Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ» ՊԱՏԵՐԱԶՄ՝ BRITISH COUNCIL-Ի ԴԵՄ

Հունվար 19,2008 00:00

\"\"Մոսկվա-Լոնդոն դիվանագիտական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են խզվել

Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արդեն մի քանի տարի շարունակվող դիվանագիտական առճակատումը, որը հատկապես սաստկացավ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) նախկին սպա, լոնդոնաբնակ Ալեքսանդր Լիտվինենկոյի առեղծվածային մահից հետո, վերջին շաբաթներին արդեն սպառնում է վերածվել երկու երկրների միջեւ իսկական սառը պատերազմի: Հիշեցնենք, որ բրիտանական իրավապահների եզրակացությամբ, պուտինյան ռեժիմի կողմից հեռակա կարգով դավաճան հռչակված Լիտվինենկոն անցած տարի ռադիոակտիվ թունավորման է ենթարկվել ՌԴ ԴԱԾ-ի մեկ այլ նախկին սպայի (ներկայումս՝ գործարար) կողմից, որին, սակայն, Մոսկվան հրաժարվել է հանձնել Միացյալ Թագավորության համապատասխան մարմիններին՝ չնայած Լոնդոնի պաշտոնական դիմումին: Այս հակասությունը, իհարկե, կարելի է դիտարկել Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների՝ վերջին շրջանին բնորոշ սառնության ընդհանուր համատեքստում:

Այդուհանդերձ, Մոսկվա-Լոնդոն դիվանագիտական հակամարտությունը նկատելիորեն առանձնանում է այդ համատեքստից եւ, կարելի է ասել, զուտ երկկողմ դիմակայության հարուստ նախապատմություն ունի՝ պայմանավորված քաղաքական մի շարք հանգամանքներով (մասնավորապես, Լոնդոնի հետեւողական հովանավորությունը՝ Կրեմլի ներկայիս վարչակարգի կողմից վտարյալ հռչակված ռուսաստանցի մի շարք տարագիր գործիչների նկատմամբ): Պատահական չէ, որ Ռուսաստանում գործունեություն ծավալած Արեւմտյան տարբեր կազմակերպությունների եւ շարժումների նկատմամբ վերջին շրջանում ընդգծված մերժողական դիրք բռնած ՌԴ իշխանություններն իրենց անբարեհաճության սլաքն ուղղել են հատկապես դեպի բրիտանական կազմակերպություններն ու, մասնավորաբար, դեսպանատներին եւ հյուպատոսություններին կից գործող հայտնի «Բրիտանական խորհուրդ» (British Council, ԲԽ) կառույցի մասնաճյուղերը: Ծանոթության կարգով նշենք, որ «Բրիտանական խորհուրդը» վերգերատեսչական, պետական կազմակերպություն է, որը գործում է Մեծ Բրիտանիայի թագուհու բարձր հովանավորությամբ եւ զբաղված է տարբեր երկրներում կրթամշակութային, բարեսիրական ծրագրերի իրականացմամբ: Իր բավականաչափ եռանդուն մշակութային գործունեությամբ British Council-ն, ի դեպ, շատ լավ հայտնի է նաեւ Հայաստանում:

Եվ ահա, Լոնդոնի հետ հարաբերությունները մի լավ փչացնելուց հետո Մոսկվայում «հանկարծ» հասկացել են, որ Բրիտանական խորհուրդները Ռուսաստանում զբաղված են ոչ թե կրթամշակութային, այլ բացառապես քայքայիչ եւ հակառուսական գործունեությամբ, ինչի դեմ էլ այդ երկրի գրեթե ողջ իրավապահ եւ քարոզչական համակարգը վերջին շաբաթներին դուրս է եկել վճռական պայքարի: Գեթ փոքր-ինչ հասկանալու համար, թե Ռուսաստանում որքան լուրջ են համարում այդ պայքարը, բավական է ներկայացնել դրա որոշ դրվագները:

Վերջին օրերին ռուսաստանյան իրավապահներն ու, մասնավորապես, ԴԱԾ աշխատակիցները լայնածավալ արշավ են սկսել Ռուսաստանի մի շարք քաղաքներում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ եւ այլուր) տեղակայված ԲԽ-ների գրասենյակների դեմ: ՌԴ անվտանգության ծառայության տեղական մարմինները բոլոր միջոցներով փորձում են խոչընդոտել Ռուսաստանում այլեւս արգելված այդ կազմակերպության մասնաճյուղերի գործունեությունը: Միջոցների մեջ ոչ մի խտրություն չի դրվում. այցեր, սպառնալիքներ, ներխուժում գրասենյակներ եւ այլն: Ըստ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրների, բանը հասել է այնտեղ, որ ՌԴ ԴԱԾ աշխատակիցները «զրուցելու նպատակով» արդեն սկսել են այցելել ոչ միայն ԲԽ-ի գրասենյակները, այլեւ դրանցում աշխատող ռուսների, երբեմն էլ նույնիսկ՝ բրիտանացիների բնակարանները: Մի քանի օր առաջ արդեն պաշտոնապես փակվել է ԲԽ-ի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղը: Դրանից ընդամենը մեկ օր անց իր գործունեությունն է դադարեցրել նաեւ ԲԽ-ի Եկատերինբուրգի կառույցը: Գործը, սակայն, չի ավարտվել միայն զրույցներով: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության աղբյուրի տվյալներով, ռուս իրավապահներին հանձնարարված է հարկ եղած դեպքում առգրավել ԲԽ-ների գրասենյակներում պահվող փաստաթղթերը: Այդ պարագայում, ըստ նույն աղբյուրի, Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպանը մեծ հավանականությամբ կարտաքսվի երկրից, ինչին, բնականաբար, կհաջորդի Ռուսաստանի հայելային հակաքայլը՝ Մոսկվայում անգլիացի դեսպանին արտաքսելու տեսքով: Փաստացիորեն, դա կնշանակի երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերջնական խզում, ինչն իր տեսակի մեջ առաջինը կլինի «Հետխորհրդային տարածք-Արեւմուտք» շրջանակում երբեւէ ծագած հակասությունների շարքում: Արեւմտյան գործակալությունները հաղորդում են, որ այս օրերին Լոնդոնը ակտիվ խորհրդատվություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ՝ խնդրո առարկայի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակելու նպատակով:

Անշուշտ, հետաքրքիր է, թե ինչ են մտածում դիվանագիտական այս առճակատման մասին Ռուսաստանի հայտնի քաղաքական, պետական գործիչները: ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, օրինակ, ստեղծված դրությունը բնութագրել է իբրեւ «աննախադեպ եւ Ռուսաստանի համար վիրավորական», հավելելով, թե իր երկիրն ունի բոլոր հնարավորությունները՝ Բրիտանական խորհրդի գործունեությունն այնտեղ կասեցնելու համար: ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես միշտ, իր գնահատականներում ուրույն է եւ անհեթեթորեն սուր: Նա հայտարարել է, թե Բրիտանական խորհրդի գործունեությունն ուղղված է «Ռուսաստանի զարգացմանը խոչընդոտելուն», իսկ ԲԽ-ի մշակութային ուղղվածությունը, ըստ Վլադիմիր Վոլֆովիչի, «ընդամենը քողածածկույթ է»:

ԲԽ-ի շուրջ Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին լայնորեն անդրադարձել է նաեւ Բրիտանական մամուլը: Այսպես. The Times-ը նշում է, թե Կրեմլի հետ ունեցած վեճում մեծ Բրիտանիան շատ թույլ է, ընդգծելով. «եթե բրիտանական կառավարությունը սպասում էր, թե ԲԽ-ի հարցում Ռուսաստանն իրեն ջենթլմենավարի կպահի, ապա շատ արագ նման հույսերը հօդս ցնդեցին»: Թերթը մանրամասնորեն նկարագրում է ԴԱԾ-ականների՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղակայված ԲԽ-ի գրասենյակներ կատարած ներխուժումների մասին, կծու հեգնանքով նկատելով, թե իրենց այս արշավը ռուս իրավապահներն իրականացնում են «Ռուսաստանի քաղաքացիներին բրիտանական շպիոնաժից բխող վտանգներից ապահովագրելու» կարգախոսի ներքո: «Դժվար է թերագնահատել ռուսական անվտանգության մարմինների ծավալած «բացատրական աշխատանքների» սարսափեցնող ուժը մի երկրում, որտեղ գաղտնի ոստիկանները գործում են առանց ինչ-ինչ սահմանափակումների: Նրանք լրտեսության մեջ մեղադրում են՝ ում խելքները փչի: Կեղծ գործեր են թխվում տեղի բազմաթիվ գիտնականների, հետազոտողների ու մասնագետների նկատմամբ, որոնց հետագայում տարիներ են պահանջվելու՝ իրենց բարի անունը վերականգնելու համար»,- շարունակում է The Times-ը: Ամփոփելով, թերթը հարցադրում է անում. «Իսկ ի՞նչ կարող է անել Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը՝ ԲԽ-ներում աշխատող ու ներկայումս պետության թշնամիներ հռչակված ռուս քաղաքացիներին պաշտպանելու համար: Չէ՞ որ առանց նրանց Բրիտանական խորհրդի ռուսաստանյան մասնաճյուղերը պարզապես չեն կարող գործել: Մոսկվայում թերեւս շատ լավ են հասկանում, որ Միլիբենդն այդ հարցում անզոր է, իսկ Ռուսաստանում, ինչպես գիտենք, չափազանց քիչ են այն մարդիկ, ովքեր կհանդգնեն ընդդիմանալ Կրեմլի գործողություններին»:

Բավական խոսուն է այս թեմայով Daily Telegraph-ում հրապարակված հոդվածի վերնագիրը՝ «Բրիտանիան եւ կոպիտ ռուսական արջը»: Պարբերականը ենթադրություն է անում, որ Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները որոշակիորեն պայմանավորված են այդ երկրում գլուխ բարձրացրած «կատաղի ազգայնականությամբ», ինչը դարձել է Պուտինի նախագահության շրջանի «բնորոշ գծերից մեկը»: «Որո՞նք են Կրեմլի ապշեցուցիչ շովինիզմի եւ կոպտության պատճառները»՝ հարց է տալիս Daily Telegraph-ն ու ինքն էլ պատասխանում. «դրանցից մեկը, թերեւս, Պուտինի ատելությունն է Բորիս Բերեզովսկու նկատմամբ, թեեւ այլ պատճառներ էլ կան»:

Հարկ է նկատել, որ Ռուսաստան- Մեծ Բրիտանիա հարաբերությունների սրընթաց աճող լարվածությունը որոշակի տագնապներ է առաջ բերել ԵՄ անդամ որոշ երկրներում, որոնք մտահոգված են մեծ չափով էներգետիկ մենատեր հանդիսացող Ռուսաստանի զայրույթի առավել ուժգին՝ էներգակիրների եվրոպական մատակարարումներին սպառնացող պոռթկումների հնարավորությամբ: Մինչդեռ, Ռուսաստանում, շատ դիտորդների գնահատմամբ, ոչ թե անհանգստություն, այլ խանդավառություն է տիրում: Դժվար է, իհարկե, սպառիչ բացատրություն գտնել այդ խանդավառության համար: Առայժմ կարող ենք փաստել միայն, որ քանի դեռ միջազգային շուկայում նավթի գները շատ բարձր են ու քանի դեռ, մեծ չափով դրանով պայմանավորված, Ռուսաստանում ահագնանում է միջազգային քաղաքականության գերբեւեռի վերածվելու հաճելի թմբիրի ազդեցությունը, այդ երկրում ծավալվող անզիջում պայքարը British Council-ի ու ամեն տեսակ այլ council-ների դեմ՝ շարունակվելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել