Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ԷՐԻՎԱՆՆ» ԸՆԴԴԵՄ ԿՈՇԻԿԻ ԽԱՆՈՒԹԻ

Հունվար 19,2008 00:00

\"\"Ռեստորանատերը չի հանդուրժում, որ իր լուսամուտը փակելու են

Արդեն մի քանի տարի է, ինչ մայրաքաղաքի «Հին Էրիվան» ռեստորանի եւ «Վան» ատամնաբուժական կենտրոնի միջեւ՝ Թումանյան 23ա հասցեում գտնվող կառույցը, որը կոշիկի սրահ է, խանութի եւ ռեստորանի տերերի միջեւ կռվի առարկա է դարձել:

Օրերս «Առավոտին» էր դիմել կոշիկի խանութի տերը՝ Վաչագան Հովսեփյանը, դժգոհելով, որ «Հին Էրիվանի» տերը՝ Մանվել Տեր-Առաքելյանը, հայհոյում ու ահաբեկում է իրեն: Ըստ Վ. Հովսեփյանի, իր եւ Մ. Տեր-Առաքելյանի միջեւ տարաձայնություններն առաջացել են այն ժամանակ, երբ վերջինս տարբեր մարդկանց միջոցով փորձում էր իրեն հորդորել, որ կոշիկի խանութը վաճառի: Վ. Հովսեփյանի ներկայացմամբ, ինքը հրաժարվել է խանութի վաճառքից՝ պատճառաբանելով, որ այն իր համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ այն ժառանգել է հորից: Ի պատասխան դրան, Մ. Տեր-Առաքելյանը պատասխանել է, որ եթե վերջինս համաձայնի տարածքն իրեն վաճառել, ապա ինքն էլ, ի նշան երախտագիտության, շենքի մուտքի մոտ նրա հոր անունով ցուցանակ կփակցնի: Վ. Հովսեփյանի պատմելով՝ իրենց հարաբերությունները սրվել ու ծայրահեղ լարված դրության են հասել այն ժամանակ, երբ իրեն Երեւանի քաղաքապետարանի կողմից թույլատրվել է խանութի հարկերն ավելացնել: Ըստ Վ. Հովսեփյանի, երբ ինքը սկսել է շինարարությունը, ռեստորանի տերն ամեն կերպ փորձել է խոչընդոտել աշխատանքներին: Նրա խոսքերով. «Մանվելը ահաբեկել է իմ կառույցում աշխատող բանվորներին, անգամ կոտրած շիշը ձեռքին սպառնացել է մի բանվորի, որն էլ վախեցած նման պահվածքից՝ իր կատարած աշխատանքը քանդել ու հեռացել է»: Վ. Հովսեփյանի հավաստմամբ՝ Մ. Տեր-Առաքելյանը այդքանով չի բավարարվել եւ կոշիկի խանութին նայող պատի կողմից անօրինական լուսամուտ է բացել՝ որպեսզի արհեստականորեն խոչընդոտի իր շինարարությանը: Բացի այդ, Վ. Հովսեփյանը բողոքում էր, որ «Հին Էրիվան» ռեստորանի օդափոխության ու ջրահեռացման խողովակները անցկացվել են իր տարածքով, որոնցից թափված ջուրը բազմաթիվ անգամ վնասել է իր կառույցը: Վ. Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում պնդում էր նաեւ, որ 9 հարկանի ռեստորանային համալիրի միայն 4 հարկերն են կառուցված օրինական, ինչը նա հիմնավորում էր նրանով, որ կադաստրի կողմից տրված տեղեկանքում գրանցված են միայն ռեստորանի հենց 4 հարկերը: Բացի այդ, ըստ Վ. Հովսեփյանի, «Հին Էրիվանի» տերը խուսափել է հարկային պարտավորություններից եւ չի մուծել անգամ սոցիալական ապահովության վճարները: Այս առնչությամբ «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ դրանք «իմ բարի համբավը վարկաբեկող զրպարտանքներ են»:

Մ. Տեր-Առաքելյանի ներկայացմամբ էլ, Վ. Հովսեփյանի կատարած շինարարական սխալների պատճառով իր ռեստորանն է «հազարավոր դոլարների վնաս կրել»: Նրա խոսքերով. «Ճարտարապետական նախագծերով, ռեստորանի եւ կոշիկի խանութի միջեւ 7-ից մինչեւ 40 սմ հակասեյսմիկ կարանի տեղ է նախատեսված, այսինքն՝ իր կառույցի շինարարական աշխատանքները կատարելիս՝ նա չպետք է մեր շենքին կպներ: Բայց քանի որ նա շինարարական նորմերը չի պահպանել, վնասել է ռեստորանի շենքը՝ պատճառելով կոնստրուկտիվ եւ ճարտարապետական վնասներ: Նրա կողմից ինձ պատճառված վնասները 50-60 միլիոն դրամից ավելի են գնահատված: Շենքին պատճառված վնասների հետեւանքով՝ միայն տարեկան 8 անգամ սանհանգույցներ ենք վերանորոգում»:

Իսկ թե ինչու վիճահարույց պատուհանը նախատեսված չէ ճարտարապետական նախագծերում, Մ. Տեր-Առաքելյանը պարզաբանեց. «Դա իմ ճարտարապետի եւ մեր թերությունն է: Բայց շենքի տեխնիկական նախագծերում այդ պատուհանը նշված է, եւ ես դրա օրինականությունը կհաստատեմ դատական կարգով»:

Մ. Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր կոնֆլիկտը Վ. Հովսեփյանի հետ միայն եղել է այն, որ նրան խնդրել է բացել շենքերի միջեւ նախատեսված կարանը: Ինչ վերաբերում է իր կողմից հարկային պարտավորությունների չկատարելուն, պարոն Տեր-Առաքելյանը մեզ ներկայացրեց հարկային ու սոցիալական ապահովագրության վճարների փաստաթղթերն ու նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից հաստատված ռեստորանային համալիրի վերնահարկերի վերակառուցման նախագիծը: Իսկ թե ինչու այդ նախագծով նախատեսված ավելացված հարկերը կադաստրում գրանցված չեն, Մ. Տեր-Առաքելյանը մեկնաբանեց, որ շինարարական աշխատանքները դեռեւս լիովին ավարտված չեն, իսկ կադաստրում գրանցվում են միայն ավարտված շինությունները:

Մեզ հետ զրույցում Վաչագան Հովսեփյանը հաստատեց, որ իր եւ ռեստորանի շենքի միջեւ իսկապես որոշակի ազատ տարածություն է նախատեսված եղել, ինչը շինարարների կողմից տեղի ունեցած սխալմունքի հետեւանքով խախտվել է: Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքնակամ կքանդի այդ տարածքը եւ կբացի հակասեյսմիկ կարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել