, ես ոչ թե ապրում եմ՝ որպեսզի գրեմ, այլ, ընդհակառակը, գրում եմ՝ որպեսզի ապրեմ, եւ, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, առայժմ կարծես թե ստացվում է, ու էս պահի դրությամբ՝ իմ կյանքի հալալ կեսն էս վեպս ու էս վեպիս հետ կապված հարցերն են կազմում, իսկ մյուս հալալ կեսը, փաստորեն, բուքմեյքերական նախասիրություններիցս ու տվայտանքներիցս է բաղկացած, եւ էսքանից հետո դուք անկասկած ինքներդ ձեզ հարց կտաք՝ «լավ. բա էս մարդն ընտանեկան ու անձնական կյանք չունի՞», եւ ես հենց հիմա ձեր էդ ներանձնական հարցին կպատասխանեմ ու կասեմ, որ անձնական ու ընտանեկան կյանքս էլ է հիմնականում էս վեպիս հետ կապված՝ ոչ միայն էն իմաստով, որ հիմնականում «Առավոտի» էս հոնորարներից ու հատորներիս վաճառքից է մեր ընտանեկան բյուջեն գոյանում, այլեւ էն իմաստով, որ մենք, փաստորեն, ընտանյոք ենք էս վեպը գրում՝ ոչ միայն էն իմաստով, որ կնոջս ու աղջկերքիս շնորհիվ իմ առավոտվա հանապազօրյա սուրճը մշտապես ապահովված է, այլեւ էն իմաստով, որ կինս ու աղջկերքս ոչ միայն էս գրածներս կարդում են, այլեւ մշտապես հուշում են, թե՝ է՛լ ինչի մասին գրեմ, եւ չնայած իրենք էս վեպիցս բացի՝ էս կյանքում այլ անելիքներ էլ ունեն, բայց հաճախ են իրենց բուն անելիքները մի կողմ թողած՝ էս վեպիս անդրադառնում ու ինձ հավասար էս վեպիս հարցերով տապակվում, եւ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մերոնց էդ վերաբերմունքը միանգամայն փոխադարձ է, որովհետեւ ես էլ ժամանակ առ ժամանակ էս վեպիցս ու բուքմեյքերական տվայտանքներիցս կտրվելով՝ մերոնց հոգսերին եմ նվիրվում ու նվիրաբերվում, եւ մեծիս արվեստաբանական հոդվածները ոչ միայն կարդում, այլեւ զանազան օգտակար խորհուրդներ էլ եմ տալիս, եւ նմանապես փոքրիս գեղանկարչական գործերին եմ լուրջ վերաբերվում ու փոքրիս էլ եմ չափազանց օգտակար խորհուրդներ տալիս, եւ մեր ընտանեկան ու կենցաղային խնդիրների, մեր բնակարանի վերանորոգման հետ կապված էլ կնոջս եմ միանգամայն օգտակար խորհուրդներ տալիս. կարճ ասած, էս վեպից ու բուքմեյքերական տվայտանքներիցս զատ՝ ընտանեկան ու անձնական կյանք էլ լիուլի ունեմ, եւ հենց էս պահին, երբ էս բաներն եմ գրում, Աբոն իր բրիգադով մեր լոգարանի խողովակներն է փոխում, եւ ես ժամանակ առ ժամանակ գրելս դադարեցնում ու Աբոյենց է՛լ եմ օգտակար խորհուրդներ տալիս. մի խոսքով, ի տարբերություն այլ գրողների, գրականությունից բացի՝ այլ հարցերից է՛լ եմ գլուխ հանում եւ, ի տարբերություն այլ գրողների, ընթերցող է՛լ ունեմ, ավելի ճիշտ՝ ընթերցողներ, եւ ընտանիքիս անդամ երեք ընթերցող խորհրդատուներս արդեն իսկ հերիք են, որպեսզի շարունակեմ ու երբեւէ չավարտեմ էս վեպս, չհաշված մյուս ընթերցողներս՝ հորաքույրս ու իմ ընկեր Սերգեյը՝ որ ամենահետեւողական ու, փաստորեն, գլխավոր ընթերցողներս են, չհաշված մյուս գլխավոր ընթերցողս՝ ֆինանսների նախարարության Արշոն, եւ չհաշված Արիսը՝ որ չնայած գլխավոր հերոսներիցս պիտի լիներ, բայց առայժմ գլխավոր ընթերցողներիցս է, եւ չհաշված Գալոյան Արոն՝ որ էս վեպիս թերթային ու գրքային տարբերակները հավասարապես է չրթում, ի տարբերություն Մանուկյան Արայիկի եւ Նիկողոսյան ու Մելիքբեկյան Արմենների, որոնք սկզբունքորեն գրքով են կարդում, եւ չհաշված Արամն ու Մելանը՝ որ ոչ միայն երկու տարբերակներն էլ հավասարապես կարդում են, այլեւ տառասխալներս ու վրիպակներս էլ են հետեւողականորեն մատնանշում, եւ չհաշված Իսրայելյան Աննան՝ որ նաեւ մտքիս սխալներն ու շեղումներն է մատնանշում, եւ չհաշված Վասակը՝ որ իր կարդալն իր բազմիմաստ ժպիտով է իմացնում, եւ չհաշված Հայրապետյան Ռուբոն՝ որ ամեն հատորիս գումարը տալուց հավաստիացնում է, թե կարդում է, եւ չհաշված Եսայան Մարգոն, ինչպես նաեւ Մարգոյի ամուսինը՝ որ, Մարգոյի ասելով, գիշերցերեկ էս հատորներս է կարդում, ընդ որում՝ իրենց բնակարանի վերանորոգման գործընթացի հաշվին, եւ չհաշված քույրս՝ որ ոչ միայն կարդում, այլեւ իր երեք որդիներին էլ է կարդալ տալիս, եւ չհաշված մեծ քեռուս տղան՝ Գեւուշը, որի գվարդիական անցյալին դեռեւս չեմ անդրադարձել, եւ չհաշված Ֆրեդի Մարգոն՝ որ էս գրածներս աչքի անցկացնում ու Ֆրեդի մինչամուսնական սիրածներին է իմ էս էջերում փնտրում, եւ չհաշված Ֆրեդի Սահակը՝ մերոնցից միակը, որ էս հատորներս գրախանութից է առնում, որպեսզի իր հոր մահվան պատճառներն էս վեպիցս իմանա, քանի որ հետաքննությունն էդպես էլ որեւէ բան չպարզեց, եւ չհաշված միջնեկ քեռիս՝ Գոքորը, որին ֆերմերային կենցաղն արդեն ստիպում է գիրք կարդալ, եւ չհաշված Գոքորի Մհերը՝ որ քաղաքում ամեն ինձ տեսնելիս՝ գլուխն իր BMW-ի պատուհանից հանում ու գոռում է՝ «Արմե՜ն, կարդո՜ւմ եմ», եւ չհաշված Հրանտի Վերժինեն՝ որ հատկապես Հրանտին ու Թումանյանի թանգարանին վերաբերող մասերն է աչքի անցկացնում, եւ չհաշված բժշկուհի Էմմայի Էդոն՝ որ ոչ միայն կարդում, այլեւ ինձ խաչաձեւ հարցեր էլ է տալիս ու ամեն անգամ զարմանում է, որ դեռեւս գրողներին հոնորար տվող կա, եւ չհաշված Վահե Հովհաննիսյանի Ջեմման ու Արմեն Հովհաննիսյանի Լենան, եւ չհաշված Հինգշաբթվա վկաների առաջնորդ Բիձեն՝ որ կարդում ու ամեն ինձ տեսնելիս ասում է՝ «ա՛յ Արմեն, խիղճն էլ ա լավ բան. մեզ գրելու բան թողելո՞ւ ես, թե՝ չէ», եւ չհաշված Սեյրանն ու Երմոնյան՝ որ ոչ միայն էս գրածս կարդում, այլեւ էս գրածիս պատասխանատվությունը հետս հավասարապես կիսում են, որովհետեւ տարիներ շարունակ իրենք էին ինձ համոզում արձակ սկսել, եւ չհաշված Ավետիսյան Տիկոն՝ որ կարդում ու երեւի մտածում է, որ մեր կոմպյուտերաշախմատային գուշակություններին ավելի մանրամասն ու ավելի ցնծագին պիտի անդրադառնայի, մինչդեռ անդրադարձա էնքան՝ ինչքան կարողացա. այսինքն, ես անդրադառնում եմ էնքան՝ ինչքան սկսնակ արձակագրի փորձս ու շնորհքս են թույլ տալիս այդ անել, եւ ընթերցողներիցս շատերն էսքանից էլ են գոհ, որովհետեւ ընթերցողներիցս շատերը մեծահոգաբար ու ըմբռնումով են վերաբերվում սկսնակիս, չհաշված Ավետիսյան Զավենը՝ որ էս արձակ առաջին փորձերիս ոչ թե ըմբռնումով անդրադարձավ, այլ՝ հիացմունքով, եւ իր էդ հիացմունքը միանգամայն մաքուր սրտով շարադրեց «Գրական թերթում», ու թերթի էդ համարը կրպակից անձամբ առա՝ իմ համեստ ավանդը ներդնելով թերթի կայացման գործում, եւ այլ գրականագետներ էլ կան՝ որ կարդում, գրում ու ասում են, թե՝ էս վեպովս, փաստորեն, շարունակում եմ հայոց թերթոն վեպի միանգամայն աղքատիկ ավանդույթները, եւ չնայած կյանքումս երբեւէ թերթոն վեպ չեմ կարդացել, բայց գլուխս իմաստալից տմբտմբացնում եմ, որովհետեւ հոգուս խորքում լավ էլ համաձայն եմ, որ ինձ որեւէ ավանդույթի շարունակող համարեն, քանի որ էդ տարբերակն ինձ անհամեմատ ձեռնտու է, քան՝ իսկականը, քանզի փաստն այն է, որ հենց սերիալներ թարգմանելու գործը ձեռիցս խլվեց, ես ստիպված եղա իմ սեփական սերիալն սկսել, եւ ընթերցողներիցս շատերն արդեն գլխի են ընկել, որ էս սկսածս սովորական ու անվերջանալի մի սերիալ է, չհաշված Իշխանյան Վահանը՝ որ էդ հանգամանքը գլխի չի ընկել եւ ամեն հատորս առանձին գրախոսելով՝ մարդկային պարզ ու հասկանալի լեզվով հայտարարում է, թե՝ էս վեպս միանգամայն նոր խոսք է հայ արձակում, եւ քանի որ իր գրախոսություններն էլ պարզության իմաստով են հայոց գրականագիտության մեջ նոր խոսք, շատերը Վահանի էդ գրախոսականները կարդում, հասկանում ու անմիջապես դիվոտվում են, չհաշված Վիոլետը՝ որ էս հատորներս մի շնչով է կարդում, եւ չհաշված Բեքմեզյան Ալվարդը՝ որ չնայած, ի տարբերություն Վահանի, գրականագիտական տերմիններին հավատարիմ է, այդուհանդերձ, իր գրածն ինձ միանգամայն հասկանալի էր, մանավանդ՝ երբ սյուժետային շեղումներս ու վրիպումներս էր մատնանշում, եւ չհաշված Համբարձումյան Հայկը՝ որ նույնպես էս գրքիս գրավոր է անդրադարձել եւ չնայած Ալվարդի պես ինքն էլ է էդ բանը միանգամայն արհեստավարժորեն արել, այդուհանդերձ, ինքն էլ է իմ կողմից համակողմանիորեն հասկացված, եւ ահա էս ասածիցս հետո ինձ համար արդեն հասկանալի է դառնում, որ եթե քո կամ քո գրածի մասին են գրում ու խոսում, ինչպես էլ գրեն ու խոսեն՝ կհասկանաս, չհաշված, իհարկե, մեր ավագ դոկտորների էս վեպիս մասին ասածները, որոնց իմաստը չեմ հասկանում էն պարզ պատճառով, որ իրենց էդ ասածները երբեւէ չեմ լսել, քանի որ իրենք էս վեպիս մասին միայն ու միայն Գրողների միության նախագահության նիստերի ժամանակ են խոսում. կարճ ասած, էս վեպիս մասին մեր գրական վերադասի կարծիքն ինձ անհայտ է, չհաշված Անանյան Լեւոնի որդին՝ որ մի քանի օր առաջ փողոցում ինձ տեսավ ու ասաց. «Արմեն ձյաձյա, էդ խինկալու տեսարաններն էնքան հավեսով ես նկարագրում, որ կարդում, հավեսի ենք ընկնում ու տղերքով գնում ենք խինկալի ուտելու»:
Ինչպես տեսնում եք, ընթերցողներս քչություն չեն անում, ու ես միանգամայն բախտավոր գրող եմ մանավանդ էն գրողների համեմատ, որոնց գրածներն անգամ իրենց տնեցիները չեն կարդում, եւ ձեզ հավատացնում եմ, որ ոչ բոլորին հիշեցի, եւ եթե բոլորին անուն առ անուն հիշեի ու նշեի էլ, էլի ցուցակս ամփոփ ու վերջնական չէր լինելու, որովհետեւ էս ցուցակս ընդամենը ազգականներիս, բարեկամներիս, ծանոթներիս ու ընկերներիս էր ընդգրկում, եւ, ըստ ամենայնի, միանգամայն անծանոթ ընթերցողներ էլ կլինեն ու գոյություն կունենան, չհաշված «Առավոտի» Անժիկն ու Կարինեն՝ որ ճակատագրի, աշխատանքի ու աշխատավարձի բերումով ոչ միայն պարտադրված են կարդալ էս անվերջանալի գրությունս, այլեւ պարտադրված են առաջինը կարդալ ու ձեռի հետ էլ մուտքագրել եւ սրբագրել, եւ Մարջիկի ու Արտյոմի բախտն էլ էս առումով առանձնապես չի բերել, եւ ճակատագրի էս հեգնանքից անմասն չեն նաեւ Վալոդը, Զառան, Արմինեն ու Մարիշը, եւ չնայած Զառան շաբաթը մեկ բողոքում ու տրտնջում է ճակատագրի իր բաժնից, բայց իր էդ շաբաթական տրտունջներն արդեն միանգամայն իներցիոն բնույթ են կրում, որովհետեւ ինձ պես Զառան էլ ու բոլորն էլ արդեն հոգու խորքում վերջնականապես են հաշտվել իրենց ճակատագրի հետ՝ հատկապես էս վեպիս մասով, չհաշված «Առավոտի» նախկինները՝ Մարգարյան Լուսոն, որ առաջին ու երկրորդ հատորներս «Հարսնաքարում» կարդալով՝ արեւահարվել ու տեղաշոր էր ընկել, եւ Աբրահամյան Գեւորգը՝ որ իր հերթական արձակուրդին է անհամբեր սպասում, որ երրորդ ու չորրորդ հատորներս իր իսկ ամառանոցում կարդա, եւ հոգեւոր դասից էլ ընթերցող ունեմ՝ Տեր Ավետիսը, եւ իշխանության ներկայացուցիչներից էլ էս գրածներս կարդացողներ կան՝ Ղարիբջանյան Գեղամը ձեզ օրինակ, եւ անցած իշխանության ներկայացուցիչներից էլ Հակոբյան Տիկոն է կարդում, եւ ապագա իշխանությունից՝ Գռնոն, եւ նույնիսկ նախանցած իշխանություններն են էս գրածս կարդում. օրինակ՝ Դոնարա Ասքանազովնան, եւ նույնիսկ գեներալ ընթերցողներ ունեմ՝ Ջհանգիրյանն ու Բաբայան Էդիկը, եւ ճշգրիտ գիտության բնագավառից էլ ընթերցողներ ունեմ՝ Ղազարյան Հայկն ու Խաչատրյան Թաթիկը, եւ ռեկտոր ընթերցող էլ ունեմ՝ Իսաբեկյան Արամը, եւ Ջոնն ու Ջոնի քույրն էլ են հերթական հատորիս անհամբեր սպասում, եւ հատկապես Ջոնը՝ որ ոչ միայն կարդում, այլեւ շարունակ ինձ հուշում ու պարտադրում է, որ իր եւ Սեմերջյան Մանուկի հետ կապված լեգենդը վերջապես ձեզ համար շարադրեմ, եւ չհաշված Վիլոյի տպարանի ժողովուրդը՝ Վազգանուշով ու Լորայով հանդերձ, եւ չհաշված Վիլոյի որդի Ավիկը՝ որ նույնպես թելադրողներից ու պարտադրողներից է եւ խոստացել է հերթական հատորիս տպագրությունն անձամբ ֆինանսավորել, եթե, իհարկե, հերթական հատորիս շրջանակներում անդրադառնամ իմ, իր, Տիկոյի ու Արթուրի գրազով բիլիարդին, եւ չնայած մեր էդ գրազն իսկապես պատմելու բան է, բայց առայժմ չեմ շտապում Ավիկի էդ պարտադրանքը կատարել ոչ միայն էն պատճառով, որ մշտական ֆինանսավորողս ու հովանավորս առ էսօր իր խոսքին տեր է, այլեւ էն պատճառով, որ ես ընդհանրապես շտապելու որեւէ պատճառ չունեմ, եւ Ախալքալաքցի Աշոտն ու Ռոլանդն էլ էս վեպս չկարդալու որեւէ տարբերակ չունեն, եւ Ռոլանդն ամեն ինձ տեսնելիս ասում է՝ «էս վեպդ ոնց որ Դաշնակցության 1890 թվի ժողովն ըլնի. մի օր սկսվեց ու մինչեւ էսօր չի վերջանում», եւ Մարինեն էլ իրե՛ն վերաբերող հատվածներից սկսեց կարդալ, եւ Անժիկի ընկերուհի Ռուզանն էլ է արդեն սկսել, իսկ բանակային ընկերներս եւ հատկապես Պարգեւն ու Վալերն էն կարծիքին են, որ բանակային մեր էդ մի տարվան հեչ տասը տոկոսով էլ չեմ անդրադարձել, եւ Մետաքսի Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հրուշն էլ իրե՛ն վերաբերող հատվածներն է հետեւողականորեն կարդում, եւ էս վեպիցս իմանալով, որ անցած տարի Մարսել եմ եղել ու իրեն իմաց չեմ արել, շատ փիս նեղացել էր ու երկու անգամ փողոցում ինձ տեսնելով՝ ակնհայտորեն չտեսնելու տվեց, բայց մի շաբաթ առաջ, երբ իրեն տեսնելով՝ ե՛ս էի ուզում չտեսնելու տալ, մոտեցավ, խփեց ուսիս ու ժպտալով ասաց՝ «որ թաքուն Մարսել ես թռնում, էդ մեկը հասկացանք, բայց բարեւելն էլ հո փողո՞վ չի», եւ ես ասացի՝ «չբարեւելը քեզնից եմ սովորել», եւ Հրուշը ծիծաղելով հարցրեց՝ «թե՞ էլի թաքուն Մարսել ես թռել», եւ ես ժպտացի ու ասացի՝ «որ Մարսել թռած ըլնեի՝ առաջինը դո՛ւ կիմանայիր», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ո՞նց պիտի իմանայի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «վեպիցս», եւ ինքը քամահրանքով ասաց՝ «ուզում ես ասես՝ էդ գրածդ վեպ ա՞», եւ ես ասացի՝ «բա ի՞նչ զիբիլ ա», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «էդ վեպիդ պատճառով գիրք կարդացող էլ դառանք», եւ ես ասացի՝ «դու միշտ էլ կարդացող ես էղել», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «քո համեմատ, ճիշտ ա, կարդացող եմ էղել» եւ ավելացրեց՝ «մի քսան տարի կըլնի՝ գիրք չէի կարդացել», եւ ես ասացի՝ «ես էլ», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «դու դպրոցում էլ չէիր կարդում» եւ ժպտալով ավելացրեց՝ «հիմի գոնե գրում ես» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «տենաս՝ մյուս գրողներն էլ ե՞ն իրանց դասարանցիների մասին գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի գրում են», եւ ինքն ասաց՝ «դժվար թե՝ քո պես ըտենց անուններով գրեն», եւ ես ասացի՝ «հիմնականում անունները փոխում են», եւ ինքն ասաց՝ «որ անունները փոխեն՝ էլ ի՞նչ հետաքրքրություն», եւ ես ասացի՝ «կարդացողները չեն իմանում՝ էդ անուններն իսկակա՞ն են, թե՝ փոխած», եւ ինքն ասաց՝ «յանի էդ գրածդ ինձնից բացի ուրիշ կարդացող էլ կա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ում մասին որ գրում եմ՝ կարդում են», եւ ինքը հարցրեց՝ «ուրիշների անուններն էլ ե՞ս նույնությամբ գրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հիմնականում՝ հա», եւ ինքը խորամանկ ժպտաց ու հարցրեց՝ «մյուս գրողներն էլ ե՞ն քո պես անշնորհք», եւ ես զարմացած հարցրի «խի՞ եմ անշնորհք», եւ ինքն ասաց՝ «սուսուփուս ու գողեգող թռար Մարսել. մի հատ ծպտուն էլ չհանեցիր, տնա՛շեն», եւ ես մեղավոր ասացի՝ «վեշս շատ էր, Հրուշ ջան», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «մյուս գրողներն էլ ե՞ն Հրանուշին Հրուշ ասում», եւ ես ասացի՝ «ես էն գլխից էլ քեզ Հրուշ եմ ասել», եւ ինքն ասաց՝ «կարող ա՞ Հրանուշ Հակոբյանին էլ Հրուշ ասես», եւ ես ասացի՝ «իրան չեմ ճանաչում», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «լավ էլ ճանաչում ես. մոռացել ե՞ս, որ իմ ազգանունն էլ ա Հակոբյան», եւ ես ժպտացի ու ասացի՝ «մոռացել էի», եւ ինքն ասաց՝ «շատ բան ես մոռացել», եւ ես ասացի՝ «մնացած ամեն ինչ հիշում եմ», եւ ինքն ասաց՝ «որ հիշեիր, մի քիչ շնորհք ցույց կտայիր», եւ ես ասացի՝ «Մարսելի հաշվով ե՞ս ասում», եւ ինքն ասաց՝ «քիչ ա՞», եւ ես ասացի՝ «ախր վեշս շատ էր, Հրուշ ջան», եւ ինքն ասաց՝ «վախում էիր՝ ավել բագաժիդ փողը չտայի՞», եւ ես ասացի՝ «ընդամենը օրուկես ենք Մարսել մնացել», եւ ինքն ասաց՝ «ընդամենը պիտի զանգեիր՝ փեսես գար տաներ», եւ ես մեղավոր ասացի՝ «մյուս անգամ որ գնալու ըլնեմ՝ քեզ անպայման իմաց կանեմ, Հրուշ ջան», եւ ինքն ասաց՝ «բախտդ բերել ա, որ իսկական Հրանուշ Հակոբյանին չես ճանաչում», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ ա բախտս բերել», եւ ինքն ասաց՝ «որ իրան Հրուշ ասեիր, հաստատ սիլլա կուտեիր», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «իսկականը դու ես», եւ ինքը նեղացած ասաց՝ «որ իսկականն ըլնեի, Մարսել թռնելուցդ առաջ հաստատ կհիշեիր», եւ ես ասացի՝ «ուզո՞ւմ ես անկեղծ ասեմ», եւ ինքն ասաց՝ «ասա», եւ ես ասացի՝ «ճիշտն ասած, հեչ չեմ սիրում ուրիշների վեշերը քարշ տալ», եւ ինքը հարցրեց՝ «հոկտեմբերին էիր, չէ՞, գնացել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ ինքը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Մարսելում քեզ տեսնող ա էղել», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ո՞վ ա տեսել», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «ա՛յ խելոք, էդ վեպիդ մեջ էիր գրել, որ հոկտեմբերին եք էղել», եւ ես ասացի՝ «հա. ճիշտ ես ասում», եւ ինքն ասաց՝ «ես միշտ էլ ճիշտ եմ ասում» եւ ավելացրեց՝ «հոկտեմբերին կակռազ փեսիս ծնունդն էր. ընդամենը մի հատ սառոշկա պիտի հետդ դնեի», եւ ես կրկնեցի՝ «չեմ սիրում ուրիշների վեշերը քարշ տալ», եւ ինքն ասաց՝ «մի հատիկ սառոշկեն վեշ ե՞ս համարում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «էն գլխից էլ ըտենց էիր», եւ ես հարցրի՝ «ո՞նց էի», եւ ինքն ասաց՝ «էն գլխից էլ քեզ նեղություն տալ չէիր սիրում», եւ ես ասացի՝ «մի բան էլ ասե՞մ», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ասա, պարոն վիպասան», եւ ես ասացի՝ «վախում եմ ասեմ՝ նեղանաս», եւ ինքն ասաց՝ «արածիցդ որ չեմ նեղացել, ասածիցդ դժվար թե նեղանամ», եւ ես ասացի՝ «լավ էլ նեղացել էիր. մի անգամ բարեւս չառար, երկրորդ անգամ էլ ճամփեդ կտրուկ փոխեցիր», եւ ինքն ասաց՝ «էդ նեղանալուց չէր», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ց էր», եւ ինքն ասաց՝ «մտածեցի՝ արժի՞ ամեն պատահած վիպասանի բարեւեմ», եւ ես ասացի՝ «լավ էլ նեղացել էիր», եւ ինքն ասաց՝ «էդ սառոշկեն որ փեսիս հասցնեիր, Մարսելի ամենաթանկանոց ռեստորանում ձեր էդ սաղ խմբին պատիվ կտար», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «փաստորեն, ահագին մեծ ծախսից եմ փեսիդ փրկել», եւ ինքն ասաց՝ «ամեն ինչ փողով չի որոշվում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «փեսես իմ ծանոթներին որ պատիվ ա տալի, դրանից հաճույք ա ստանում», եւ ես ասացի՝ «չեմ կասկածում», եւ Հրուշն ասաց՝ «կասկածող ենք ման գալի», եւ ես ասացի՝ «կասկածող չկա», եւ Հրուշն ասաց՝ «մի քիչ առաջ բան էիր ուզում ասեիր՝ չասեցիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «վախենում եմ ասեմ՝ նեղանաս», եւ ինքն ասաց՝ «ասա. չեմ նեղանա», եւ ես ասացի՝ «քեզանից դժվար թե էդ մի սառոշկով պրծնեի», եւ Հրուշն ասաց՝ «այսի՛նքն», եւ ես ասացի՝ «ամենաքիչը մի հատ լիքը չամադան շալակս էիր տալու», եւ Հրուշը զարմացած ինձ նայեց, հետո ծիծաղեց ու ասաց՝ «փաստորեն, իսկական գրող ես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Հրուշը պատասխանեց ու ասաց՝ «մարդկանց հոգեբանությունը լավ ես հասկանում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ճիշտ ես ասում. մի քանի բան էլ աղջկաս ու թոռներիս համար կուղարկեի», եւ ես ասացի՝ «փեսեդ պիտի շատ գոհ ըլնի, որ քո պես զոքանչ ունի», եւ Հրուշն ասաց՝ «ինքը շատ գոհ ա. դու քեզ տես» եւ ավելացրեց՝ «սաղս էլ գոհ ենք»: