Սննդամթերք՝ անհատական փաթեթավորմամբ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ ամփոփեց պաշտպանության բնագավառի 2007թ. արդյունքներն ու անդրադարձավ 2008թ. հիմնական խնդիրներին:
Նախարարը 2007թ. նշանակալի միջոցառումների շարքին դասեց զորքերի կառուցվածքային փոփոխությունները. մասնավորապես, խաղաղապահ բրիգադի հաստիքացուցակների մշակումն ու շտաբի կազմավորումը: Խոսվեց պայմանագրային հիմունքներով ինժեներասակրավորային եւ հետախուզական նոր վաշտերի, հրաձգային գումարտակների ձեւավորման մասին: Ըստ նախարարի, բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները, կառուցվել են նոր զորանոցներ, ճաշարաններ, բուժկետեր, պահակատներ, բաղնիք-լվացքատներ եւ այլն:
«Մարտական հենակետերում սննդամթերքի պահպանումը կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել հերմետիկ պահարաններ, իսկ որոշ սննդամթերքներ (կարագ, շաքարավազ, երշիկ) անձնակազմին հատկացվում են անհատական փաթեթավորմամբ»,- տեղեկացրեց Մ. Հարությունյանը:
Ըստ նրա, այս տարվա նորամուծությունը կլինի այն, որ 2 զորամասերի ճաշարաններ վարձակալական հիմունքներով շահագործման կհանձնվեն հասարակական սննդի քաղաքացիական կազմակերպությունների:
Անցյալ տարի ՀՀ տարածքում կառուցվել է 11 բնակելի շենք, արդյունքում՝ զինծառայողներին է հանձնվել 346 ծառայողական բնակարան (ԼՂՀ տարածքում 6 շենք՝ 132 բնակարան):
Նախարարը հավաստիացրեց, որ 10 տոկոսով կբարձրանա զինծառայողի «դրամական բավարարումը», սպայի միջին ամսական դրամական բավարարումը կհասնի մոտ 180.000 դրամի, ենթասպայինը՝ 109.000 դրամի, պայմանագրային զինծառայողինը՝ 91.000, իսկ ծառայողինը՝ 57.000 դրամի:
Զոհված, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողների 448 անօթեւան ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու համար 2007-ին հատկացվելու է 3 միլիարդ դրամ փոխհատուցում, եւս 3 միլիարդ դրամ կառավարությունը նախատեսել է հատկացնել 2008-ին:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, հասարակական կազմակերպություններին անցյալ տարի հատկացվել է մոտ 421 միլիոն դրամ ֆինանսական օգնություն:
Հանցագործությունների նվազում
Նախարարն անդրադարձավ հանցագործությունների եւ մահացության դեպքերի նվազման խնդրին:
Ըստ նախարարի զեկույցի, 2007-ին ժամկետային զինծառայողների զոհվելու կամ մահվան դեպքերի թիվը 31-ն է, որից 2-ը կապված չէ ծառայության հետ (երկու դեպքում էլ զինծառայողները գտնվելիս են եղել արձակուրդում). 2006թ. համեմատությամբ այն նվազել է 2-ով: «Սա ամենացածր ցուցանիշն է բանակի կազմավորման օրից ի վեր»,- հավելեց նա:
Գնահատելով միջազգային ասպարեզում մեր զինուժի գործունեությունը, նա ասաց. «Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Անկախ պետությունների համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ որպես միջազգային անվտանգության կազմակերպությունների կայացման եւ ամրապնդման գործընթացում, կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի ուղղությամբ:
Վերջնականապես ճշգրտվել եւ համաձայնեցվել են ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող նպատակները եւ դրանց իրականացման եղանակները»: