Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուպեր Սաքոն» խմիչք է»

Հունվար 19,2008 00:00

\"\"Իր բեմական անվան մասին ասաց ամերիկացի ռեփերի կողմից այդպես «մկրտված» ամերիկահայ երգիչը:

– Շուրջ երկու տարի առաջ եկաք հայրենիք, հաստատվեցիք, կարճ ժամանակահատվածում դարձաք հայտնի, թողարկեցիք CD՝ երգչուհիներ Էմմիի, ուկրաինացի քույրեր Թուինձիի եւ այլոց հետ: Արդյոք հաջողությունների պատճառը հայաստանյան շոու-բիզնեսում հիփ-հոփ արենդբի ոճի բացակայությո՞ւնն էր:

– Անձնական կյանքիցս հիասթափված, որոշեցի շուրջ 3 ամիս անցկացնել հայրենիքում: Երբեք չեմ երազել երգիչ դառնալ, բայց փոքր տարիքից մուտք եմ գործել ամերիկյան շոու-բիզնես՝ իբրեւ երաժշտական պրոդյուսեր: Երեւանում մի երգ առաջարկեցի Էմմիին, որտեղ կային ռեփային հատվածներ, ավելի ուշ՝ նրա մոր՝ Նադեժդա Սարգսյանի հորդորով բեմ բարձրացանք: Հիշում եմ՝ գլխարկս քաշել էի աչքերիս, որ ինձ չճանաչեն: Եվ դրանից հետո…

– Եվ դրանից հետո, եթե հավատանք ասեկոսեներին, սիրահարվեցիք Էմմիին:

– Բացարձակ: Ես նրան ընդունում եւ ընկալում եմ որպես լավ ընկեր: Եթե հետաքրքիր է, ասեմ, որ սիրահարված եմ մասնագիտությամբ իրավաբան հայուհու եւ որոշել եմ կյանքս կապել նրա հետ: Մանավանդ, ես իրավաբաններին, ոստիկաններին, մի խոսքով՝ օրենքը հարգող մարդ եմ, թեեւ երբեմն հայտնվում եմ օրինախախտի դերում… Երեւանի կենտրոնում ձեռք եմ բերել բնակարան, ունեմ նաեւ հիմնական աշխատանք՝ DJ եմ CITY FM 106-ում: Ասեմ նաեւ, որ փետրվարի վերջին 6 ամսով մեկնելու եմ Ամերիկա՝ կապված պրոդյուսերական աշխատանքների հետ, բայց անպայման վերադառնալու եմ…

– Հայաստանցիներից շատերն են մեկնում արեւմուտք, տարվա կեսն աշխատում ու վերադառնում…

– Հարցի ենթատեքստը հասկացա: Ամերիկայում երբեք դրամով երգիչ սարքելու գործընթացին մասնակից չեմ եղել: Ես երաժշտական պրոդյուսեր եմ, որը թեւ ու թիկունք է կատարողին, մեծ մասամբ՝ հոգեբանական եւ այլ առումներով:

– Ձեր կարծիքով, հայաստանցի երգիչներն ինչպե՞ս կարող են դուրս գալ արեւմտյան շոու-բիզնես:

– Հոլիվուդյան շոու-բիզնեսում են նաեւ իսպանացի հայտնի կատարողներ Էնրիկե Իգլեսիասը, Լուիս Միգելը եւ այլք, բայց դա իր պատճառն ունի: Ամերիկայում անգլերենից հետո ընդունված է իսպաներենը: Դժվար է, եթե ոչ անհնար հայ կատարողների մուտքը ամերիկյան շոու-բիզնես…

– Հայերս էլ, ոչ իսպանացիների չափ, բայց, այնուամենայնիվ, որոշ տոկոս Ամերիկայում կազմում ենք…

– Շուտով մեկնում եմ ԱՄՆ, ճիշտն ասած՝ աչքիս տակ ունեմ Էմմիին: Կարծում եմ՝ նա ամերիկյան շոու-բիզնեսին հարիր «պրոդուկտ» է:

– 2007թ. վերջերին Երեւանի Ազատության հրապարակում ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղ Դիմա Բիլանի հետ ելույթ ունեցաք նաեւ դուք եւ Էմմին: Մեզ հայտնի է, որ ձեր դուետի կատարումից հետո Բիլանը ցանկություն է հայտնել գնել ձեր երգերից մեկը:

– Այո, դա «Երբեք չես կարող նույնը լինել» երգն էր: Բիզնեսի մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դրանով զբաղվում է Նադեժդա Սարգսյանը: Միայն գիտեմ, որ երգը պետք է ձայնագրենք երեքով: Բիլանը կկատարի մեղեդային մասը, Էմմին՝ բեք վոկալը, ես էլ, ինչպես միշտ՝ ռեփային պարտիաները:

– Մի հարց եւս՝ ինչո՞ւ Սուպեր Սաքո եւ ոչ թե Սարգիս Բալասանյան…

– Սուպեր Սաքոն արեւելյան խմիչք է, այդ անունով ինձ կնքել է հայտնի ամերիկացի ռեփեր Քրափթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել