Լրահոս
Օրվա լրահոսը

Ցրտին բանկոմատներն էլ չեն դիմանում

Հունվար 19,2008 00:00

Շատ բանկոմատներ քարտեր են կուլ տալիս, բաժանորդի հրամանները չեն հասկանում, սխալ գործողություններ են կատարում:

Այս օրերին մեր երկրի եղանակային ցուրտ պայմանները բացասաբար են ազդել ոչ միայն մարդկանց, ջրի եւ կոյուղու խողովակների, ճանապարհների, այլեւ՝ մայրաքաղաքի մի շարք բանկոմատների վրա: Մինչեւ 25 աստիճան հասնող ցուրտը կաթվածահար է արել տասնյակ բանկոմատներ, ու մարդիկ, արդեն քանի օր է, դժվարությամբ են կարողանում իրենց քարտային հաշիվներից բանկոմատի միջոցով գումար հանել կամ որեւէ այլ գործարք կատարել: Քարտը մտցնելն ու այն կուլ գնալը մեկ է լինում: Սովորաբար բանկոմատները քարտն առգրավում են, երբ մարդը մի քանի անգամ սխալ է հավաքում PIN կոդը կամ ինչ-որ սխալ գործողություն է կատարում: Դա կատարվում է՝ քարտային հաշվի անվտանգությունից ելնելով, որովհետեւ կարող է քարտը կորել է, եւ այն գտնողը փորձում է պատահական թվերի միջոցով ուրիշի հաշվից գումար հանել: Սակայն վերջին մի քանի օրերին շատ բանկոմատներ քարտերը կուլ են տալիս՝ անկախ կատարվող գործողություններից: Որոշ բանկեր իրենց բանկոմատների վրա ցուցանակ են տեղադրել՝ բաժանորդներին զգուշացնելով, որ ավելի լավ է հաշվից գումար հանելու համար դիմել բանկի դրամարկղ, որովհետեւ ցրտի պատճառով բանկոմատը միառժամանակ չի աշխատում: Նշենք, որ Հայաստանում տաք եղանակներին էլ բանկոմատից օգտվել չի լինում. բավական է մի փոքր անձրեւ գա, եւ բանկոմատը օգտվողներին հոսանքահարում է:

Իհարկե, բանկերից չէին ընդունում, որ իրենց բանկոմատներն այդքան «խեղճանում» են Հայաստանի բնակլիմայական պայմաններում: «HSBC» բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի մասնագետ Ռուզաննա Մարտիրոսյանի հավաստմամբ՝ իրենց բանկոմատները ապահովագրված են եւ ոչ մի պայմաններում չեն կարող սառչել, քանի որ մեքենաների մեջ հատուկ ջեռուցման սարք է տեղադրված. «Բանկոմատը քարտը կարող է կուլ տալ մի քանի դեպքում. երբ հաճախորդը 3 անգամ սխալ ծածկագիր է հավաքում, բանկի հետ պարտքեր կամ չվճարած տոկոսներ ունի եւ եթե սխալ ստեղներ է սեղմում կամ միանգամից մի քանի ստեղն է պատահաբար սեղմում»: Ռ. Մարտիրոսյանը չբացառեց նաեւ, որ մեքենայի անսարքությունն էլ կարող է պատճառ լինել գործարքը չկայանալու համար, ասենք՝ հոսանքը տատանվի կամ համակարգի հետ կապն ընդհատվի: Նման դեպքերում հաճախորդի քարտը բանկը վերականգնում է անվճար:

«Հայբիզնեսբանկը», անկախ նրանից՝ իրենց բանկոմա՞տն է մեղավոր, թե՞ հաճախորդը, քարտը կուլ գնալու դեպքում հաճախորդից գանձում է տուգանք: Իսկ թե հիմնականում ինչի՞ համար է բանկոմատը քարտը կուլ տալիս՝ բանկի պլաստիկ քարտերի բաժնի պետ Կարեն Խաչատրյանը պատասխանեց. «Սխալ ծածկագիր մուտքագրելու»: Թեեւ այս բանկի բանկոմատներն էլ ջեռուցման սարքեր ունեն, սակայն Կ. Խաչատրյանն ասաց, որ, անշուշտ, ցուրտը կարող է սարքի աշխատանքը խափանել. «Եթե մեքենան հոսանքազրկվի ու մի ժամ դրսում առանց ջեռուցման մնա՝ կփչանա, բա ի՞նչ կլինի»:

Մեզ հետ զրույցում «Առէկսիմբանկից» վստահեցրին, որ իրենց բանկոմատները ջեռուցման համակարգ ունեն եւ մինչ օրս սառչելու դեպք չի եղել: Բանկից տեղեկացրին, որ հաճախորդը պետք է գործարքն անելուց հետո հասցնի ճիշտ ժամանակահատվածում հետ վերցնել քարտը, հակառակ դեպքում այն կուլ կգնա: Բանկից չհերքեցին, որ հնարավոր է քարտն անորակ լինի կամ բանկոմատի մեխանիզմի հետ մի բան այն չլինի ու քարտը կուլ գնա: Նման դեպքերում այս բանկը նույնպես քարտը վերականգնում է անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել