Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ընտրություններում էլ ամեն ինչ հարթ չէ

Հունվար 19,2008 00:00

«Կեղտոտ» հնարքներ՝ ըստ ամերիկացիների

ԱՄՆ 44-րդ նախագահի 2008թ. նոյեմբերի 4-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի նահանգներում նախնական ընտրությունների, այսպես կոչված՝ «պրայմերիզների» եռուն շրջան է: «Պրայմերիզը» (primeries-սկզբնական, խմբ.) մինչ վերջնական՝ ամփոփիչ ընտրություններն անցկացվող միջանկյալ քվեարկություն է, որի նպատակը ԱՄՆ-ում գործող երկու հիմնական կուսակցություններից (Հանրապետական եւ Դեմոկրատական) մեկական թեկնածուի որոշումն է: Այս ընտրակարգի նպատակն այն է, որ մի կուսակցության տարբեր թեկնածուներ հիմնական ընտրություններում միմյանցից ձայներ չխլեն, քանի որ նրանք, ըստ էության, քվեներ են ակնկալում միեւնույն էլեկտորատից: Ի դեպ, «պրայմերիզը» չհաղթահարածները նույնպես կարող են առաջադրվել ու մասնակցել վերջնական ընտրություններին, սակայն արդեն առանց կուսակցության աջակցության՝ իբրեւ անկախ թեկնածուներ:

ԱՄՆ-ում նախագահական եւ առհասարակ խոշոր քաղաքական արշավները նման են սառցաբեկորի՝ դրանք ունեն հանրությանը տեսանելի եւ ոչ տեսանելի շերտեր: Ամերիկյան որոշ քաղաքագետների կարծիքով, այդ սառցաբեկորի անտեսանելի շերտերը ջարդում են քաղաքական ազնիվ պայքարի մասին եղած դասական պատկերացումները: Օրինակ, ընտրազանգվածի վրա ներգործություն ունենալու նպատակով ակտիվ փուլ թեւակոխած նախագահական ընտրարշավներում շատ հաճախ օգտագործվում են անթույլատրելի, երբեմն՝ «կեղտոտ» մեթոդներ: Հենց այդպիսի ընտրատեխնոլոգիաների շուրջ է ամերիկյան քաղաքական տեխնոլոգ Ալլեն Ռեյմոնդի զրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Վերջինս ուշադրություն է հրավիրել մի քանի ընտրահնարքի վրա:

Ըստ Ռեյմոնդի, «կեղտոտ» մեթոդներից է «ստիպողական հարցումների» անցկացումը, որոնց ժամանակ սովորական հարցերի քողի տակ փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսի մասին նեգատիվ ինֆորմացիա «ներարկել» հարցվողներին: Անթույլատրելի է նաեւ թռուցիկների եւ անանուն նամակների միջոցով հերյուրանքների տարածումը: Ռեյմոնդի խոսքերով, ընթացիկ ընտրարշավում այդ կարգի հնարքները բազմաթիվ են: Մասնավորապես, դեմոկրատ սենատոր Բարակ Օբամայի ընդդիմախոսները նրա մասին արտահայտվելիս հատուկ շեշտում են Բարակի երկրորդ անունը՝ Հուսեյն: Սա անթույլատրելի հոգեբանական հնարք է. հայտնի է, որ ամերիկացիների գիտակցության մեջ այդ անունն անմիջապես զուգորդվում է Իրաքի նախկին դիկտատորի կերպարի հետ: Նպատակը պարզ է՝ Օբամայի անձի հանդեպ բացասական էմոցիաների խթանումը: Մեկ այլ օրինակ. Այովա նահանգում «պրայմերիզ» անցկացնելուց առաջ թռուցիկներ են տարածել, որոնցում տեղի վանականներին սպառնացել են չեղյալ համարել նրանց հարկերից ազատելու մասին օրենքը, եթե վերջիններս զբաղվեն ակտիվ քաղաքականությամբ: Նյու-Հեմփշիրում կայացած «պրայմերիզներից» առաջ անհայտ սոցիոլոգիական կենտրոնները հեռախոսով անցկացրել են «հարցումներ», որոնց ընթացքում ընտրողներին մորմոնական կրոնի մասին բացասական ինֆորմացիա են ներկայացրել: Դիտորդներն այդ հարցումները գնահատել են որպես մորմոն թեկնածու Միտտ Ռոմնիի դեմ ուղղված թաքնված ագիտացիա: Դրանից հետո, իհարկե, մեծ աղմուկ եղավ, ինչին հետեւեց պաշտոնական հետաքննության անցկացումը:

Այդուամենայնիվ, արժե նկատել, թե վերը նկարագրված «կեղտոտ» համարվող ընտրահնարքները որքան անմեղ են թվում մեր՝ հայաստանյան ընտրական իրականության ֆոնին:

Ամենաթանկը՝ ԱՄՆ պատմության մեջ

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նախընտրական քարոզարշավն այս անգամ թեկնածուներից ընդհանուր առմամբ «կտանի» ավելի քան 1 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ նախագահի 2004թ. ընտրություններում թեկնածուները միասին ծախսել են մոտ 693 մլն դոլար: 20 տարի առաջ Ջորջ Բուշ ավագը տեղավորվել է 59 մլն դոլարի մեջ: Պատմաբանների տվյալներով, 1860թ. ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Աբրահամ Լինկոլնին բավականացրել է ընդամենը 100 հազար դոլարը:

Այս տարի թեկնածուներն աննախադեպ ռեկորդներ են սահմանում: Այսպես. սենատոր Բարակ Օբաման 2007թ. իր ընտրարշավում ծախսել է 103 մլն դոլար, իսկ 2008թ. սկզբին Այովայում եւ Նյու-Հեմփշիրում նախնական ընտրություններից հետո նա իր համակիրներից ստացել է եւս 8 մլն: Նյու Յորք նահանգից սենատոր Հիլարի Քլինթոնը 2007թ. պաշտոնապես հրապարակել է իր ծախսած գումարը՝ 115 մլն դոլար: Արդեն դրան կարելի է գումարել այս տարվա 6 մլն-ը: Նյու Յորքի 107-րդ քաղաքապետ, հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանիի նախընտրական շտաբը հավաքել է ընդամենը 12,7 մլն դոլար, որից 7 մլն-ն է կանխիկ: Հաշվի առնելով ֆինանսական սուղ վիճակը, Ջուլիանիի թիմը ընթացիկ հունվարին աշխատում է անվճար: Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միտտ Ռոմնին առայժմ ծախսել է 17 մլն դոլար. գումարի մեծ մասը նրա սեփական կարողությունից է: Բոլոր թեկնածուներից նա ամենաշատ կանխիկ գումար ծախսողն է: Ընտրարշավի անցած 9 ամիսների ընթացքում Ռոմնին, իր իսկ խոսքերով, ծախսել է օրական 100 հազար դոլար: Որքան մոտենում է փետրվարի 5-ը, այսպես կոչված, «սուպերերեքշաբթին», թեկնածուների ծախսերն ավելի են աճում: Այդ օրը «պրայմերիզներ» կանցկացվեն միանգամից 22 նահանգում՝ ներառյալ Նու Յորքն ու Կալիֆոռնիան:

ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին խոսելիս ակամա գայթակղություն է առաջանում համեմատել դրանք Հայաստանում (նաեւ ԱՊՀ երկրներում) անցկացվող համանման ընտրությունների հետ: Ի՞նչ կունենանք այդպիսի համեմատության արդյունքում: Մի ընդհանրություն հաստատ կգտնենք. դա այն է, որ 2008 թվականին թե Հայաստանը, թե ԱՄՆ-ն կունենան նոր ղեկավարներ: Տարբերություններից առանձնացնենք թերեւս ամենաէականը՝ այստեղ ընտրություններից դեռ մեկ տարի առաջ բոլորը գիտեն (կամ մտածում են, որ գիտեն) հաջորդ նախագահի անունը, մինչդեռ ԱՄՆ-ում մինչեւ վերջին պահը, երբեմն՝ մինչ վերջին քվեաթերթիկը, այդ անունն անհայտ է լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել