Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ք ՊԱՐԶ ՃԱԿԱՏՈՎ ՄԱՆ ԳԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունվար 19,2008 00:00

\"\"Հարցնում է ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը

– Հունվարի 10-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնում Ձեր ծննդյան 50-ամյակի տոնակատարության ժամանակ, երբ անդրադարձաք Ձեր 60-ամյակի հնարավոր «սցենարին», մի տեքստ կարդացիք, որը պարունակում էր խիստ քաղաքացիական դիրքորոշում՝ Երեւանում առկա երեւույթների մասին, որոնք բացարձակացնելով՝ գրեթե աբսուրդի էիք հասցրել: Ի՞նչը դրդեց նման խոսք ասելու:

– Ամենաահավորն այն է, որ այն, ինչ այդ օրը հնչեց իբրեւ աբսուրդ, ցավոք, ներքուստ վստահ եմ, թե կարող է լինել մեր վաղվա օրը: Քանի որ այն, ինչպես այժմ զարգանում է մեր քաղաքը՝ հնարավոր է, որ մեզ հանգեցնի այդ աբսուրդին: Եվ կգա մի օր, երբ կփորձենք բացատրել մեր երեխաներին, թե ինչ է ծառը կամ ինչ է ծիտը, որ բացի գազանանոցից՝ պարզվում է, այդ թռչունը նաեւ քաղաքում կարող է ծլվլալ ու ինչ-որ մի տեղ նստել: Էլ չեմ խոսում, որ ծիծեռնակներն էլ կարող են բույն հյուսել՝ դա շատ վաղուց, իմ մանկությունից հետո վերացել է, եւ իմ երեխաներն այդպիսի բաներ չեն տեսել, բացի Երեւանից շա՜տ հեռու վայրերից:

Նաեւ այն, ինչ կատարվում է մեր արձանների հետ՝ անխնա այս վիճակը, այս ամենն առաջացնում է այդ վախը: Դրա համար էլ չէի ուզենա, որ այսպես լինի:

– Այն մարդկանց համար, որոնք ներկա չէին Ձեր 50-ամյակի արարողությանը, թերեւս հարկ է փոխանցել, թե ինչ էր ասվածը: Ճիշտ է, գիտեմ, որ մտադիր եք այդ տեքստն օգտագործել նոր բեմադրության մեջ:

– Այո՛: Կարծում եմ, որ եթե ամեն ինչ լավ լինի՝ ապրիլին կլինի այդ՝ «Անհանգիստ հոգի կամ անկոչ հյուրը» պայմանական անվանմամբ ներկայացման պրեմիերան:

– Եվ այսպես, ըստ այդ հավանական սցենարի՝ 2018-ի Երեւանում վերացված է Ժուռնալիստների միության շենքը, քանի որ խանգարում էր կողքի բարձրահարկին:

– Այո: Իսկ Ստանիսլավսկիի անվան թատրոնի տեղը հնարավոր է, որ լինի «Մուլտի հաուզի» 2-րդ մասնաշենքը: Բացառված չէ, որ Ազնավուրի անվան հրապարակը վերածվի Թաթուլ Ավոյանի անվան հրապարակի: Հետո կվերանա կինո «Մոսկվան»: Այսինքն՝ այն բաները, որոնք մի քիչ կապված են հոգեւորի հետ՝ այսօր խանգարում են: Ավելի լավ է՝ դրանց տեղում լինի «Կարապի լճի անվան բիզնես կենտրոն», եւ ի վերջո՝ երեւանցիներին կտրամադրեն մի տեղ, որպես գետտո, որ ապրեն, եւ այնտեղ էլ կտնկեն այն մի ծառը, որի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ բոլոր 14 ուսանողները:

– Զարմանալին այն է, որ այս ամենն ասվում էր նաեւ այն մարդկանց ներկայությամբ, ովքեր այս ամենի հեղինակներից են: Ասենք, Ժուռնալիստների միության կողքի բարձրահարկը կառուցում է Սամվել Մայրապետյանը, որը դահլիճում էր: Հետո դժգոհություններ չեղա՞ն:

– Ո՛չ: Նույն Սամվել Մայրապետյանն իմ շատ լավ ընկերն է՝ դեռ ուսանողական տարիներից, Կամերային թատրոնից սկսած շփումներ կային: Ընդհանրապես, այդ օրը դահլիճում չկային պատահական մարդիկ: Փորձել էի շուրջս հավաքել նրանց, ում սիրում եւ հարգում եմ, եւ որոնք սիրում ու հարգում են ինձ:

– Ներկա էին քաղաքական վերնախավի բազմաթիվ դեմքեր՝ Արկադի Ղուկասյանից ու Վարդան Օսկանյանից մինչեւ Սերժ Սարգսյան: Ձեր այս մտահոգությունները երբեւէ փորձե՞լ եք փոխանցել նրանց եւ ի՞նչ արձագանք եք ստացել:

– Իմ այս մտահոգությունների մասին միշտ է խոսակցություն լինում հանդիպումների ընթացքում: Բացի այդ՝ բոլոր նրանք, ովքեր ներկա էին իմ 50-ամյակին, ներկա են եղել նաեւ ներկայացումներիս՝ ե՛ւ ժամանակին «Խաթաբալադա»-ին, ե՛ւ այժմ «Mea Culpa»-ին, ու բեմից էլ եմ փորձում խոսել այն թեմաների մասին, որոնք ինձ ցավ են պատճառում: Ու երբ խոսում եմ մտերիմներիս հետ, որոնք այսօր ներկայացնում են իշխանական տարբեր կառույցներ ու ոլորտներ՝ բոլորը համաձայնում են, թե իսկապես պետք է այս ամենի դեմ պայքարել, ուղղել եւ այլն, եւ այլն: Նրանցից շատերին ես ճանաչում եմ արդեն միլիոն տարի եւ վստահ եմ, որ ինքն իսկապես անձնապես ուզում է դա: Հիմա ուրիշ հարց է, եթե ինչ-որ բան խանգարում է… ես միշտ էլ ասել եմ. եթե ինչ-որ կերպ կարող եմ օգնել՝ եկեք ուղղենք, քանի որ, վերջիվերջո, ոչ մեկս հավերժ չենք, եւ ոչ մի աթոռ երբե՛ք հավերժ չէ՝ այսօր կա, վաղը չկա: Վաղը դու պիտի կարողանաս պարզ ճակատով ման գալ քո քաղաքի փողոցներում: Վստա՞հ ես, որ ման կգաս, որ քեզ կմոտենան, կբարեւեն, ինչպես ես միշտ հիշում եմ, թե ինչպես էր հայրիկս մինչեւ վերջերս Երեւանի նախկին քաղաքապետ Հասրաթյանին փողոցում տեսնելով՝ անպայման մոտենում: Նրանք ծանոթ չեն եղել, բայց հայրիկս մոտենում էր, գլուխը խոնարհելով բարեւում ու ինձ ասում՝ նա մեր քաղաքը շատ լավ է պահել: Այ դրան կհասնե՞նք մի օր:

– Երբ շահագործման հանձնվեց Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը, Ռոբերտ Քոչարյանը Երեւանը դիտեց քաղաքապետարանի աշտարակից եւ ասաց. «Ես առաջարկեցի քաղաքապետին շաբաթը մեկ անգամ վերեւից մի քիչ նայել, որովհետեւ ավելի լավ են երեւում այն թերացումները, որոնք կան այսօր քաղաքում կառուցապատման հետ կապված»: Դրանից հետո միշտ անցնելով քաղաքապետարանի շենքի կողքով՝ նայում եմ աշտարակին. գուցե այնտե՞ղ է Երվանդ Զախարյանը եւ կատարում է ՀՀ նախագահի հանձնարարականը: Սակայն այդպես էլ նրան չեմ տեսել, գուցե Դո՞ւք եք տեսել:

– Ո՛չ, երբե՛ք չեմ տեսել: Միգուցե նա այն ժամերին է կանգնում վերեւում, երբ ես աշխատանքի եմ: Բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ՝ աշխատանքային սեղան դրվեր այդտեղ ու այնտեղ լիներ քաղաքապետի առանձնասենյակը՝ ավելի հեշտ կլիներ այս ամենին հետեւելը: Ես չգիտեմ՝ գուցե նա մա՞րդ է ուղարկում ու կանգնեցնում այնտեղ, որ նայի եւ ասի՝ գիտե՞ք, այսինչ տեղը… Ընդ որում, եթե մի քիչ աչքերից թույլ մարդ է՝ ուրեմն, քաղաքապետն այդպես էլ ոչ մի բանի մասին չի իմանա: Ու այդ մարդն իր առանձնասենյակում նստած՝ չգիտի էլ, թե ինչ է կատարվում:

– Կարծում եք, թե չգիտի՞: Գուցե ամենալավը հենց ինքը գիտի, քանի որ իր մասնակցությամբ է կատարվում այս ամենը:

– Չիմանալ չի կարող: Եթե ես գիտեմ՝ ինքը պիտի՛ իմանա: Դրա համար է ինքը նշանակված, որ հետեւի իմ քաղաքին՝ ինձ հետ միասին: Այ, եթե իմ քաղաքապետը օրերից մի օր հեռուստատեսությամբ կդիմի ինձ ու կասի՝ հարգելի քաղաքացի Թոխատյան՝ գիտե՞ս, ձյուն է եկել, մենք չունենք ձյուն մաքրող մեքենա, պետությունն էլ աղքատ է, չենք կարողանում գնել, քանի որ էն փիս «ձյաձյաները» ծախել՝ դրա փողը կերել են, ի՞նչ կլինի, վաղը մի բահ վերցրու՝ էս ժամին դուրս արի, մի հատ էս ձյունը մաքրենք իրար հետ:

– Ամեն տարի, քանի չի սկսվել ձմեռը, քաղաքային իշխանությունները զեկուցում են, թե քանի ձյունմաքրիչ եւ աղբատար մեքենա են ձեռք բերել, անգամ այդ մեքենաները փուչիկներով զարդարելով՝ շարում են Հանրապետության հրապարակում: Բայց երբ գալիս է ձմեռը՝ քաղաքի փողոցներն էլի սառցակալված են լինում ու թաղված աղբի մեջ:

– Բոլոր թշնամիներն են դրսից հավաքվում ու փչացնում մեր աղբի մեքենաները, «գայկեքը» հանում: Ձյան մեքենաներն էլ ձմռանը չեն աշխատում՝ ամռանն են լավ հավաքում: Լավ, ջհանդա՛մը՝ չեն աշխատում, մեզ փչացածն են վաճառում, էդ մարդն էլ չի հասկանում՝ առնում է: Բայց ժամանակին Վանո Սիրադեղյանը բոլոր խանութներին ստիպեց լամպեր տեղադրել, ու հանկարծակի մի օր մեր քաղաքը գոնե ներքեւից լուսավորվեց՝ մարդիկ մայթերին չէին ընկնում: Բայց արե՛ց, դա դարձավ նորմա, եւ հիմա ամեն մեկն իր խանութի դիմաց փոքրիկ լապտերներ է դնում: Այդ նույնը կարելի է անել մաքրության կապակցությամբ: Նույնը կարելի է անել ծառատունկի կապակցությամբ, որ ոչ թե տանեն յեսիմ որտեղ տնկեն էդ խեղճ ծառը, որ մի ամիս հետո՝ մեկ է, փչանալու է, քանի որ շան տեղ դնող չկա՝ մեկը պիտի լինի՞, որ ջրի: Այդ մասսայական ծառատունկե՜րը՝ «բոլորս դեպի»… ու ի՞նչ, ո՞ւր են: Եթե բոլոր շաբաթօրյակներին մեր տնկած ծառերը ջրող լիներ՝ քաղաքը երեւի կդառնար ջունգլի: Բայց չկան այդ ծառերը: Հյուսիսային պողոտայում մի ծառ, ծառի նմուշ չկա՝ «գառշոկի» մեջ տոնածառ են այնտեղ բերել-դրել, որ ի՞նչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել