Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է «ԻՐ» ԴԱՏԱՐԱՆԻ ՏԵՂԸ

Հունվար 19,2008 00:00

Սեփականությունը չեն ուզում ճանաչել

Հանրապետության նրբանցքի 8ա տան բնակիչ Վարյա Սաֆարյանը հունվարի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից ստացել է գրություն, որով տեղեկացվել է, որ իր քաղգործն ուղարկվել է մայրաքաղաքի վարչական դատարան: Գնացել է Կենտրոնի դատարան, որին տրամադրել էր փաստաթղթեր, գրել էր դիմում՝ իմանալու, թե որտեղ է գտնվում վարչական դատարանի շենքը կամ գոնե այդ դատարանի հեռախոսահամարը: Կենտրոնի դատարանում չի գտնվել մեկը, որը օգներ քաղաքացուն: Քաղաքացին այս պարզ հարցով ստիպված դիմել է արդարադատության նախարարին, խնդրելով նրան՝ օգնել վարչական դատարանի տեղը ճշտելու:

Խնդիրն առնչվում է ավելի քան մեկ դար առաջ՝ 1894-ից գոյություն ունեցող տան 78,8 քմ տարածքի տնօրինման եւ սեփականության վկայականում այն գրանցելու հարցի հետ: Պետությունը, հանձին Երեւանի քաղաքապետարանի, ասում է, որ այն իրեն է պատկանում, իսկ Սաֆարյանը հակառակն ապացուցելու համար զբաղված է արխիվային փաստաթղթեր գտնելով ու դատարան ներկայացնելով: Ըստ այդ արխիվային փաստաթղթի, վիճելի տարածքը պատկանել է Ալի Նազի Հասան, Յուսուֆ, Յաղուբ Օղլիներին: Վերջիններս այդ տարածքը բնակվելու ժամանակ օգտագործել են որպես տան ելումուտի ճանապարհ: Սակայն հետագայում այդ տունը 41 տարի առաջ ձեռք է բերվել Սաֆարյանների կողմից ու մինչ օրս ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեն սեփականության վկայականից «դուրս է թողել» առկա քառակուսի մետրը: Ինչպես Օղլիների տիրապետման ժամանակ, այնպես էլ Սաֆարյանների, ելումուտի ճանապարհը կամ տունը պետական սեփականություն չի հանդիսացել (հակառակ դեպքում պետությունը կհոգար այդ տարածքի համար՝ իր սեփականատիրոջ գործառույթներն այնտեղ բանեցնելով):

Ըստ հայցվորի, կադաստրը մինչ օրս չի կրում պետական պատասխանատվություն իր իսկ կողմից թույլ տված սխալի համար: «1998թ. սեփականության վկայականից չեն երեւում 78,8 քմ տարածքի նկատմամբ սեփականության իմ իրավունքի կադաստրային հիմքերը, որով խախտվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին գործող ՀՀ օրենքը»,- ասում է Վ. Սաֆարյանը:

Քաղաքացուն հակառակ, քաղաքապետարանն իր պաշտոնական գրությամբ պատասխանում է (տրվել է անցյալ տարվա նոյեմբերի 16-ին), թե վերոհիշյալ տարածքը երբեւէ չի պատկանել Սաֆարյանին, ավելին. «Տարածքի նկատմամբ իրավունքի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր կադաստրի մարմնին չեն ներկայացվել»: Այս պատասխանն ակնհայտորեն չի գոհացնում հայցվոր Վ. Սաֆարյանին, որի գնահատմամբ. «Քողարկվում է իրենց կողմից թույլ տված խախտումը, որը հնարավոր կդարձնի սեփականությունից զրկելու նպատակով նախատեսվող գործընթացները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել