Դրան հաջորդած գնահատականներում գերակշռում է հոռետեսությունը
Նախագահներին հավանաբար բնորոշ է իրենց ետեւից բարի անուն թողնելու մղումը: Այս առումով բացառություն չեն ոչ Հայաստանի, ոչ էլ Միացյալ Նահանգների ղեկավարները: Ու մինչ առաջինը ցանկանում է իր համերկրացիների հիշողության մեջ մնալ իբրեւ եզրաքարերի, ճանապարհների եւ «լամբադա» խաչմերուկների շինարար, երկրորդը, իր պաշտոնավարության ավարտին, ձեռնամուխ է եղել շատ ավելի բարդ, եթե չասենք՝ գրեթե անիրագործելի մի ծրագրի իրականացմանը: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը որոշել է Սպիտակ տնից հեռանալ իբրեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հեղինակ: Ընդ որում, իր այս բավականաչափ հավակնոտ նախագիծը ԱՄՆ նախագահը որոշել է կյանքի կոչել ոչ թե աշխատասենյակում նստած, այլ անձամբ այցելելով հակամարտության գոտի:
Ջորջ Բուշի մի քանի օր առաջ ավարտված մերձավորարեւելյան շրջագայությունը հակասական գնահատականների արժանացավ: Այդ մասին, սակայն, քիչ ավելի ուշ: ԱՄՆ նախագահը եղավ Թել-Ավիվում եւ Ռամալլահում ու անձամբ բանակցություններ վարեց նախ՝ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի, ապա՝ Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հատուկ ուշադրության են արժանի Միացյալ Նահանգների նախագահի այցի կապակցությամբ տարածաշրջանում ձեռք առնված անվտանգության աննախադեպ միջոցառումները: Բարձր հյուրին ապահով տեղաշարժելու համար իսրայելական ոստիկանությունը մի քանի ժամով ամբողջությամբ փակել էր երկրի թիվ 1 մայրուղին, որը Թել-Ավիվը կապում է Երուսաղեմի հետ: Երուսաղեմի ամենաշքեղը համարվող «Քինգ Դավիթ» հյուրանոցի շրջակայքում, որտեղ իջեւանել էր Ջորջ Բուշը, տեւական ժամանակով փակվել էր ոչ միայն ավտոմոբիլային, այլեւ հետիոտնային երթեւեկությունը: Այն բնակավայրերում եւ թաղամասերում, որտեղ նախատեսված էին ԱՄՆ նախագահի այցերը, լրիվ կամ մասնակիորեն փակվել էին հասարակական օբյեկտներն ու դպրոցները: Անվտանգության արտակարգ միջոցառումների առումով ետ չեն մնացել նաեւ Պաղեստինյան ինքնավարությունում: Ռամալլահում ամբողջությամբ փակվել է քաղաքի կենտրոնական հատվածը, բնակիչներին խստագույնս արգելվել է բարձրանալ սեփական տների տանիքները: Բոլոր բարձրադիր կետերում հսկել են դիպուկահարները, իսկ «Ալ-Մուքաթա» կոչվող նախագահական նստավայրի շրջակայքում նախապես ամբողջությամբ փորվել է փողոցների ասֆալտածածկը՝ հավանական ականները վնասազերծելու նպատակով:
Թե որքանով են այս միջոցառումների վրա ծախսված ահռելի գումարները փոխհատուցվել Ջորջ Բուշի նախաձեռնած պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր բանակցություններում գրանցված առաջընթացով, կարելի է դատել միջազգային լրատվամիջոցներում լիուլի շրջանառվող գնահատականներից: Թեեւ վերը նշեցինք, որ այդ գնահատականները հակասական են, այնուամենայնիվ, դրանցում միանգամայն սպասելիորեն գերակշռում է հոռետեսությունը: Ու քանի որ հիմնականում ամերիկյան մամուլում շրջանառվող լավատեսական կարծիքներն ավելի շատ նմանվում են բարի ցանկությունների, այլ ոչ՝ քիչ թե շատ փաստարկված դատողությունների, անդրադառնանք հոռետեսներին:
Այսպես. արեւմտյան շատ վերլուծաբաններ նկատել են տալիս, որ Բուշի նախաձեռնությունը բավական ուշացած է: Ըստ այդմ, ԱՄՆ նախագահն իր խաղաղասիրական հավակնությունները պետք է փորձեր կյանքի կոչել ոչ թե իր պաշտոնավարության ավարտին (երբ, ամերիկյան սլենգով, երկրի նախագահը վերածվում է «կաղ բադի», այսինքն՝ թույլ եւ ոչինչ չորոշող ֆիգուրի), այլ սկզբում, ինչն առավել համոզիչ կդարձներ նրա նպատակների անկեղծությունը: Վերջիններիս հոռետեսության հաջորդ բաղադրիչը կապվում է Իրաքի պատերազմի հետ: Տրամաբանությունը պարզ է. իրաքյան բազմամյա արշավ նախաձեռնած Բուշը մեծ չափով հեղինակազրկվել է արաբական աշխարհի աչքում, ինչը նրան, մեղմ ասած, շատ անհարմար միջնորդ է դարձնում արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման գործում:
Ջորջ Բուշի նոր նախաձեռնությունների գնահատման առումով ուշագրավ են նաեւ բուն հակամարտության գոտում գործող լրատվամիջոցների հրապարակումները: Պաղեստինյան թերթերից մեկը նկատում է, որ խնդիրը ոչ թե լավ կամ վատ միջնորդի, այլ հենց բանակցությունների առարկայի մեջ է՝ մանրամասնելով. «Եթե անգամ ենթադրենք, որ Իսրայելը հրեա վերաբնակներից ամբողջությամբ ազատի վիճելի տարածքներն ու համաձայնի իր հարեւանությամբ Պաղեստին պետության կազմավորմանը, ինչի նշանները, ի դեպ, նրանք ցույց են տալիս, ապա բուն Երուսաղեմի հարցում համաձայնության գալու հեռանկար՝ գործնականում չկա»: Իսրայելցի դիտորդներն ուշադրություն են հրավիրում մեկ այլ ասպեկտի վրա: Նրանք հիշեցնում են, որ ներկա պահին Պաղեստինը, գործնականում, երկփեղկված է. Գազայի հատվածում, փաստացիորեն, իշխում է ծայրահեղական «Համաս» շարժումը, որը թշնամական է տրամադրված ոչ միայն Իսրայելի, այլեւ Մահմուդ Աբասի վարչակարգի նկատմամբ: Հետեւաբար, նշում են նրանք, դժվար է ենթադրել, թե համասականները կհանդուրժեն Աբասի, ըստ իրենց, սեպարատ բանակցությունները, հատկապես հաշվի առնելով այն, որ այդ բանակցությունների ոգեշնչողն իրեն համար ատելի Ջորջ Բուշն է:
Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան նոր նախաձեռնությանը հաջորդած հոռետեսության հեղեղը նկատելիորեն թուլացրել է Սպիտակ տան երբեմնի էնտուզիազմը, ինչը շատ պարզ երեւաց ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի՝ օրերս BBC-ի արաբական ծառայությանը տված հարցազրույցից: Վերջինս հայտարարեց, թե պետք չէ նախագահ Բուշի ծրագրից մեծ ակնկալիքներ ունենալ: «Սա ընդամենը խաղաղության հասնելու մի հերթական ջանք էր: Այդպիսի ջանքեր գործադրվել են նախկինում, եւ հուսով եմ, որ այդպիսիք կգործադրվեն նաեւ ապագայում»,- հայտարարել է նկատելիորեն թեւաթափ եղած Ռայսը:
Ուստի՝ բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Ջորջ Բուշը պատմության մեջ կմնա ցանկացած կերպարով, միայն ոչ՝ որպես պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ոգեշնչող եւ հեղինակ: