Գյումրիի հարկային տեսչության պետը տեղեկատվություն չի տրամադրում
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ ամեն բան անելու են՝ Գյումրիի հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանին պաշտոնանկ անելու համար: Ըստ նրա, Զիլֆիմյանը քաղաքի «ամենաանբարեխիղճ պաշտոնյաներից է»:
«Ասպարեզի» նախագահի հավաստմամբ, այդ պաշտոնյան արհամարհում է բոլոր օրենքները՝ այդ թվում եւ տեղեկատվության ազատության մասին օրենքը, հրաժարվելով պատասխանել իր հարցերին: Լ. Բարսեղյանը հարկայինից հետաքրքրվել էր, թե անցած տարի Գյումրիի հարկային պետական տեսչությունը ինչ ծախսեր է կատարել, ծառայողական մեքենաների համար որքան բենզին է գնվել, որքան գումար է ծախսել տեխնիկական սպասարկման համար եւ այլն: Բարսեղյանը հարկայինից հարցում էր արել նաեւ հարկայինում հաշվառված իրավաբանական անձանց ցուցակի, քաղաքացիների ընդունելության կարգի, տեսչության աշխատակիցների հաստիքացուցակի, հեռախոսային համարների մասին: Ըստ Լ. Բարսեղյանի, իր պահանջած բոլոր տեղեկատվություններն էլ օրենքով հրապարակման ենթակա են: Սակայն, պարոն Բարսեղյանի խոսքերով, հարկայինի պետն իր հարցերին գրավոր պատասխանելու փոխարեն օրերս գրություն է ուղարկել «Ասպարեզ» ակումբ հ/կ նախագահ Նադեժդա Հակոբյանին եւ պահանջել կարճ ժամկետում պատասխանել ու ապացուցել, որ Լեւոն Բարսեղյանը իսկապես ակումբի խորհրդի նախագահն է: Երկու օր անց էլ հարկայինի պետը գրություն է ուղարկել հենց Լեւոն Բարսեղյանին՝ խորհուրդ տալով նրան իր հետաքրքրասիրությունը բավարարել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում:
Սրան ի պատասխան, Լ. Բարսեղյանն ասաց. «Զիլֆիմյան Մարտին պաշտոնյան ուղիղ հինգ օր ժամանակ ունի իմ հարցերին պատասխանելու, չպատասխանեց՝ դատարանում կհայտնեն: Կսկսենք նաեւ նրա իմպիչմենտի գործընթացը, նման պաշտոնյա ես չեմ ուզում պահել մեր քաղաքում մեր բոլոր գործարարների, քաղաքացիների, հեռուստաընկերությունների գլխին, նման պաշտոնյան իրավունք չունի պաշտոնավարել որպես հարկային տեսչության պետ, այսպիսի պաշտոնյաներ մեզ պետք չեն, նա պարտավոր է հաշվետու լինել հանրությանը: Իմացեք, որ խոսքի ազատության եւ «Գալա» հեռուստաընկերության պաշտպանության շտաբը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Մարտին Զիլֆիմյան պաշտոնյայի պաշտոնական գործունեության մասին, խնդրում եմ այդ ֆիլմը չշփոթել «Գալա» հեռուստաընկերության կողմից նկարահանվող ֆիլմի հետ, այն որակական ու բովանդակային այլ մակարդակի է լինելու, մենք ջանալու ենք ներկայացնել ամենայն մանրամասնությամբ, թե պաշտոնավարման ինչպիսի կենսագրություն է ունեցել մեր հարկայինի պետը: Եթե ես տեսնեի բարյացակամ վերաբերմունք, բարեխիղճ պատասխաններ իմ հարցումներին եւ, ի վերջո, նախկինում իր կենսագրությունը լիներ, իմ կարծիքով, անբիծ, այդ դեպքում մենք այդ ամենը չէինք նախաձեռնի»: