Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՇՆԱՄԻՆԵՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ»

Հունվար 19,2008 00:00

\"\"Հարցազրույց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի հետ:

– Անցյալ տարվա վերջին ԳԱԱ-ում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, խոսելով ԿԳՆ համակարգում գիտության պետական կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին, ասաց, որ դա գիտության համար նույնն է, ինչ տարածքային կառավարման նախարարությունում՝ ջրային կոմիտեն, իրականում իրենից ի՞նչ է ներկայացնում նորաստեղծ կառույցը:

– Նախարարն այդպես է ասել, որովհետեւ մարդկանց մոտ հարց էր առաջացել, թե ի՞նչ իմաստ ունի գիտության կոմիտե ստեղծելը՝ ԿԳ նախարարության կազմում, եթե այնտեղ արդեն կա գիտության վարչություն: Պրն Մկրտչյանը ստիպված այդպես է պատասխանել, որովհետեւ առայժմ գործող կարգով նախարարությունից դուրս կոմիտեներ չեն գործում, ինչն իմ կարծիքով աբսուրդ է… Հույս ունեմ, որ առաջիկայում այդ բացը կուղղվի, եւ այս կոմիտեն կգործի կառավարությանը կից ու չի բացառվում, որ նույնիսկ նախարարություն դառնա: Գիտության պետական կոմիտեն ստեղծվեց շատ պարզ պատճառով. գիտության երեք տեսակների կառավարման տարբեր մեխանիզմներ են գործում՝ ակադեմիական գիտություն, որի կոորդինատորը ԳԱԱ-ն է, ճյուղային գիտություններ, ինստիտուտներ, որոնք ենթարկվում են այս կամ այն նախարարությանը եւ բուհական գիտություն: Այս 3 համակարգերի կառավարման միասնական մեխանիզմ գոյություն չուներ, ինչի պատճառով խնդիրներ էին ծագում: ԽՍՀՄ-ը մեծ պետություն էր, այդ շրջանում Հայաստանի գիտության բյուջեն ավելի քան 400 մլն դոլար էր… Այսօր իրավիճակը փոխվել է. ունենք անկախ Հայաստանի Հանրապետություն՝ իր սահմանափակ ռեսուրսներով, ուստի պետք է այլ կերպ գործել: Ինչպես վերը նշեցի, այդ 3 կառույցների խնդիրները տարբեր են, ստացվել էր այնպես, որ, պատկերավոր ասած, ով ավելի շնորհքով է՝ սայլն էլ իր կողմն էր քաշում ու առաջանում էին լուրջ անհամաչափություններ ե՛ւ ֆինանսների բաշխման, ե՛ւ այլնի հետ կապված: Կարճ ասած՝ այս կոմիտեն ստեղծվեց, որպեսզի գիտության կառավարումը մեկ կենտրոնից լինի եւ հավասար մոտեցում ցուցաբերվի բոլոր երեք ոլորտներին:

– Դուք ինքներդ փաստեցիք, որ ունենք շատ սահմանափակ ռեսուրսներ, սուղ բյուջե եւ գիտնականների հոծ բանակ, որոնցից շատերը, կներեք ձեւակերպմանս, հենց ի՛նձ փող տվեք կարգախոսով է առաջնորդվում, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:

– Իսկապես, սարսափելի ծանր աշխատանք է սպասվում: Նշեմ, որ գիտնականների քանակը էապես պակասել է՝ ԽՍՀՄ շրջանի համեմատությամբ: Եթե նախկինում 24000 գիտնական կար Հայաստանում, ապա այժմ, պաշտոնական տվյալներով՝ 6500-7000 է, չնայած կասկածում եմ այդ թվերի վրա, որովհետեւ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ մի անգամ աուդիտ չի անցկացվել գիտական կառույցներում, եւ հստակ թիվ ասել, թե ինչքան մարդ է ներգրավված՝ դժվար է: Ի դեպ, մեր կոմիտեն պատրաստվում է առաջիկա 3 ամիսների ընթացքում գիտական կադրերի, հիմնարկների, նրանց տված արդյունքների աուդիտ անցկացնել: Այդ ամենը պարզելուց հետո միայն կձեւակերպենք հետագա անելիքները՝ օրինակ, ինչպես անել, որ փոքր բյուջեի սահմաններում գիտությունը կարողանա նաեւ մրցունակ լինել: Եթե պետությունը գումար է ծախսում գիտության վրա, բնականաբար, ակնկալում է որոշակի արդյունք: ԽՍՀՄ փլուզումից հետո ծախսեր արվում են, սակայն զգալի արդյունքներ չեն երեւում: Պատճառն այն չէ, որ լավ գիտնականներ չունենք, ուղղակի կազմակերպված ձեւով չեն բաշխվում գումարները եւ խելամիտ հետազոտություններ չեն արվում: Առայժմ նույնիսկ ձեւակերպված չեն Հայաստանի գիտության գերակա ուղղությունները, սարսափելի վիճակում է անկախ փորձագիտական հանձնաժողովների ձեւավորման հարցը: Ժամանակն է նաեւ «Գիտության մասին» օրենքում ինչ-ինչ լրացումներ մտցնել, ԳԱԱ կանոնադրությունը եւս շտկումների կարիք ունի, պետք է հստակ ձեւակերպենք՝ ի՞նչ ենք հասկանում, օրինակ, ճյուղային գիտություն ասելով, ճյուղային նախարարությունները որոշակի պատասխանատվություն կրելո՞ւ են ճյուղային գիտության համար, թե՞ ոչ եւ այլն…

– Ձեր որոշ մտքեր գիտնականների «կարծրացած» մասի համար կարող են հեղափոխական թվալ, չե՞ք վախենում թշնամիներ վաստակելուց:

– Եթե վախենայի, ինձ վրա նման պատասխանատվություն չէի վերցնի, այլ ԵՊՀ-ում հանգիստ նստած կշարունակեի պրոռեկտորական աշխատանքս… Հայաստանի համար գիտությունը գենետիկական հատկանիշ է, համաշխարհային հանրության մեջ Հայաստանը միշտ էլ գիտության երկիր է ընկալվել: Այսօր եթե արմատական փոփոխություններ չանենք, եղածն էլ կկորցնենք: Իսկ տրադիցիաները կորցնելը՝ նշանակում է կորցնել տարիներ: Ճիշտ է, հիմա մեր բյուջեն առայժմ փոքր է՝ տարեկան մոտ $25 մլն, բայց դա էլ գումար է, եթե կարողանաս ամեն ինչ ճիշտ բաշխել: Իմ երկու ամսվա աշխատանքի արդյունքների հիման վրա պարզել եմ, որ այստեղ գումարները հիմնականում նպատակային չեն ծախսվում, գումարի վերադարձ չի լինում…Մյուս կողմից, հակված չեմ մտածելու, թե գիտության վրա առանց վերադարձի ծախսվող գումարները օգուտ չեն տալիս, ընդհակառակը՝ գրագետ ազգերի մոտ ավելի քիչ են հանցագործությունները, թմրամոլությունը, պոռնկությունը եւ այլ մերժելի երեւույթներ…

– Իսկ մեր հարեւանները գիտության պետական կոմիտե ունե՞ն:

– Հարեւանների համար չգիտեմ, բայց կարծում եմ՝ Հայաստանում դա անհրաժեշտ է: Ռուսաստանում, օրինակ, ֆունդամենտալ հետազոտությունների հիմնադրամ է գործում: Ինչ վերաբերում է Վրաստանին, այնտեղ գիտության բարեփոխումները մեծ վնաս տվեցին գիտությանը, առանց մտածելու՝ գիտական հիմնարկները կցվել են բուհերին, բուհերն էլ՝ չգիտեն ինչպես վարվել այդ հիմնարկների հետ: Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանում էլ մի շարք ինստիտուտներ միավորվեն բուհերի հետ, ստեղծվեն գիտակրթական կենտրոններ, բայց դա պետք է ոչ թե մի հարվածով արվի, այլ լինի հիմնավորված, ունենա որոշակի քրոնոլոգիական զարգացում:

– Թեմատիկ ֆինանսավորման հետ կապված կրքերը գիտնականների շրջանում շարունակում են բորբոքված մնալ…

– Թեմատիկ ֆինանսավորումը եւ փորձաքննության այն ձեւը, որը եղել է նախկինում, այժմ ոչ մի քննադատության չի դիմանում, համակարգն այժմ նորմալ չի աշխատում: Ես նշանակվեցի Գիտության պետական կոմիտեի ղեկավար, երբ մրցույթը, այսինքն՝ թեմատիկ ֆինանսավորման խաղի կանոնները նախօրոք հայտարարված էին, ուստի այն բարեփոխումները, որ ցանկանում ենք իրականացնել, բնականաբար, 15-20 օրվա ընթացքում ի վիճակի չենք լինի կյանքի կոչել: Ստիպված հենվեցինք նախկին փորձաքննական հանձնաժողովների վրա՝ այնտեղ նշանակելով կոմիտեի ներկայացուցիչներին, որպեսզի հնարավոր լիներ որոշ բաներ հսկել… Կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց եղան դեպքեր, երբ շատ հարգարժան գիտնականների անուններ մի 5-6 տեղ նշված էին, որոշ ինստիտուտներ էլ իրենց տնտեսական խնդիրները փոխանակ բազային ֆինանսավորման միջոցով լուծեն, հույսները դրել են թեմատիկ ֆինանսավորման վրա… Մի խոսքով, կրճատումներ են եղել եւ այս տարվա թեմատիկ ֆինանսավորմամբ մոտ 500 մարդու ազգանուն պակասել է, բայց ունենք աշխատավարձերի 70 տոկոսով բարձրացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել