Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվություն ու քարոզչություն

Հունվար 19,2008 00:00

«Չեզոք» թերթը ազատում է խմբագրին հավասարակշիռ լուսաբանման համար

Հավասարակշռված եւ երբեմն Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրան աջակցողների վերաբերյալ քննադատական նյութեր հրապարակելու համար աշխատանքից հեռացվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի պատասխանատու խմբագիր Արմինե Օհանյանը:

Թերթի սեփականատեր, գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն իր որոշումը իրականացրել է բանտից: Հեռախոսով Բաբաջանյանը իր որոշումը չցանկացավ մեկնաբանել: Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը ասաց, որ Բաբաջանյանն իրեն հայտնել է, թե Օհանյանին հեռացնում է Տեր-Պետրոսյանին քննադատող նյութեր հրապարակելու համար, եւ չի ցանկանում, որ նախընտրական երկու ամիսների ընթացքում Տեր-Պետրոսյանի հասցեին քննադատական խոսք լինի իր թերթում:

«Ժամանակ Երեւանը» Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող հինգ թերթերից մեկն է: Արմինե Օհանյանի խմբագրած թերթը նույնպես հստակորեն Տեր-Պետրոսյանի քարոզչությունն էր տանում, սակայն, ի տարբերություն մյուս չորս թերթերի, երբեմն թույլ էր տալիս իրեն քննադատական խոսք ուղղել առաջին նախագահին եւ իշխանությունների կատարած որոշ աշխատանքներ չեզոք ներկայացնել:

Թերթի աշխատակիցները ասում են, որ հունվարի 5-ին Բաբաջանյանի հրավիրած թռուցկաժողովում ընթերցվել է նրա նամակը, որտեղ նա տեղեկացնում էր իր որոշման մասին: Նա նաեւ գրում է, որ հավասարակշռված, չեզոք թերթ չի ուզում տպել (թեեւ հատուկ չի նշել Տեր-Պետրոսյանի գործունեության լուսաբանման մասին), որ ինքը որոշակի քաղաքական հայացքների եւ քաղաքական թիմի անդամ է, եւ լրագրողները, որ եկել են այդտեղ աշխատելու, գիտեին, թե ինչ թերթ են գալիս:

Դեկտեմբերի 26-ին Օհանյանը էլեկտրոնային նամակ էր ստացել ԱՄՆ-ում բնակվող Բաբաջանյանի մորից՝ տիկին Էլմիրայից, որը տեղեկացնում է, թե Տեր-Պետրոսյանի շտաբի պետ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի մոտից մարդ է գալու խմբագրություն՝ տպագրությունից առաջ ստուգելու թերթի նյութերը:

Բաբաջանյանի գործողությունները՝ գրաքննությունն ու համեմատաբար ազատ թերթ տպելու համար իրեն հեռացնելը Օհանյանը նմանեցնում է Բաբաջանյանի դեմ իշխանությունների գործողություններին: «Ի՞նչ տարբերություն այս իշխանությունների եւ Արման Բաբաջանյանի միջեւ,- հարցնում է Օհանյանը:- Մեծ հաշվով, եթե քեզ հետապնդել են, ու դու անարդարության զոհ ես դարձել, դու էլ անարդարության զոհ ես դարձնում ուրիշին: Տարբերությունը միայն հնարավորությունների խնդիր է. իշխանությունները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն պարտադրելու եւ բռնանալու, Բաբաջանյանը՝ փոքր հնարավորություն, միայն իր թերթի սահմաններում ու գործում է նույնությամբ, նույն մեթոդներով»:

Օհանյանը ասում է, որ քաղաքական որոշ շրջանակներից թերթից դժգոհություններ եղել են, բայց Արման Բաբաջանյանը միայն մի անգամ է հարցրել տպագրված նյութի մասին:

«11 ամսվա մեջ գլխավոր խմբագիրը որեւէ դժգոհություն չի հայտնել: Միայն մի անգամ հետաքրքրվել է, թե ինչու է տպագրվել Հանրապետականի գովազդը: Փողը փոխանցվել է, որպես գովազդ՝ տպվել է: Ես ասացի՝ ի՞նչ հիմքով մերժենք գովազդը, թերթը բիզնես է նաեւ, հազար ծախս ունի, ինչքան շատ գովազդ, այնքան լավ: Դեկտեմբերից Բաբաջանյանների ընտանիքը սկսեց ճնշումներ գործադրել ինձ վրա՝ մայրը, եղբայը, քույրը եւ հայաստանյան դաշտից տարբեր մարդիկ, զանգում են, թե ինչո՞ւ է այսինչ հոդվածը տպվել, այսինչ մարդկանց նկատմամբ ինչո՞ւ է քննադատություն եղել, ինչո՞ւ են այսինչ մարդու նյութերը տպվում»:

Ամենամեծ դժգոհությունը առաջացրել է Էդվարդ Անտինյանի «Դատապարտիր, որ չդատապարտվես» հոդվածը, որում հեղինակը քննադատում է Տեր-Պետրոսյանի թիմին, որը կասկածի տակ է դնում նրան չմիացող գործիչների հայրենասիրությունը: «Ապրիլի 12-ի դեպքերից անմիջապես հետո Քոչարյանի «Առագաստ» սրճարանում ջազ լսելն ու Տեր-Պետրոսյանի քար լռություն պահպանելը բարոյական նույն հարթության վրա են գտնվում»:

Օհանյանը Տեր-Պետրոսյանի համակիրն է, իր հայացքներն արտահայտել է խմբագրականներում, բայց դեմ է, որ մյուս լրագրողներն էլ նույնն անեն. «Ես ի՞նչ իրավունք ունեմ լրագրողին ստիպելու մտածել այնպես, ինչպես ես եմ մտածում, առավել եւս՝ դրսի հեղինակին (ինչպիսին Անտինյանն է)»:

«Հեռուստատեսությունը իշխանություններին է գովերգում, ընդդիմությանը հայհոյում, մենք էլ հակառա՞կն անենք՝ ընդդիմությանը գովենք, իշխանություններին հայհոյենք: Դա ինձ համար ամենամերժելի բանն է, դա նշանակում է՝ թերթը սպանել: Ի վերջո, ամենավատ բանը, որ ես տեսնում եմ լրատվական դաշտում, այն է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի անքննադատելի օղակներ, ինչ էլ անեն՝ նրանց սխալը ներվում է, եւ հակառակը՝ թիրախներ, որոնց միայն պետք է քննադատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել