ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսները երեկ այսպես որակեցին «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարին:
Երեկ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Իրական սոցիոլոգիայից այն կողմ» թեմայով սեմինար: Վերջինս, մասնակիցների ձեւակերպմամբ՝ սոցիոլոգիայի բնագավառում հմտացած «արհեստավորների», «խոպանչիների» գործունեության դեմ բողոքի «ակցիա» էր: Սոցիոլոգիայի ամբիոնի մասնագետները փաստեցին, որ չհետեւելով մասնագիտական էթիկայի կանոններին, ոմանք սոցիոլոգիական գիտության մասին ձեւավորում եւ տարածում են թյուր պատկերացումներ, իսկ նրանց գործունեությունը բացասական ազդեցություն է թողնում սոցիոլոգիա գիտության եւ երիտասարդ մասնագետների վրա:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Կարեն Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում խոսեց Ահարոն Ադիբեկյանի մասին. «Համբերության բաժակի լցվելու վերջին կաթիլը Ադիբեկյանի հնչեցրած վիրավորանքներն էին, որոնք տեղ էին գտել մամուլի հրապարակումներից մեկում: Մենք շատ երկար՝ 10-12 տարի լռում էինք: Իսկ այս անգամ նա անձնական վիրավորանքներ է ուղղել մեր հասցեին՝ ասելով, թե մեր ֆակուլտետը մասնագետ չի պատրաստում, թե սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը՝ ֆակուլտետի դեկանը, սոցիոլոգիան տանն է սովորել: Ունենալով համբավ՝ չի կարելի այդքան իջնել եւ ստվեր գցել մյուսների վրա»: Երեկվա քննարկման նպատակներից էր նաեւ այն, որ հստակորեն տարանջատվեն սոցիոլոգիական հարցում եւ ուղղակի հարցում գաղափարները: Կ. Սարգսյանը նկատեց. «Այն, ինչ տարածվում է տարբեր կազմակերպությունների կողմից, որոնք գիտական մասը չեն ապահովում, ընդամենը ժուռնալիստական հարցում է: Նմանատիպ հարցումը ողջունվում է հասարակության կողմից, քանի որ այն այս կամ այն խնդրի մասին իրազեկում է մարդկանց»: Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ո՞րն է պրն Ադիբեկյանի հաջողության գրավականը: Կ. Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ նա հաջողություն երբեւիցե ունեցե՞լ է»: Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ հակակշիռ չկա, կամ այս բնագավառի մյուս գիտնականներն ինչո՞ւ չեն երեւում, ինչպես Ա. Ադիբեկյանը, Կ. Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրն ուրիշ ոլորտում է… Ստացվել է այնպես, որ 2007-ից միայն Ադիբեկյանն է երեւում եթերում: Եվ պատճառը ԶԼՄ-ներն են: Նախկինում բոլոր մասնագետներն էլ հավասարաչափ էին ելույթ ունենում»: Պրն Սարգսյանին հարցրինք՝ ճի՞շտ է արդյոք մեղքը միայն լրատվամիջոցների վրա գցելը: Նա պատասխանեց. «Պարզապես մենք չենք կարողանում հասարակության հետ խոսել, խոսում ենք միայն մեր ուսանողների հետ: Մեր ասելիքն այն է, որ լրագրողներն էլ չվարկաբեկեն մեզ՝ այսօր մեծ տարածում գտած ամեն տեսակ հարցումները սոցիոլոգիական որակելով, քանի որ դրանով վարկաբեկում են տարեկան 65 շրջանավարտի»:
Երեկվա քննարկմանը անդրադարձ եղավ նաեւ միջազգային կազմակերպություններին, հատկապես «Գելափին»: Ավելին՝ այս կազմակերպության հայաստանյան գործունեությունը կասկածի տակ դրվեց: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը նկատեց. «Համոզված չեմ, որ Հայաստանում հենց «Գելափն» է հետազոտություններ կատարում: Կարծում եմ, որ նրա փողերով վարձվածներն են Հայաստանում աշխատում, որոնց գործունեության հավաստիության մեջ համոզված չեմ: Իսկ ինչ վերաբերում է մեր ֆակուլտետին, այն չի կարող հետազոտությունների համար գումար ստանալ համալսարանից, քանի որ ԵՊՀ-ն գիտական կառույց է եւ փող չունի: Ուստի, ստիպված պատվերով ենք հետազոտություն կատարում, իսկ դրանք ոչ թե վարկանիշային հետազոտություններ են, այլ ներկայացուցչական: Օրինակ՝ իմ կատարած վերջին հետազոտությունը վերաբերում է աշխատանքում՝ երեխաների ընդգրկվածությանը»: