Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՍՏԻԿՍ-ԿՖՍ»-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ

Հունվար 19,2008 00:00

\"\"Ընկերությունն ԱՊՀ երկրներից միայն Հայաստանում է իր ռեստորանը բացել

Երեկ Երեւանում բացվեց «Ռոստիկս-ԿՖՍ» արագ սպասարկման ռեստորանը, որը հանրահայտ է նրանով, որ գրեթե բոլոր ճաշատեսակները պատրաստում է հավի մսից: Ռեստորանի բացման արարողությունից առաջ ընկերության ղեկավար կազմը մամուլի ասուլիս էր կազմակերպել, որի ժամանակ էլ ներկայացրեց «Ռոստիկս-ԿՖՍ»-ի գործունեությունը: «Ռոստիկս գրուպ» կորպորացիայի նախագահ եւ ընկերության բրենդի հիմնադիր Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաեւսկի Բլանկոյի խոսքերով. «Քանի որ մենք այստեղ աշխատում ենք լավ գործընկերների հետ, մեծ հույս ունենք, որ հաջողության կհասնենք: Քանի դեռ ընկերությունը նոր էր կազմավորվում, ինձ ասում էին, որ այն անվանեմ իմ անունով, ես էլ համեստաբար չէի համաձայնում, սակայն հիմա շատ ուրախ եմ, որ իմ անունը կրող ընկերությունը մեծ հաջողությունների է հասնում»: «Ռոստիկսի» գործընկեր «Յում. Բրոնդսի» եվրոպական բիզնես մասնաճյուղի զարգացման գծով տնօրեն Ֆրանկ Տրամպենոն էլ ավելացրեց. «Աշխարհի 117 երկրներում ավելի քան 75 հազար այսպիսի ռեստորան ունենք, ուրախ եմ, որ մեր հերթական ռեստորանը բացում ենք հենց Հայաստանում: Ռուսաստանում մեր մեծ գործընկեր՝ «Ռոստիկս» ընկերությունը, որը նաեւ ԱՊՀ տարածքում է ցանկանում ռեստորաններ բացել, ուրախ եմ, որ այդ տարածքում առաջինն ընտրել է Հայաստանը»: Նույն ընկերության ռեգիոնալ զարգացման փոխտնօրեն Սերգեյ Զայցեւն էլ ասաց, որ իրենք ցանկանում են ընկերության մյուս բրենդներն էլ բերել Հայաստան, եւ դրանք կլինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում:

Այն հարցին, թե «Ռոստիկս-ԿՖՍ»-ն հաշվի առնո՞ւմ է երկրի տնտեսական իրավիճակն ու գնային քաղաքականությունը, Հայաստանում ընկերության բաժնետեր, ինչպես նաեւ «Ֆաստֆուդ» ՓԲԸ տնօրեն Արթուր Հարությունյանը պատասխանեց, որ բոլոր երկրներում «Ռոստիկս-ԿՖՍ»-ի սնունդը պետք է նույն համն ունենա. «Ընկերության ղեկավարությունը, իհարկե, հաշվի է առնում բոլոր այդ չափանիշները, սակայն դա չի անում որակի հաշվին»: Նա տեղեկացրեց, որ ռեստորանի հավամթերքներն ապահովելու է հայաստանյան թռչնաբուծական ընկերություններից մեկը:

Ընկերության ղեկավարներն անկեղծացան , որ նախքան այստեղ իրենց ռեստորաններից մեկը բացելը, ուսումնասիրել են դաշտը եւ եկել այն եզրակացության, որ մեր երկրում արագ սպասարկման ոլորտն այնքան էլ զարգացած չէ: Նրանք համարում են, որ հենց դա է նրանց ընկերության հաջողության գրավականը, քանի որ այդպես «Ռոստիկս-ԿՖՍ»-ն կդառնա առաջինը: Նրանք նաեւ նկատել են, որ հայերը շատ են սիրում ուտել, դա էլ է նպաստում իրենց բիզնեսի զարգացմանը:

Մաշտոցի 40 հասցեում գտնվող «Ռոստիկս-ԿՖՍ»-ի VIP բացման առթիվ ամբողջ ռեստորանը զարդարված էր ներսից եւ դրսից: Ժապավենի կտրումից հետո ընկերության ճաշատեսակների համեմունքները՝ կողպած զարդատուփի մեջ, հանձնվեց հայաստանյան ռեստորանի պատասխանատուներին: Այնուհետեւ հենց կորպորացիայի ղեկավար Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաեւսկի Բլանկոն՝ հագնելով ընկերության «լոգոյով» գլխարկը, սկսեց սպասարկել հյուրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել